Հիշում են միայն Փաշինյանի ոտքը

28/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը:

Նախատեսված էր 3 վկայի հարցաքննություն, սակայն նիստին ներկայացել էին երկուսը` Վազգեն Սերոբյանը եւ Կարեն Գրիգորյանը, որոնք պատմում էին, թե ինչպես են «պատահաբար տեսել 2007թ.-ի հոկտեմբերի 23-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանին ոտքով հարվածելը»: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քր. օր 225 հոդվածով` 2008թ. մարտի 1-ի դեպքերի առիթով եւ 316 հոդվածով` 2007թ. հոկտեմբերի 23-ին իրազեկման թռուցիկներ բաժանելիս «ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու հետ կապված»: Հարցաքննվող առաջին վկան փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերից հետո շփոթվում էր ու իրար հակասող ցուցմունքներ էր տալիս: Սկզբում նա ասաց, թե երթեւեկությունը Կորյուն փողոցի վրա` Աբովյան փողոցի խաչմերուկին մոտ, խափանված էր, մեքենաները կանգնած էին, քանի որ մոտ 100-150 ցուցարարներ 5-7 մետր «խորացել էին փողոցի երթեւեկելի հատվածում»: Հետո ասաց, թե տեսել է` ինչպես են ցուցարարները կանգնեցրել երթուղային տաքսին, բացել դուռը, թռուցիկներ բաժանել, որից հետո երթուղային տաքսին «անցել-գնացել է»: Լ. Սահակյանի հստակեցնող հարցերից հետո նա ասաց, թե անձամբ թռուցիկներ չի տեսել եւ այդ պահին ուրիշներից լսել է, որ ցուցարարները թռուցիկներ են բաժանում` կանգնեցնելով մեքենաները: Նա նաեւ ասաց, թե տեսել է, որ Նիկոլ Փաշինյանը «ոտքով հարվածել է ոստիկաններից մեկին»: Սակայն այդպես էլ չհստակեցրեց, թե ոստիկանի մարմնի հատկապես որ մասին է Փաշինյանը ոտքով հարվածել: Երկրորդ վկան նույնպես միայն հիշում էր, որ Փաշինյանը ոտքով հարվածել է, բայց հարցերին, թե Փաշինյանը որ ոտքով կամ ոստիկանի որ մասին է հարվածել, պատասխանում էր` «չեմ հիշում»: Նա չէր հիշում նաեւ, թե Փաշինյանն ինչ հագուստով է եղել այդ օրը: Երկրորդ վկան եւս նշեց, որ ինքը պատահական անցորդ էր ու մարդկանց բազմություն տեսնելուց ու գոռգոռոցներ լսելուց հետո բարձրացել էր «Լիություն» խանութի դիմացի անցումի պատի վրա` տեսնելու համար, թե ինչ է կատարվում Կորյուն փողոցի «լահմաջոյանոցի» մոտ: Երկու վկաներն էլ չէին կարողանում հիշել նույնիսկ Փաշինյանի ձեռքի բարձրախոսի գույնը, մինչդեռ անընդհատ ասում էին, թե Փաշինյանի ձեռքին բարձրախոս կար, եւ նա դրանով կոչեր էր անում: «Նիկոլն ասում էր՝ առաջ` հետ քայլ չկա»,- հիշեց վկա Վ. Սերոբյանը: Մյուս վկան` Կ. Գրիգորյանը, աչքի էր ընկնում իր ագրեսիվ պահվածքով: «Նույն հարցն եք տալիս, չեմ պատասխանի, ընենց հարցեր են տալիս, որ մարդուն շարքից հանեն»,- դժգոհում էր նա: Բանը հասավ նրան, որ նույնիսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վկային բացատրեց, որ եթե դատավորը փաստաբանի հարցը չի հանում, վկան պարտավոր է պատասխանել, եւ որ պետք չէ «հավասարակշռությունից դուրս գալ»: Այս վկան ասաց, թե Ն. Փաշինյանի հետ առերեսման ժամանակ «հարցաքննությունը չստացվեց, որովհետեւ Փաշինյանը գոռում էր՝ պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Կ. Գրիգորյանը ասում էր նաեւ, թե կարծում է, որ առերեսման` չկայանալու վերաբերյալ արձանագրություն կազմվել է, բայց ինքը չի իմացել, թե այդ օրն ինչ փաստաթղթի տակ է ստորագրել: Հարցաքննված 2 վկաները իրար հակասում էին նաեւ դեպքի վայրում եղած ոստիկանների վերաբերյալ իրենց տված ցուցմունքներում: Եթե առաջին վկան ասաց, թե բոլոր ոստիկանները միատեսակ համազգեստ էին կրում եւ բոլորն էլ գլխարկներով էին, ապա երկրորդ վկան հայտարարեց, թե երկու տարբեր տեսակի համազգեստ կրող ոստիկաններ էին հավաքվել, եւ որ այն ոստիկանը, որին Փաշինյանը հարվածել է, գլխարկով չէր: Երկու վկաներն էլ նշեցին, որ դեպքի վայրում հայհոյանքներ են լսել: «Ո՞վ էր հայհոյում» հարցին Վ. Սերոբյանը պատասխանեց, թե հայհոյում էին ցուցարարները: «Ոստիկանները չէին հայհոյում, ցուցարարներն էին հայհոյում»,- ասաց նա: «Այսինքն, դուք հայհոյողի ձայնից տարբերո՞ւմ էիք, թե ովքեր են սովորական մարդիկ, իսկ ովքեր՝ ոստիկաններ»,- հարցրեց Նիլոլ Փաշինյանի փաստաբանը: «Պետությանն էին հայհոյում»,- պատասխանեց վկան` չմանրամասնելով, թե ինչ ասել է՝ պետությանը հայհոյել: Կ. Գրիգորյանն էլ ասաց, թե ինքը չի կարող հիշել` ովքեր էին հայհոյում, եւ դա ում էր ուղղված:

ՀԱԿ-ի ղեկավարներից Փաշինյանի դատական նիստին երեկ ներկա էին Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ինչպես նախորդ դատավարության ժամանակ, այնպես էլ երեկ դատարանի դիմաց հավաքվել էին ցուցարարներ: Նրանք վանկարկում էին՝ «Ազատություն Նիկոլին», եւ երգում էին ազատագրական երգեր: Նախորդ դատական նիստից հետո Ոստիկանություն տարված թմբուկ զարկող երիտասարդները` Սարգիս Խաչատրյանը եւ Սարգիս Գեւորգյանը, երեկ կրկին դատարանի բակում էին` կրկին թմբուկով: Դատարանի բակում էր նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչ Աստղիկ Աղեկյանը, որ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո երկու օր առաջ տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: