Ճգնաժամ

28/10/2009

Ճգնաժամն` ընդդեմ «Մաքդոնալդսի»

Առաջիկա հանգստյան օրերին Իսլանդիայում ճգնաժամի հետեւանքով կփակվեն «Մաքդոնալդս» արագ սննդի ցանցի բոլոր կետերը։ Բանն այն է, որ «Մաքդոնալդսի» իսլանդական կետերի սեփականատերերը խոշոր վնասներ են կրում երկրի ազգային արժույթի՝ կրոնի արժեզրկման արդյունքում։ Մեկ «Բիգ Մակ»-ի գինը Իսլանդիայում 650 կրոն է (5.29 դոլար), սակայն եկամտաբերություն ապահովելու համար այն պետք է դառնա նվազագույնը 780 կրոն (6.36 դոլար)։ Իսկ այդ դեպքում իսլանդական «Մեքդոնալդսը» կդառնար աշխարհում ամենաթանկը։ Այժմ «Բիգ Մակն» ամենից թանկ գինն ունի Շվեյցարիայում եւ Նորվեգիայում՝ 5.75 դոլար։

Ի դեպ, «Բիգ Մակի» գինն այն հիմնական ցուցանիշն է՝ նույնանուն հայտնի ինդեքսի հաշվարկման համար, որով գնահատվում է տարբեր երկրների գնողունակության պարիտետը։ «Economist» ամսագիրը հաշվարկում է «Բիգ Մակ» ինդեքսը 1986 թվականից ի վեր։ Ամսագրի փորձագետները «Բիգ Մակը» որպես էտալոն են օգտագործում, քանի որ «Մաքդոնալդսը» տարածված է աշխարհի երկրների մեծ մասում, իսկ ինքը՝ համբուրգերը, բաղկացած է բավարար թվով պարենային կոմպոնենտներից։ Այսինքն՝ «Բիգ Մակը» ազգային տնտեսության ադեկվատ արտացոլումն է։

Նշենք նաեւ, որ այս տարվա հուլիսին անցկացվեց ազգային արժույթների թերարժեւորվածության (կամ գերարժեւորվածության) հերթական հետազոտությունը՝ ըստ այդ ինդեքսի։ Եվ եթե հավատանք «Բիգ Մակ» ինդեքսին, ապա ռուսական ռուբլին ամենաթերարժեւորվածներից մեկն է. այն պետք է արժենար 43%-ով ավելի թանկ, քան այժմ։

«Աշխատավարձի արքան» բարիացել է

Ամերիկյան «աշխատավարձի արքա» (Pay Czar) Քեննեթ Ֆայնբերգը, որն այդ պաշտոնին է նշանակվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից 2009-ի ամռանը, մեծացրել է թույլատրվող աշխատավարձի չափը։ Այժմ ԱՄՆ 7 խոշորագույն ընկերությունների ղեկավարները կարող են ստանալ միջինը 14%-ով ավելի վարձատրություն՝ տարեկան մինեւ 438 հազար դոլար։

Ինչպես գրում է «The Wall Street Journal»-ը, աշխատավարձի բարձրացումը վերաբերում է 89 թոփ-մենեջերների։ Ֆայնբերգի հսկողության տակ են երկրի 136 խոշորագույն ընկերությունների ղեկավարների եկամուտները։ Դրանց թվում են, օրինակ, «Bank of America», AIG, «Citigroup», «General Motors», «GMAC», «Chrysler» եւ «Chrysler Financial» ընկերությունները։ Դրանցից ոմանք խնդրել էին Ֆայնբերգին՝ թույլ տալ թոփ-մենեջերներին նշանակել մինչեւ 950 հազար դոլար աշխատավարձ։ Նման խնդրանքով դիմել էին, մասնավորապես, «Bank of America»-ն եւ AIG-ը։ Նրանք բոլորը մերժում էին ստացել Ֆայնբերգից, ով նշել էր, որ այս տարի թոփ-մենեջերների աշխատավարձը չի կարող գերազանցել 500 հազարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «աշխատարձի արքան» կրճատել էր ղեկավար աշխատողների եկամուտները։ Առաջին հերթին դա վերաբերում էր այն ընկերությունների բոնուսներին, որոնք պետությունից օգնություն են ստացել ճգնաժամին դիմակայելու համար։ Նման ընկերություններում բոնուսները նվազեցվեցին 90%-ով։ Բացի այդ, կրճատվել էին նաեւ ղեկավարների կորպորատիվ ծախսերը, օրինակ, ավիատրանսպորտի, ակումբների անդամակցության եւ նման բաների մասով։

Բարձր պարգեւատրումների դեմ պայքարն ԱՄՆ-ում սկսվել է 2009թ. սկզբից, երբ հայտնի դարձավ, որ AIG-ի ղեկավար անձնակազմը ինքն իրեն նշանակել է 200 միլիոն դոլարի բոնուսներ։ Հետագայում, իշխանությունների ճնշմամբ, նրանք վերադարձրին ստացած միջոցների մի մասը։ Իսկ փետրվարից ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել մի օրենք, որով լրացուցիչ 90%-անոց հարկ է դրվում պարգեւատրումների վրա։

Ռուս պաշտոնյաները «տնտեսելու» են

Ռուսաստանի Դաշնության հաջորդ տարվա պետական բյուջեն նախատեսում է Կառավարության, Պետդումայի եւ Դաշնային Խորհրդի ծախսերի էական կրճատում։ Կրճատվելու են նաեւ նախագահական իշխանության վրա կատարվող ծախսերը. այս տարվա 9.7 միլիարդ ռուբլու փոխարեն՝ հաջորդ տարի դրանք կկազմեն 6.7 միլիարդ։ Դաշնային, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների ծախսերը 3.8 միլիարդից կնվազեն 2.9 միլիարդի, իսկ կառավարության ծախսերը՝ 7.3 միլիարդից 7.2 միլիարդի։

Նախագահի աշխատակազմը հաջորդ տարի Ռուսաստանի հարկատուներին 1.5 միլիարդով պակաս կարժենա՝ 2.7 միլիարդ ռուբլի։ Մինչդեռ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ծախսերը կմնան նույնը՝ 106 միլիոն։

Այդուհանդերձ, ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը, հղում անելով ՌԴ Հաշվիչ պալատի տվյալներին, պնդում է, որ խնայողություն ասվածը այնքան էլ ճիշտ չէ։ Թերթը նշել է, որ խնայված միջոցները այսպես թե այնպես գնալու են չինովնիկական ապարատին։

Մասնավորապես, 2010թ. նախագահի աշխատակազմին կից ստեղծվելու է առանձին բյուջետային ստորաբաժանում՝ «Սպեցիալնի լյոտնի օտրյադ Ռոսիի», որին հատկացվելու է 1.8 միլիարդ ռուբլի։ Այսպիսով, նախագահական իշխանության դեպքում խոսքը գնում է ոչ թե 2.6 միլիարդ ռուբլու խնայողության մասին, այլ ընդամենը՝ 600 միլիոնի։

Նման «խնայողություններ» թերթը հայտնաբերել է նաեւ այլ հոդվածների գծով։ «Նեզավիսիմայա գազետան» նշել է նաեւ, որ չնայած Պետդուման նախատեսել էր սեփական ապարատի ծախսերը կրճատել 125 միլիոնով, սակայն փոխարենը ավելացրել է պատգամավորներին եւ նրանց օգնականներին հատկացվող միջոցները 130 միլիոնով։

Նոր ֆինանսական ճգնաժա՞մ

Աշխարհի ներդրողների կողմից միլիարդավոր դոլարների փոխառությունները, որոնք կատարվում են տարբեր տիպի ակտիվներ` արժեթղթեր եւ հումք ձեռք բերելու համար, նոր «պղպջակների» առաջացման հիմք են դնում։ Նման կարծիք է հայտնել Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին՝ ավելացնելով, որ դա կարող է հանգեցնել նոր ֆինանսական ճգնաժամի։ «Ամեն ինչ նորից կրկնվում է, – ասել է պրոֆեսորը, ով, ի դեպ, ճշգրիտ կանխատեսել էր ԱՄՆ բանկային համակարգին 1.6 տրիլիոն դոլարի վնաս հասցրած ճգնաժամը,- Ամեն մեկը խաղում է իր նույն խաղը, եւ դա վտանգավոր է դառնում»։ Երկիրը խորը ճգնաժամից դուրս բերելու նպատակով ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն գրեթե զրոյական աստիճանի։ Արդյունքում ԱՄՆ դոլարը արժեզրկվեց 12%-ով՝ աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ։ Ռուբինիի կարծիքով, վերջին հաշվով դոլարը կհասնի իր «սահմանագծին», քանի որ ՖՌՀ-ն կսկսի բարձրացնել տոկոսադրույքը եւ կդադարեցնի տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումները։ Եվ այդ ժամանակ ներդրողների համար կսկսվեն դժվար ժամանակները։ «Գոյություն ունի ռիսկ, որ այժմ մենք ցանում ենք ապագա ճգնաժամի սերմերը։ Ակտիվների այս պղպջակը ամենեւին համեմատելի չէ տնտեսության վերականգնման թույլ տեմպերի եւ ֆինանսական համակարգի հիմքերի հետ»,- ասել է տնտեսագետը։

Առաջ, Աֆրիկա

Զբոսաշրջության ոլորտի փորձագետները կազմել են այն 15 երկրների ցուցակը, որոնց հաջողվել է մեծացնել երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը՝ անկախ համաշխարհային ճգնաժամից։

Որքան էլ զարմանալի լինի, առաջատարների շարքում հայտնվել են Լիբանանը եւ Քենիան։

Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, զբոսաշրջիկների հոսքի մեծացման առումով առաջին տեղում Լիբանանն է։

Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Լիբանան է այցելել 1 միլիոն 281 հազար մարդ, որը նախորդ տարվա հոսքին գերազանցում է 46.3%-ով։ Զեկույցում նշված 165 երկրների մեջ սա ամենաբարձր ցուցանիշն է։ Երկիր այցելող զբոսաշրջիկների 42.1%-ը արաբներ են, 24%-ը՝ եվրոպացիներ, 13.2%-ն էլ գալիս են ԱՄՆ-ից։ Լիբանանում սպասում են, որ ձմեռային սեզոնին զբոսաշրջիկների թիվը կշարունակի աճել։

Լիբանանից բացի, զբոսաշրջիկների քանակը հաջողվել է ավելացնել ընդամենը 14 երկրի։ Երկրորդ տեղում հայտնվել է Քենիան՝ զբոսաշրջության 43%-անոց աճով։ Լավագույն եռյակը եզրափակում է Հարավային Կորեան, որտեղ այս տարվա հունվար-սեպտեմբերին 15%-ով ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Միակ տարածաշրջանը, որտեղ գրանցվել է զբոսաշրջության աճ, Աֆրիկան է (4%)։ Մյուս բոլոր տարածաշրջաններում անխտիր այս ոլորտը անկում է ապրել. Մերձավոր Արեւելքում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 13%-ով, Եվրոպայում՝ 8, ամերիկյան եւ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում, համապատասխանաբար, 7 եւ 6 %։

Ավելացնենք նաեւ, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, զբոսաշրջիկների թիվը ամբողջ աշխարհում այս տարի կնվազի 4-6%-ով։

Գովազդը չի թանկանա

Ռուսական հեռուստագովազդի շուկայի երկու հիմնական խաղացողները՝ «Video International»-ը եւ «Գազպրոմ-մեդիան», որոշել են հաջորդ տարի չթանկացնել գովազդի գները։ Նշենք, որ այս տարվա ընթացքում VI-ն արդեն իսկ իջեցրել էր գները 10%-ով։ Այժմ, ընկերության ներկայացուցիչների խոսքերով, շուկան աստիճանաբար կայունանում է։ Սակայն գների բարձրացումը «կվախեցնի» գովազդատուներին։ VI-ի փոխնտօրեն Սերգեյ Վասիլեւը լրագրողներին ասել է, որ եթե 2009թ. առաջին 9 ամիսների տվյալներով՝ հեռուստաընկերությունների գովազդային բյուջեն նվազել էր 21%-ով, ապա հոկտեմբերին որոշակի աշխուժացում է նկատվում, իսկ դեկտեմբերի դրությամբ հեռուստաշուկան կհավասարվի նախորդ տարվա մակարդակին։ Փորձագետների կարծիքով, 2010թ. ռուսաստանյան հեռուստագովազդի շուկայի ծավալը փոփոխություններ չի կրի։ Ներկայումս այն կազմում է 52 միլիարդ ռուբլի։

Դայմլերի վնասը՝ 2.3 միլիարդ դոլար

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնի մաքուր վնասը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 2.29 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ունեցել էր 2.94 միլիարդի շահույթ։ Ինչպես նշվում է Daimler-ի ֆինանսական հաշվետվության մեջ, հասույթը նվազել է 23%-ով՝ կազմելով 57.6 մլրդ եվրո (նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 74.47 միլիարդ եվրո)։

Ինչ վերաբերում է կոնկրետ 3-րդ եռամսյակին, ապա ընկերության շահույթը կազմել է ընդամենը 56 միլիոն եվրո՝ 2008թ. երրորդ եռամսյակի 213 միլիարդի դիմաց։ 21%-ով նվազել է նաեւ հասույթը, նախորդ տարվա 24.47 միլիարդի փոխարեն՝ կազմելով 19.31 միլիարդ եվրո։

Ընկերության ներկայացուցիչները ֆինանսական ցուցանիշների վատթարացումը բացատրում են համաշխարհային ճգնաժամով, որը կրճատել է ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը ողջ աշխարհում։

ArcelorMittal-ի շահույթը նվազել է

Աշխարհի խոշորագույն պղնձաձուլական ընկերության՝ ArcelorMittal-ի շահույթը այս տարվա երրորդ եռամսյակում նվազել է 75%-ով՝ կազմելով 631 մլն եվրո։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունն ունեցել էր 2.5 միլիարդ եվրո մաքուր շահույթ։

Ինչպես նշվում է կոնցեռնի հաշվետվության մեջ, վաճառքի ծավալները կրճատվել են 2 անգամ՝ կազմելով 11.3 միլիարդ եվրո (նախորդ տարվա 23.4 միլիարդի դիմաց)։ ArcelorMittal-ը նույնպես այս ամենը բացատրում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ։ Նշենք, որ ArcelorMittal-ն աշխատում է աշխարհի 60 երկրներում եւ ունի շուրջ 320 հազար աշխատող։