Ըստ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո «անպայման կլինի օրենսդրական ակտերը վերանայելու անհրաժեշտություն»: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` դա պայմանավորելով այն հանգամանքով, որ «Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է սկսելու մի պետության հետ, որի օրենսդրությունը էապես տարբերվում է ՀՀ օրենսդրությունից»: «Եվ այդ ներքին օրենսդրությունը, երբ մենք ուսումնասիրում ենք, ամփոփում ենք, հասկանում ենք, որ կամա թե ակամա երկրի անվտանգության հարցադրումների, ընդհանրապես քաղաքացիների իրավունքների, ազատությունների համաչափ պաշտպանության տեսանկյունից հարկ կլինի, այո, օրենսդրությունը վերանայելու,- ասել է նա` մանրամասնելով,- Մեկ օրինակ ընդամենը բերեմ, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց գործող օրենսդրությամբ օտարերկրացիների իրավունքները: Թուրքիայում գործում է փոխադարձության սկզբունքը, ըստ որի, իրենք յուրաքանչյուր պետության օտարերկրացու իրենց տարածքում տալիս են իրավունքների եւ ազատությունների ճիշտ այնքան շրջանակ, որքան տվյալ պետությունը Թուրքիայի քաղաքացու համար է նախատեսում: Իրենք այդպիսի պայմանագրեր արդեն կնքել են 112 պետության հետ»: Բացի այդ, ըստ նրա, փոփոխություններ կլինեն նաեւ Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերում, ինչպես նաեւ Հողային օրենսգրքում, մասնավորապես` կխստացվի հողի ձեռքբերումը: «Եթե անվտանգության խնդիր ենք դնում, ապա պետք է ճիշտ, համարժեք ընկալենք այս հարաբերությունները եւ նկատենք, որ ոչ միայն սեփականության իրավունքի, այլ գույքային ցանկացած իրավունքի սահմանափակում միանշանակ փոխկապակցված է անվտանգության հետ»,- ասել է նա: «Պետք է ասել, որ անվտանգություն հասկացությունը միայն սահմանամերձ շրջանների հետ կապված չէ: Մենք նույնիսկ կարող ենք Հանրապետության կենտրոնում ունենալ մի այնպիսի տարածք, որը դարձյալ անվտանգության գոտի մեզ համար համարվի: Դա կարող է լինել Պաշտպանության նախարարության վարչական շենքը, Գլխավոր շտաբի վարչական շենքը եւ այլն՝ կարեւոր չէ: Բայց որ անվտանգության գոտիները միայն սահմանների հետ չեն կապվում, սա արդեն հանրաճանաչ մոտեցում է»,- ասել է նա: Հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է խստացնել հողերի ձեռքբերման գործընթացը, Դանիելյանը արձագանքել է. «Անխուսափելիորեն մենք դրան կգնանք»: Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին, ապա, ըստ Դանիելյանի, քրեական օրենսդրությունը երբեք չի զարգանա այն ուղղությամբ, որ Հայաստանը քրեորեն հետապնդի այլախոհությունը, ինչը արվում է Թուրքիայում: Անդրադառնալով այն պնդումներին, թե հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը իրականում հաստատում է Կարսի պայմանագիրը` Դանիելյանը դա անվանեց «իրավական անիրազեկության հետեւանք»: «Ուղղակի պետք է բացել եւ կարդալ Սահմանադրության 6-րդ հոդվածը եւ հասկանալ, որ մեր երկրում գործում են բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացվում են Ազգային ժողովի կողմից: Դուք իրավասու չեք մի պայմանագրով իրավական ուժ տալու մեկ այլ պայմանագրի»,- ասել է նա: