«ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է» սեփականատերերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը երեկ տարածել է դիմում-հաղորդագրություն, որն ուղղված է ՀՀ գործադիր, օրենսդիր իշխանության, իրավապահ մարմինների ղեկավարներին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում հավատարամագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Դրանում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոնայք/տիկնայք. «Սեփականությունն անձեռնմխելի է» սեփականատերերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության (այսուհետ` ՀԿ) նպատակներից է` աջակցել ՀՀ քաղաքացիների սեփականության սահմանադրական իրավունքի ճանաչմանը եւ պաշտպանմանը, աջակցել տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի պաշտպանությանը եւ հասարակություն-անհատական բիզնես համագործակցությանը: ՀԿ-ն (իր կառավարման մարմնի որոշման հիման վրա) իր ուշադրությունն է դարձրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ Ընկերության փաստաբանների կողմից տրամադրած նյութերի հիման վրա վերլուծելով փաստերը՝ անհրաժեշտ է համարել սույն դիմում-հաղորդագրությամբ Ձեր ուշադրությունը հրավիրել պետական որոշ մարմինների անօրինական գործողությունների վրա:
Փաստերը
1. Ընկերության ամբողջ գույքը դրվել էր հարկադիր էլեկտրոնային աճուրդի վարչական դատարանի 10.10.2008թ. վճռի հիման վրա, որով դատարանը վճռել էր հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.067.201.600 դրամ, ինչպես նաեւ՝ 81.344.032 դրամ պետական տուրքը:
2. 16.02.2009թ. աճուրդով հաղթող էր ճանաչվել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն:
3. Ըստ 19.02.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենի` «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4.219.432.000 ՀՀ դրամ:
4. Ըստ 02.04.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի թիվ 17 ելքի օրդերի պատճենի «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը 4.219.432.000 ՀՀ դրամը ետ է ստացել:
5. ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով, 19.03.2009թ. կայացվել է Ընկերության հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ, որով Ընկերության գույքի աճուրդը եւ պայմանագիրը ճանաչվել են անվավեր: Նշված վճիռը օրինական ուժի մեջ պետք է մտներ 20.04.2009 թվականից (մեկ ամիսը լրանալուց հետո), եթե չբողոքարկվեր:
6. Ընկերության կողմից այդ վճիռը բողոքարկվել է 18.04.2009 թվականին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 29.04.2009թ. որոշմամբ վերադարձվել է: Հետեւաբար, այդ օրվանից` 29.04.2009 թվականից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով 19.03.2009թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
7. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը դեռեւս 2009 թվականի փետրվար ամսից չի տրամադրել կատարողական վարույթի նյութերը` այդ վարույթի կողմ հանդիսացող Ընկերությանը:
Իրավական վերլուծությունը
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետեւյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005-ից սահմանվել է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
Ըստ 19.02.2009թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենի` «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4.219.432.000 ՀՀ դրամ, այնինչ վերոհիշյալ օրենքի դրույթի համապատասխան՝ չէր կարող 300.000 ՀՀ դրամից ավելի գումար վճարել: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն էլ չէր կարող օրենքի խախտմամբ տրված այս գումարն ընդունել:
Ֆիզիկապես 4.219.432.000 ՀՀ դրամը չէր կարող կանխիկ բերվել եւ վճարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղ, ինչից հետեւում է, որ տրվել է կեղծ դրամարկղի օրդեր: Այսպես, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ գումարը տրվել է 50.000 ՀՀ դրամանիշներով (չնայած պետք է ճշտել՝ այդ քանակի դրամանիշներ կան, թե` ոչ), ապա ստացվում է, որ տրվել է 84.388 հատ 50.000-անոց դրամանիշներ: Եթե այդ գումարը հաշվելու համար յուրաքանչյուր դրամանիշը հաշվելու ժամանակը գնահատենք 1 վայրկյան, ապա կստացվի, որ այդ գումարը հաշվելու համար հարկավոր էր 84.388 վայրկյան կամ 23,4 ժամ:
Անցնենք առաջ:
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը։ Պայմանագիրը կնքվել է 2009թ. փետրվարի 24-ին, հետեւաբար՝ մինչեւ 27.02.2009 թ. 4.219.432.000 դրամը պետք է փոխանցվեր պահանջատիրոջը` պետական բյուջեին, ինչը չի կատարվել:
Հարց է ծագում, ինչո՞ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը չի կատարել օրենքի իմպերատիվ պահանջը, ինչն է պատճառը: Չէ՞ որ ուշացման պատճառով, Ընկերության վրա հաշվեգրվել են լրացուցիչ տույժեր, կամ բյուջեն չի ստացել իրեն «հասանելիք» գումարները:
Դրանից հետո, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը 02.04.2009թ. դրամարկղի թիվ 17 ելքի օրդերով ետ է վերադարձրել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանին 4.219.432.000 ՀՀ դրամը: Կրկին կանխիկ: Եվ առանց որեւէ իրավական հիմքի:
Ինչու է ետ վերադարձվել, ինչ իրավական փաստաթղթի հիման վրա: Չէ՞ որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով 19.03.2009թ. վճիռը 02.04.2009 թվականի դրությամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած չէր («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքի համաձայն՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում եւ առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն)։
Մենք համոզված ենք, որ «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ում պատճաշ ստուգումներ նշանակելու դեպքում կպարզվի այս պետական «ավանտյուրան»:
Այս ամենին էլ եթե ավելացնում ենք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթի նյութերը համառորեն չտրամադրելու փաստը, ամեն ինչ ընկնում է իր տեղը` իրականում գումար չի մուտքագրվել եւ չի ելքագրվել, եւ դա կատարվել է կեղծ օրդերների հիման վրա: ԴԱՀԿ ծառայությունը թղթերն ի վերջո տվեց, որովհետեւ ա) ՀՀ վարչական դատարանն այլեւս չէր կարողանում գործը ձգել եւ բնավ պետք է բավարարեր Ընկերության հայցը, եւ բ) Ընկերության նկատմամբ սնանկության վարույթ էր սկսվել եւ սնանկության կառավարչի լիազորություններն էլ ավելի են մեծացել` ի հաշիվ Ընկերության տնօրենի լիազորությունների:
Խնդրանքը
Սույն հաղորդմամբ խնդրում ենք`
– ՀՀ Նախագահից, վարչապետից եւ ԱԺ նախագահից` իրենց հանձնարարականը այս ապօրինությունը կատարողներին պատժելու եւ խնդիրն իրենց հսկողության տակ պահելու կապակցությամբ.
– իրավապահ մարմիններից` պատժել կեղծարարներին, ներառյալ բոլոր հանցակիցներին եւ լիազորություններն ապօրինի օգտագործող ունեզրկողներին.
– ՀՀ ՊԵԿ-ից` ստուգումներ նշանակել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությունում` պարզելու համար, թե որտեղից է այդ ընկերությունը այդ մեծ գումարը ձեռք բերել, ինչ հիմքերով եւ ինչ է արել «վերադարձված» գումարը.
– ՀՀ ԿԲ-ից` ստուգել «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության մասնակցությամբ փողերի լվացման փաստ առկա է, թե` ոչ.
– դեսպանատներից եւ մյուս կառույցներից` ցույց տալ աջակցություն պաշտոնատար անձանց կողմից անօրինականություններին վերջ տալու եւ սեփականության իրավունքները վերականգնելու կապակցությամբ.
– լրատվամիջոցներից` իրենց մասնագիտական հետաքննություններով բացահայտել այս խախտումները կատարած անձանց»:
«Սեփականությունն անձեռնմխելի է» սեփականատերերի իրավունքների
պաշտպանության հ/կ նախագահ` Վալերիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ