Էլ չլինել ֆորպոստ

28/10/2009

«Թուրքիան առաջատար երկիր կդառնա, եթե Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի ազդեցությունից: Իսկ Հայաստանի համար դա հնարավորություն է Ռուսաստանի գրեթե 100%-անոց ճնշման տակից դուրս գալու»,- հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Իգոր Տոմբերգը: «Ի վերջո, Արձանագրությունները կվավերացվեն: Հայկական սփյուռքը որոշակի մտավախություններ ունի Եվրոպայում թուրքերի ակտիվության հետ կապված, իսկ Ռուսաստանն այնքան տպավորված չէ, որ իր դաշնակից երկիրը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ: Ամեն դեպքում, Ռուսաստանը չեզոքություն եւ զսպվածություն կցուցաբերի հայ-թուրքական գործընթացում»,- նշել է փորձագետը:

Տոմբերգի խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նույնպես տեղում չի դոփում: «Լուծման եղանակներ գտնելու փորձերն ակտիվացել են: Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանային նախաձեռնողականությունը տալ Թուրքիային, այդ իսկ պատճառով էլ ուժեղացրել է խաղաղարարական գործունեությունը: Չնայած որ լուծումներ դեռեւս չկան, հնարավորությունները մեծացել են»,- եզրափակել է վերլուծաբանը: