Իսկ հարցրե՞լ եք 3 մլն-ի կարծիքը

28/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների անցած շաբաթ կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանները բռնություն էին գործադրել ցուցարարների, այդ թվում` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոտանջյանի նկատմամբ, պատռել էին ակցիայի մասնակիցների պարզած պաստառները:

Ի դեպ, ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարության առթիվ, թե ինքը պատասխանատվություն է կրում միայն 3 մլն հայության համար: Նախկինում ոստիկանները նույնկերպ վարվել են նաեւ ի պաշտպանություն Թեղուտի անտառների կազմակերպված միջոցառման ժամանակ: Ինչո՞ւ են ոստիկանները դիմում նման քայլերի: Այս հարցը երեկ Զ. Փոստանջյանն անձամբ ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: «Որ ասում եք` երեք միլիոնի համար եք պատասխանատու, ես ուզում էի այդ ակցիայով ասել, որ Աղդամն էլ է իմ հայրենիքը, որ կառավարությունը պետք է բոլոր հայերի համար պատասխանատվություն կրի: Ո՞ր մի պաշտոնյան է հրաման տվել, որ մեզ վրա հարձակվեն, ե՞րբ են այդ անձինք պատասխանատվություն կրելու»,- իր հարցը նման ենթահարցերով ներկայացրեց Զ. Փոստանջյանը: «Երկխոսության համար ճիշտ բառակապակցություններ չեք օգտագործում, ի սկզբանե Ձեր հարցադրումներով փորձում եք ստեղծել կոնֆրոնտացիոն ագրեսիվ մթնոլորտ, որի արդյունքում շատ դժվար է գալ ընդհանրական եզրահանգումների, համենայնդեպս` այնպիսի եզրահանգումների, որոնք Ձեզ համար ընդունելի կլինեն: Այն արտահայտությունները, վիրավորական, որ դուք կիրառում եք, անընդունելի է մեր խորհրդարանի համար եւ Ձեզ էլ վայել չէ»,- իր երկարաշունչ պատասխանն այսպես սկսեց Տ. Սարգսյանը: Նա նշեց, որ Արդարադատության նախարարությունում ուսումնասիրում են մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած այդ միջադեպը, երբ ոստիկանները հարձակվել էին ցուցարարների վրա ու պատռել պաստառները: «Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն, եւ ընթացք կտրվի այդ միջադեպին եւ իրավական հարթության մեջ այդ խնդիրը կլուծվի»,- ասաց վարչապետը: «Ես չեմ հասկանում, թե ինչ նպատակ եք հետապնդում` մեղադրելով ինձ այն բանի համար, որ ես իմ հեռուստաելույթում հիշատակել եմ այն երեք միլիոն քաղաքացիներին, որոնք մասնակցում են մեր ընտրություններին, եւ մեր նախընտրական ծրագրերում այդ մարդկանց ձայներն ենք ուզում ստանալ: Պետք չէ աղավաղել իմ ասածները, նամանավանդ, որ կարող եմ հիշատակել հայկական աշխարհի գաղափարախոսությունը, որ մենք ձեռնամուխ ենք եղել ստեղծել»,- արդարացավ Տ. Սարգսյանը` հավելելով, որ հայկական աշխարհի այդ գաղափարով իրենք դուրս են գալիս ՀՀ սահմաններից: Այս պատասխանները պատգամավոր Զ. Փոստանջյանին չբավարարեցին, ու նա վրդովված ասաց` «Ես կարծում եմ, որ մենք 10 մլն ենք, եւ պետք չէ ասել՝ 3 մլն»: Նա նաեւ վարչապետին տեղեկացրեց, որ այսօր եւս նմանատիպ ցույց է կազմակերպելու կառավարության շենքի դիմաց, եւ պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Լարիսա Ալավերդյանի հետ հենց ԱԺ Նիստերի դահլիճում ցուցադրեց ոստիկանների կողմից պատառոտած պաստառները` պահանջելով, որ ապահովվի իրենց անվտանգությունն, ու ոստիկանները չհարձակվեն իրենց վրա: «Ես կխնդրեի, որ մի փոքր հանգստանաք, որպեսզի իմ արտահայտած մտքերը չաղավաղեք երկրորդ անգամ»,- արձագանքեց Տ. Սարգսյանը: Սակայն նրա ասած՝ «պատասխանատու ենք միայն 3 միլիոնի առաջ» արտահայտությունը հարց տալիս կրկնեց նաեւ դաշնակցական Արտյուշա Շահբազյանը` հայտարարելով, որ այդ արտահայտությունը «հուզում է առաջացրել հանրության մեջ»: «Սա համընկավ նրա հետ, որ 10 միլիոնանոց հայոց աշխարհը դեմ արտահայտվեց արձանագրություններին: Ու նաեւ համընկավ թուրքական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է ձերբազատվի սփյուռքից, սփյուռքի խորհուրդներից: Չեք կարծում, որ համարժեք չենք պատասխանում»,- հարցրեց Ա. Շահբազյանը` հավելելով, որ «անընդունելի է 90-ականների սկզբի իշխանությունների կողմից առաջ քաշված այն գաղափարը, թե Հայաստանն ու սփյուռքը տարբեր շահեր ունեն»: Տ. Սարգսյանը այս հարցին պատասխանելիս ասաց, թե հայկական աշխարհի տարբեր մասերի (Հայաստան, Ջավախք, Սփյուռք, ԼՂ) շահերը կարող են լինել տարբեր, եւ դրանից «վախենալ պետք չէ»: «Անբնական կլիներ, եթե հայկական աշխարհում գործող բոլոր սուբյեկտների շահերը լինեն միասնական: Ուղղակի մենք պետք է գտնենք այդ շահերի բախման բանաձեւերը այնպես, որ հայկական աշխարհը արդյունքում շահի: Եվ այս առումով համաձայն չեմ, թե սփյուռքը միահամուռ դեմ է արձանագրություններին»,- նշեց նա` հավելելով, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սփյուռքի «միայն մի փոքրիկ, քաղաքականացված» հատվածն է դեմ արձանագրություններին: «Որովհետեւ իրենց պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների մասով չեն համընկնում Հայաստանի Հանրապետության պատկերացումների հետ, եւ դա բնական է: Հայկական աշխարհը հզոր է այդ բազմազանությամբ: Եվ հայկական աշխարհի շարժիչ ուժը ՀՀ-ն է: Եվ ես որպես վարչապետ՝ միայն այդ երեք միլիոնի առջեւ պատասխանատու չեմ: Որպես այդ հայկական աշխարհում լիազորություններ ունեցող անձ՝ պատասխանատու եմ նաեւ 10 միլիոնի առջեւ: Խնդրում եմ` իմ արտահայտությունը կոնտեքստից դուրս չմեկնաբանվի` նամանավանդ կապելով արձանագրությունների հետ»,- ասաց Տ. Սարգսյանը: