«2007թ. սկսած մասնագիտական գործունեությունը իրականացնելիս առնվազն 20 լրագրող է սպանվել: Միտումնավոր սպանությունների եւ հարձակումների մեծ մասը տեղի են ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Բելառուսում»,- ըստ «Ա1+»-ի՝ այդ մասին ասվում է BBC-ի ավագ լրագրող Վիլյամ Հորսլեի զեկույցում, որը կազմում է ԵԽ ԽՎ-ի լրատվամիջոցների անկախության վերաբերյալ զեկույցի մի մասը: Զեկույցում անդրադարձ կա առանձին-առանձին բոլոր երկրներին: Հայաստանին վերաբերող հատվածում մասնավորապես ասվում է. «Լրագրողների նկատմամբ բռնությունները եւ ուղղակի վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա ակտիվացան 2008թ. Նախագահի ընտրությունների ժամանակ: Մի քանի լրագրողներ, ներառյալ՝ լուսանկարիչ Գագիկ Շամշյանը, վնասվել են ոստիկանական հարձակումներից` ընտրություններից հետո բողոքի ակցիաների ժամանակ: CPJ-ն հաղորդել է, որ լրագրող Լուսինեն Բարսեղյանը հարձակման է ենթարկվել Երեւանի ընտրական տեղամասերից մեկում: Երեքշաբաթյա արտակարգ դրության օրերին անկախ լրատվությունն արգելված էր»: BBC-ի ավագ լրագրողի զեկույցում նաեւ նշվում է, որ հարձակումների են ենթարկվել նաեւ «Ազատություն» ռ/կ-ի աշխատակից Հրաչ Մելքումյանը եւ «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Զեկույցը հիշեցնում է նաեւ 2009թ. ապրիլի 30-ին Armenia Today-ի խմբագիր Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակումը: Վերջինս դաժանաբար ծեծվել էր երեք անհայտ անձանց կողմից: