Բացահայտ մարտահրավեր

28/10/2009

«Միակ երկիրը, որը կարող է Ռուսաստանին մարտահրավեր նետել հարավ-կովկասյան տարածաշրջանում, Թուրքիան է, իսկ մինչեւ այսօր թուրքական ազդեցության դեմ Ռուսաստանի լավագույն երաշխիքը անկախ Հայաստանն էր, որը, անկասկած, Ռուսաստանի կամակատարն է»,- ամերիկյան հեղինակավոր «Stratfor» կենտրոնի պարբերականում նման կարծիք են արտահայտել վերլուծաբաններ Ջորջ Ֆրիդմանը եւ Փիթեր Զեյհանը` վերլուծելով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի` Արեւելյան Եվրոպա կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Ըստ հոդվածի հեղինակների, հենց Ռուսաստանն է Թուրքիային առաջարկել բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: «Թուրքերը դուրս են գալիս միջազգային հարաբերություններում 90 տարի տեւած կոմայից եւ չեն ցանկանում կորցնել Կովկասում իրենց դիրքերն ամրապնդելու հնարավորությունը»,- գրում են նրանք` կարծիք հայտնելով, որ Թուրքիայի հարաբերությունները նախկին դաշնակից Ադրբեջանի հետ բավական վատթարացել են: «Իրենց տարածաշրջանային հովանավորին կորցնելու վտանգից սարսափած ադրբեջանցիները թեքվել են ռուսների կողմը, որպեսզի հավասարակշռություն պահպանեն Հայաստանի հետ, այն դեպքում, երբ ռուսները նախկինի պես քաշքշում են հայկական ձգանները: Արդյունքում, Թուրքիայի դիրքերը Կովկասում ավելի թույլ են դարձել, քան մի քանի ամիս առաջ, եւ Ռուսաստանը նախկինի պես կարող է հեշտությամբ հակակշիռ դառնալ հայ-թուրքական ցանկացած մերձեցման համար»,- գրում է «Stratfor»-ը: Մինչդեռ Ռուսաստանը մեծ հաջողության է հասնում Եվրասիայում, ամերիկացիները պետք է անմիջապես փոխեն իրավիճակը: «Չնայած Բայդենի ձայնի ոգեւորվածությանը` այդ հուսահատությունն ակնհայտ էր նրա ելույթներում»,- գրում են հեղինակները` հիշեցնելով Բայդենի` Կենտրոնական Եվրոպայի երկրներին հասցեագրված ուղղակի կոչը, որում նա այս երկրներին առաջարկում էր նախկին ԽՍՀՄ երկրներին` հատկապես Բելառուսին, Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին եւ Հայաստանին, օգնել հեղափոխություն անցկացնել, որի միջով եվրոպական երկրներն անցել են 1989թ.: Դա, ըստ նրանց, «ամենաբացահայտ մարտահրավերն է, որն ամերիկացիները կարող էին նետել»: «Վաշինգտոնը ցանկանում է ռուսներին ստիպել իրենց ուշադրությունը կենտրոնացնել մերձակա շրջապատի վրա եւ մոռանալ Իրանի մասին: «Նարնջագույն հեղափոխության» հասցրած վնասները վերացնելու համար ռուսները բազում անքուն գիշերներ են անցկացրել, այնպես որ, պատկերացրեք, որքան ժամանակ կունենա Վաշինգտոնը, եթե նախկին խորհրդային կամակատարները սկսեն պղտորել Ռուսաստանի արեւմտյան եւ հարավային շրջագծի ջրերը»,- եզրափակում են հոդվածի հեղինակները: