ԱԺ պատգամավորներից մեկը՝ լսելով, թե ինչպես են քաղաքական ուժերը
քննադատում Վենետիկի հանձնաժողովից ստացված ցանկացած եզրակացություն, մի
առիթով նկատեց, թե՝ հետաքրքիր է Հայաստանի պատվիրակության կազմում, որն
աշխատում է համապատասխան կառույցների հետ, քանի՞սն են տիրապետում
անգլերենին, քանի որ ԵԽ ԽՎ նիստերն ընթանում են այդ լեզվով, ու համարժեք
եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է, որ հայ պատվիրակներն իրենց
առաջարկությունների ու դժգոհությունների մասին արտահայտվեն հենց նիստերի
ընթացքում ու հենց անգլերենով, ոչ թե գան Հայաստան ու սկսեն դժգոհել՝
հայերենով:
Սակայն՝ թերթելով «Մեդիամաքս» լրատվական գործակալության վերջերս
հրատարակած «Ով ով է Հայաստանում 2005» գիրքը, զարմանալիորեն տեղեկացանք,
որ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքական այրերը տիրապետում են մի քանի
լեզուների, իսկ անգլերենը նրանց համար հայերենին համարժեք լեզու է ու
ամենեւին էլ օտար չէ: Օրինակ, այդ գրքից մեզ հաջողվեց տեղեկանալ, որ ՀՀ
տարածքային ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ
Աբրահամյանը, որը իրականացնում է նաեւ եվրահանրությանն ինտեգրվելու
միջոցառումները, տիրապետում է ռուսերեն, գերմաներեն եւ անգլերեն
լեզուներին: Այսինքն՝ նա կարող է ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած
երկրում հանդես գալ հօգուտ մեր ինտեգրման: Կարելի է ասել ամեն ինչ՝ լեզվի
առումով, «ok» է նաեւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մոտ. Ռոբերտ
Քոչարյանը, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ՀՀ նախագահի
աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Ավետ Ադոնցը, ՀՌԱՀ նախագահ
Գրիգոր Ամալյանը, ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը,
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, Կենտրոն համայնքի
թաղապետ Գագիկ Բեգլարյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ
Մանուկյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Գուրգեն Արսենյանը,
Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Թումանյանը, Շավարշ Քոչարյանը (այս շարքը
կարելի է անվերջ շարունակել) տիրապետում են ռուսերենին ու անգլերենին:
Սակայն սրանով չեն զարմացնի Արշակ Սադոյանին, քանի որ նա նույնպես գիտի
այդ երկու լեզուները: Իսկ Մանուկ Գասպարյանի մոտ լավ են ստացվում
ռուսերենն ու ֆրանսերենը, ու եթե վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ֆրանսերենի
իմացությունը «բառարանային» է (այդպես է նշված գրքում), ապա Մ. Գասպարյանն
այն վարժ գիտի եւ խոսում է առանց բառարանի օգնության: Լեզուների
իմացությամբ քաղաքական գործիչներից հետ չեն մնում նաեւ գործարարները:
Օրինակ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը տիրապետում է
ռուսերեն, անգլերեն եւ մասնակի խոսակցական ադրբեջաներեն լեզուներին,
«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, «Սիլ» կոնցեռնի նախագահ
Խաչատուր Սուքիասյանն ու «Մաքս գրուպ» ընկերության նախագահ Հարություն
Փամբուկյանը՝ ռուսերենին ու անգլերենին:
Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեն քաղաքական գործիչներն ու գործարարները։
Պատգամավորներից մեկն, օրինակ, նկատեց, որ այս գիրքը իրեն կարող է օգտակար
լինել այս կամ այն պատգամավորի, նախարարի կամ գործարարի համար նվեր
ընտրելիս կամ նրան ժամադրելիս: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը սիրում է
բասկետբոլ, լող եւ ջազ: Այսինքն՝ առիթների դեպքում նրան կարող են նվիրել
իր նախընտրած սպորտաձեւերից որեւէ մեկին համապատասխան իր, իսկ
հանդիպումների համար՝ հրավիրել այնպիսի վայրեր, որտեղ հիմնականում ջազ է
հնչում: Նշենք, որ Հայաստանի պաշտոնյաներն ու գործարարները հիմնականում
սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի, սիրահար են: Մաքսային կոմիտեի նախագահ Ա.
Ավետիսյանը նախընտրում է էքստրեմալ մարզաձեւերը (ինչը, մեր կարծիքով,
միանգամայն համապատասխանում է նրա մասնագիտությանը), իսկ ահա Սերժ
Սարգսյանը, Վ. Այվազյանը, ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար
Վահրամ Բարսեղյանը, Գ. Բեգլարյանը, Գալուստ Սահակյանը, գործարար Սամվել
Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը կոնկրետ սպորտաձեւ չեն նշել, սիրում են
ամեն ինչ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը նաեւ որսի սիրահար
են, իսկ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը բացի որսից այլ նախասիրություն
չունի: Շախմատն իրենց նախասիրությունն են համարում Տիգրան Թորոսյանը, ԼՂՀ
վարչապետ Անուշավան Դանիելյանն ու Միխայիլ Բաղդասարովը, իսկ Անդրանիկ
Մարգարյանը սիրում է ընթերցանություն, որս եւ նամականիշեր է հավաքում:
Մանուկ Գասպարյանը սիրում է ֆուտբոլ, բոքս եւ սեղանի թենիս, իսկ Վիկտոր
Դալլաքյանը՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, լող, արվեստ եւ ընթերցանություն:
Առանձնահատուկ էր առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի
նախասիրությունը. նա սիրում է զինվորների արձանիկներ հավաքել, եւ սա,
թերեւս, նրա մոտ մանկուց է, քանի որ նա բանակում չի ծառայել: Պարույր
Հայրիկյանի նախասիրությունն էլ «առողջ ապրելակերպի որոնումներն» են, իսկ
Ազգային վիճծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը սիրում է «նվազեցնել
անորոշության դաշտերը, իրականացնել համակարգային ամփոփումներ եւ խտացնել
ժամանակը»: ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նախասիրությունները բազմաթիվ
են՝ հայկական պոեզիայից մինչեւ տեխնիկա, Արշակ Սադոյանը սիրում է զարդեր
պատրաստել, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ֆուտբոլին հավասար սիրում է
մշտապես ընթերցել Թումանյանի ստեղծագործությունները:
Իսկ ի տարբերություն քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի, որը
սիրում է սպորտն ու որսը, շինարարությունն իր նախասիրությունն է համարում
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ «Վալեքս» խմբի
կազմակերպությունների նախագահ Վալերի Մեջլումյանը սիրում է «գեղեցիկ
շենքեր կառուցել գեղեցիկ վայրերում»:
Ի դեպ, ինչպես նկատեցիք, որեւէ պաշտոնյա իր նախասիրությունների ցանկում չի
ընդգրկել այն ոլորտը, որն այսօր ղեկավարում է: Չնայած, եթե այս
տրամաբանությանը հետեւենք, ապա այսօր բոլորը, սկսած Ռոբերտ Քոչարյանից,
պետք է հնարավորինս հեռու մնային քաղաքականությունից: