Այրի կնոջ լուման

28/10/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամենահետաքրքիր սպասումը կապված է լինելու «Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնի հետ: «Որքա՞ն գումար է հանգանակվելու եւ ռեկորդային ցուցանիշ է լինելու արդյոք», հարցը տարօրինակորեն առաջնային չէ: Առաջնային չէ հասարակական սպասումների մեջ: «Հայաստան համահայկական հիմնադրամը» մեր նորօրյա պատմության ամենակենսունակ ձեռնարկներից է: Երկար տարիներ հայ մարդու ընկալումներում այն իսկապես համահայկական էր: Ձեւավորման պահից հենց այս տրամաբանությունն էր դրված հիմքում: Իրականում, բնականաբար, բավական դժվար է մի ամբողջ ազգ` իր բազմադարյա հոգեւոր ու ազգային կառույցներով, ավանդական ու նորագույն կուսակցություններով համախմբել մի կառույցի շուրջ: Դժվարությամբ ու կամաց-կամաց ինչ-որ բան ստացվում էր: Հենց սկզբում` «Յուրաքանչյուր հայ մեկական գրամ ոսկի պիտի հանգանակի» կարգախոսը սպասված արդյունքը չտվեց: Հետո կիրառվեց «Ազգային տուրքի» քաղաքականությունը: Դրա համաձայն՝ բոլորս պիտի պարտավորություն վերցնեինք որոշակի գումար մուծել հիմնադրամին: Յուրաքանչյուրն` իր հնարավորության կամ ցանկության չափով: Հիմնադրամը սկզբում հատուկ պարբերական էր հրատարակում, ուր հականե-հանվանե նշվում էին բոլոր նվիրատուները: Անկախ մուծած գումարի չափից: Համեստ նվիրատուին պիտի ոգեւորեր այն փաստը, որ իր անունը նշվում է մեծահարուստ ու հարյուր-հազարավոր դոլարներ հանգանակող մեծահարուստի անվան կողքին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում մեր ազգային, հոգեւոր եւ քաղաքական ավագանին էր: Հետեւաբար՝ ակնկալվում էր, որ այն իրականում համահայկական ծավալ կունենա: Բայց ամեն անգամ արդյունքը սպասվածից շատ էր: Տարօրինակորեն որքան մեծանում էր հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարը, այնքան նվազում էր մասնակիցների թիվը: Այս տարի էլ հավանաբար նույնը կլինի: Պատճառն ամենեւին էլ Հայաստան-Սփյուռք լարված հարաբերությունները չեն: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Սփյուռքի հետ առկա լարված հարաբերությունները կունենան իրենց ազդեցությունը, բայց իրական գործընթացը վաղուց է սկսվել: Հիմնադրամի քաղաքականությունը որոշող անձինք ձեռնարկի համահայկականությունն ապահովելու մտքից կարծես վաղուց են հրաժարվել: Հրաժարվել են, շեշտը դնելով մեծահարուստների հանգանակության վրա: Նախկինում մեծահարուստների հետ նախօրոք տարված աշխատանքի արդյունքում նրանք ինչ-որ պահի հայտնվում էին հեռուստամարաթոնի եթերում ու խոշոր գումար մուծում: Դա 10-100 դոլար հանգանակողների մոտ ոգեւորության ալիք էր ծնում: Տարիներ առաջ հիմնադրամի ղեկավարությունը զանգվածային մասնակցության խթանման մի հնարք էլ կիրառեց: Քըրք Քըրքորյանը խոստացել էր կրկնապատկել հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարը: Հնարքն աշխատեց: Այսինքն՝ մեկ տարվա համար բավարար գումար հավաքվեց: Այդ պահին հիմնադրամի ղեկավարների մտքով անգամ չանցավ այն փաստը, որ այդ նույն հնարքն ավեր կգործի: Մեկ անձը (թեկուզեւ՝ ամենահարգված եւ ամենահարուստ անձը) չպիտի մասնակցի համազգային հանգանակությանը՝ այն կրկնապատկելու պայմանով: Փոքր գումար հանգանակողն իրեն կարող է ավելորդ զգալ մեծահարուստների նվիրատվության ծավալի հետ համեմատվելով: Երեւի այս տենդենցը նկատելի էր: Գուցե այդ պատճառով «Հայաստան համահայկական հիմնադրամի» ղեկավարությունը ինչ-որ պահից դադարեց արդյունավետ լուծումներ փնտրել: Դադարեց ու գնաց հեշտ ճանապարհով: Այս տարի էլ, վերջին մեկ-երկու տարվա նման, գումարի մեծամասնությունը (բացարձակ մեծամասնությունը) կապահովեն մեծահարուստները: Ու մեզ կմնա արձանագրել, որ համահայկական հայտարարված հիմնադրամն իրականում սնվում է երկու-երեք տասնյակ մեծահարուստների քսակից: Կհանդգնեմ ենթադրել, որ այս փաստը մեծահարուստներին էլ դուր չի գա, ու ինչ-որ պահից նրանց մասնակցության հետ խնդիրներ կառաջանան: Իսկ մինչ այդ հիմնադրամի ղեկավարությունը կփորձի իր աշխատանքի արդյունավետության չափանիշ ներկայացնել հանգանակվող գումարի չափը: Հանգանակության համահայկական բնույթը դիտարկելով երկրորդական ու երրորդական խնդիր: Իշխող կուսակցության անդամներն են արդեն վերլուծում, որ անցած տարի Սփյուռքն ընդամենը 10 տոկոս մասնակցություն է բերել հիմնադրամի դրամահավաքին: ԱՄՆ Սահմանադրության հայրերից մեկը պնդում էր, որ ընտրովի պաշտոնյաները տնտեսության մասին սահմանափակ պատկերացում ունեն: Ճիշտ իրենց ընտրաժամկետի չափ սահմանափակ: Բայց «Հայաստան համահայկական հիմնադրամի» կատարած աշխատանքը Հայաստանում ու Ղարաբաղում միայն «մեծագործություն» բառով կարելի է բնութագրել: Հետեւաբար՝ իսկապես համազգային այդ կառույցը խոհեմ ու ընտրաժամկետներով չպայմանավորված վերաբերմունք է պահանջում: