Ո՞ւմ հայհոյել տրանսպորտի թանկացման համար

27/08/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Քաղաքապետարանը բարձրացրեց երթուղային տաքսիների ուղեվարձը: Այս
վերահաս վտանգին քաղաքապետարանից մեզ վաղուց էին նախապատրաստում եւ
խոստանում էին ուղեվարձը թանկացնել ավտոբուսների մեծ խմբաքանակ ներկրելուց
հետո միայն: Սակայն քաղաքապետն իրեն հայտնի պատճառով շտապեց եւ 1728- Ա
որոշմամբ օգոստոսի 9-ից ուղեւորավարձը 100 դրամից բարձրացրեց 130-ի:
Քաղաքապետարանում համաձայն չեն, որ թանկացնողը Երվանդ Զախարյանն է:

«Տնտեսվարող սուբյեկտները դիմել են, քաղաքապետն էլ բավարարել է նրանց խնդրանքը»,- ասաց քաղաքապետի օգնական Էդմոն Զարգարյանը:

Իսկ թե ինչու է պարոն Զախարյանն իր որոշումն այդքան շուտափույթ կայացրել,
երբ դեռ մի քանի օր առաջ խոսում էին նաեւ հնարավոր չթանկացման կամ
աշնանային թանկացումների մասին, քաղաքապետի օգնականն այսպես պատասխանեց.
«Տնտեսվարող սուբյեկտները շատ դիմեցին»:

Ի դեպ, Երեւանում աշխատում են նաեւ երթուղային տաքսիների պետական
ձեռնարկություններ՝ օրինակ, 13 համարի երթուղային գիծը սպասարկող
ընկերությունը: Այս դեպքում պետական ընկերությո՞ւնն է դիմել իր վերադասին
ուղեվարձը թանկացնելու համար:

«57 տնտեսվարող սուբյեկտ, այսինքն՝ 86%-ը, վարձավճարը թանկացնելու համար
դիմել է քաղաքապետարան,-պատասխանեց Է. Զարգարյանը:-Քաղաքապետի 1728-Ա
որոշումը տարածվում է բոլոր գծերը սպասարկող ընկերությունների վրա»:

Միգուցե չդիմած 14%-ը չէր էլ դիմելու եւ 100 դրամով աշխատելը նրան ձեռնտու
էր: Քաղաքապետարանն ինչո՞ւ է նրանց կամքին հակառակ գնում եւ բոլորին
անխտիր պահանջում նոր գներով աշխատել:

«Ձեզ թվում է, քաղաքապետարանն ամիսներով պետք է սպասեր, որ բոլորը
դիմեի՞ն,- պնդեց Է. Զարգարյանը: -Նորից եմ կրկնում, այդ որոշումը
տարածվում է երթուղային բոլոր տաքսիների վրա»:

Այսինքն, Երվանդ Զախարյանի որոշումն արդեն օրենքի ուժ ունի: Որոշման մասին
տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացրել են անմիջապես նույն օրը: Սակայն
երթուղային ոչ բոլոր տաքսիներն էին երեկ 130 դրամով երթեւեկում:
Երթեւեկելու դեպքում էլ խեղճ վարորդներն արժանանում էին ուղեւորների
սաստիկ հայհոյանքներին:

«Ես ի՞նչ մեղք ունեմ, մայրիկ ջան,- ասում է 22 համարի երթուղային տաքսու
վարորդը:- Նայի, սա քաղաքապետի որոշումն է: Ի՞նչ անեմ: Ձեզ թվում է, մենք
շա՞տ ենք ուզում թանկացնել: Գիտեք մե՞ր գրպանն է գնալու այդ գումարը»:

Պարզ է, որ նրանց գրպանը չի գնալու, կգնա գծի տերերի գրպանը, որոնք էլ
իրենց հերթին գծի վարձը կթանկացնեն 30%-ով՝ 6-8.000 դրամի փոխարեն կդառնա
հավանաբար 10.000 դրամ: Իսկ անվճարունակ ուղեւորն այս անգամ չի կարողա
նստել նույնիսկ այդ 100 դրամանոց ավտոբուսը, որովհետեւ ընդամենը 12
ավտոբուսային գիծ է աշխատում ընդամենը 100 ավտոբուսներով: Իսկ քաղաքապետի
հաշվարկներով՝ Երեւանին անհրաժեշտ է մոտ 600 ավտոբուս:

Երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացումը քաղաքապետարանում բացատրում են
այսպես՝ որպեսզի ավտոբուսները մրցունակ լինեն: Բանն այն է, որ այդ
ավտոբուսները գնվել են լիզինգային միջոցներով եւ, բանկերից վերցրած
գումարները վերադարձնելու համար, քաղաքապետը ուղեւորավարձը անգամ 50
դրամից դարձրեց 100 դրամ: Բնական է, որ 100 դրամով ավտոբուսը չէր մրցի
երթուղային տաքսու հետ: Եվ քաղաքապետարանը գտավ հերթական հանճարեղ
լուծումը. մրցունակությունն ապահովելու համար բարձրացնել երթուղայինների
ուղեվարձը: 130 դրամը վերջին հանգրվանը չէ, մանավանդ, որ մանրադրամ
վերադարձնելն այս դեպքում գլխացավանք կլինի: «Աշնան թանկացում» ասվածը
տեղի կունենա հավանաբար աշնանը կամ ձմռանը, եւ նախապես որոշված 150 դրամը
կմտնի ուժի մեջ երկրորդ փուլով: Մինչդեռ որեւէ ապրանքի կամ ծառայության
մրցունակությունն ապահովում են որակը բարձրացնելով կամ գինն իջեցնելով:
Հեռու չգնանք, «ԱրմենՏելի» պարագայում մենք դրա դասական օրինակին ականատես
եղանք: Կապի շուկայում «Վիվա Սելլի» հայտնվելուց հետո «ԱրմենՏելը» կտրուկ
իջեցրեց իր սակագները: Աշխարհում աննախադեպ երեւույթ է, երբ մի
ծառայության մրցունակությունը բարձրացնելու համար մրցակցին ստիպում են իր
գները բարձրացնել: Այսինքն, եթե մի օր «Կոտայքը» որոշի, որ իր գարեջուրը
պետք է ավելի շատ վաճառվի, քաղաքապետի տրամաբանությամբ՝ «Կիլիկիային»
կստիպի գները բարձրացնել 50%-ով: Իրոք հանճարեղ է մտածված: Տնտեսական այս
տրամաբանությանը կնախանձեր անգամ հայտնի միլիարդատեր Բիլ Գեյթսը: Իսկ
Հայաստանում այսպիսի որոշումներ հաճախ են լինում: Մանավանդ, երբ որոշում
են կազմակերպված թալանել սեփական ժողովրդին՝ 30%-ով իջեցնելով դոլարի
կուրսը: Նորից թալանել ժողովրդին՝ շարքից հանելով քիչ թե շատ նորմալ
աշխատող միակ կառույցը՝ տրանսպորտը: Այստեղ էլ թալանը լավ է կազմակերպված
եւ ծրագրավորված է երկար ժամանակվա համար: Նախ ոչնչացրին էլեկտրական
տրանսպորտը, ծախեցին տրամվայների գծերը եւ գրպանեցին ստացված գումարները:
Այդ ընթացքում երթուղային որոշ տաքսիների 50 դրամ ուղեվարձը բարձրացրին
100 դրամ: Հիմա էլ այդ 100 դրամը դարձրին 130, հետո 150 դրամ, որպեսզի
ավտոբուսները կարողանան աշխատել: