Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի նեղլիկ փողոցների տեսքը հիշեցնում է ավազի վրա ցախավելի թողած ձեռագրի մասին: Այստեղ, ինչպես մյուս գյուղերում, մարդիկ կարիքներին կպած ապրում են` եկող-գնացողներին հյուրասիրելու պատրաստակամությամբ: Եվ հետաքրքիրն այն է, որ այս գյուղում սոցիալական կարիքների մասին խոսելը համարվում է երկրորդական խնդիր: Ու թեեւ գյուղի բնակիչները հարմարվել են ամբողջ տարին լվացքն ու սպասքը բակում գտնվող աղբյուրի մոտ լվանալուն, սակայն այդպես էլ չեն հաշտվում դպրոցի սնկապատ շենքի, մշակույթի պալատի ու մանկապարտեզի չգոյության, գրադարանի փոշեպատ գրքերի եւ բուժկետի` միայն ձեւական գոյության հետ:
Լուսագյուղում փնտրում են լույսը
1928թ. հիմնադրված գյուղը նախկինում կոչվում էր Ներքին Թուրքմալու, որը տարիներ հետո վերանվանվեց` Լուսագյուղ: Ու հենց գյուղի 260 հա վարչական տարածքը, ըստ Սպահանից գաղթած գյուղի բնակիչ Գալուստ պապի, եղել է աստվածաշնչյան ջրհեղեղի տեղը: «Հիշում եք չէ՞, երբ Նոյն իր տապանով Արարատին կանգնեց: Էդ ժամանակ ջրերը էնտեղից հոսեցին ու հավաքվեցին էս գյուղում: Հաստատ բան եմ ասում»,- պատմում է լուսագյուղցի պապը`դեն նետելով առվակի հոսքը խանգարող քարը: «Ապրում ենք, աղջիկ ջան, լավ-վատ, օրեր են էլի: Էս սահմանը, որ բացեն, չէ՞` լավ կլինի: Էս Հայաստան չի, որ մենք ենք ապրում, գոնե կգնանք մեր էն մյուս Հայաստանը»,- ավելացնում է նա` քիչ հետո բռնելով իր տան ետդարձի ճամփան: Գյուղի բնակիչներից ամեն մեկն էլ սպահանահայ պապիկի նման ունի իր համոզմունքը կարիք կոչվող իրենց կյանքի մասին: Տիկին Կարինեն, ում ամուսինը ժամանակին եղել է հայ-ադրբեջանական պատերազմի կամավորներից, աղբյուրի մոտ դարսված կանաչու թարմության պես հիշում է դժվար տարիները, փորձում է գտնել հարցերի պատասխաններ, որոնք, ասես, ծորում էին բակի աղբյուրից: «Անարդար երկրի համար չարժե կռվել: Ինչի՞ համար: Ամուսինս ռազվեդչիկ ա եղել` Լաչինում էլ ա կռվել: Բայց էսօր ո՞վ ա հիշում: Չնայած դաժե զոհվածների ընտանիքների համար չեն բան անում: Երկու երեխա ունեմ, բայց չենք կարողանում պահել: Ամուսինս հիմա 50 հազար ա ստանում, էդ ա մեր ամբողջ եկամուտը: Էդ ապրե՞լ ա կոչվում»,- հարցնում է նախկին կամավորի կինը` դժգոհելով Արմավիրի մարզի անձնագրային բաժանմունքից: «Տղաս մինչեւ էսօր պասպորտ չունի: Բանակ ա գնացել-եկել: Ինչի չունի՞: Որովհետեւ դրա համար Արմավիրի պասպորտսեղանն էնքան կտանի-կբերի: Դե, երեւի մաղարիչ պիտի անի: Եսիմ»,- շարունակում է գյուղի բնակչուհին` հայացքի անզորությամբ զննելով կանաչին: Իսկ գյուղի նախկինում բռնադատված կինը, լսելով տիկին Կարինեի խոսքերը, անշտապ շարունակում է եգիպտացորենի պատյանները հանել: «Ինձ մենակ հետաքրքիր ա, թե բանկում մեր հին փողերի դիմաց ե՞րբ են պարտքներս տալու: Բա ասում էին` տալո՜ւ են: Խաբար կա՞»,- ասում է 1949թ. բռնադատված կինը, որի ընտանիքը ժամանակին աքսորվեց` հոր դաշնակցական լինելու պատճառով: «Գնացինք Ալտայսկի կռայ: Օրեր էին է: Մի 10 տարի ապրեցինք, հետո եկանք էստեղ: Ասում են` անկախ ենք, էդ լավ ա, բայց էդ անկախության մեջ ի՞նչ կա: Հեն ա, տղաս 37 տարեկան ա, Ռուսաստանից նոր ա եկել, ասում ա` նորից եմ գնալու, որովհետեւ էստեղ բան չկա: Էս` ի՞նչ անենք»,- նշում է կինն ու կրկին անցնում եգիպտացորեն մաքրելուն: «Իսկ հնարավո՞ր ա, որ գոնե ասես էդ ջրի ու հողի հարկը մի քիչ պակասեցնեն: Տան հաշմանդամ ունենալն էլ կապ չունի, հա՞: Բայց դե պետության ի՞նչ մի վեջն ա, թե գյուղում էլ մարդիկ կան, կյանք կա ու մի քիչ էլ, բացի ուտելուց, կարելի ա իրանց մասին մտածել»,- նշում է տիկին Մանիկը: Ու կամաց-կամաց մարդկանց խնդիրները սկսում են դիզվել, ինչպես գյուղապետարանի ճանապարհին խոտի հսկայական դեզը: «Դե գիտենք` գալիս գրում-գնում եք: Դուք ի՞նչ մեղք ունեք: Էդ վերեւներից ա գալիս: Մենակ մի բան ենք խնդրում` էդ վերեւները գոնե մանկապարտեզի ու դպրոցի համար մի բան անեն: Մենք սենց կիսամեռ էլ կապրենք,- առաջարկում են գյուղի բնակիչները` եզրափակելով,- Կրթության նախարարությունը մեծ-մեծ խոսում ա: Դե մի հատ թող էս գյուղի դպրոցի վիճակը նայի: Ամեն առավոտ մենք էրեխեքին վախով ենք դպրոց ճանապարհում: Մի թույլ երկրաշարժ էլ լինի` դպրոցը փուլ կգա»:
Բորբոս` կրթական պատերի ներսում
Լուսագյուղի միջնակարգ դպրոցի բակի բարդիները աճում են նույնքան արագ, ինչքան դպրոցի շենքում ջերմություն աղերսող խնդիրները, որոնք երեւի երկար սպասելուց հոգնել են ու սկսել քայքայվել:
Դպրոց տանող փոքրիկ կամրջակին իրենց խնդիրների մասին են պատմում գյուղի աշակերտները` Գոհարն ու Մարիամը: Նրանք դպրոցի մասին խոսում են սովորական, ինչպես մեծերը՝ առտնին հոգսերի մասին: «Հին դպրոց ա, դրա համար էլ ավերվում ա: Դասարանում նստած` մեկ էլ տեսնում ես` պատն իրան-իրան թափվում ա, դե պարկետը չունենք, նույնն ա, ոնց որ փողոցում: Չնայած դրսում ավելի տաք ա, քան մեր դասարանում»,- պատմում է Գոհարը: «Մի քանի տարի առաջ էս մոստն ավելի վատ վիճակում էր: Հիմա սարքել են, տեսնո՞ւմ եք»,- շարունակում է Մարիամը, որի շուրթերին այդպես էլ սառած մնացին կասկածները` «բայց սարքե՞լ են արդյոք»: «Ձմռանը դասարանը տաքացնում են, բայց մենք էլի մրսում ենք: Դե, նավթով են տաքացնում: Դաժե փեչի մոտ նստած ենք մրսում»,- շարունակում են պատմել երեխաները, որոնց հրաժեշտ տալով` մոտենում եմ դպրոցի դռներին: Դպրոցի շենքի արտաքին տեսքից դժվար է հավատալ գյուղի բնակիչների ու երեխաների պատմածներին: Այստեղ դպրոցի պահակի ուղեկցությամբ շրջում ենք դասասենյակներով: Դպրոցի պահակը գյուղի արժանապատվությունը բարձր պահելու համար նախ բացում է այն կողպված դասասենյակները, որոնք մյուս դասասենյակների համեմատ ավելի բարվոք վիճակում են: Այստեղ էլ մյուս դպրոցների պես կարելի է տեսնել շագանակագույն գրատախտակներ, կապույտ աթոռներ, սպիտակ վարագույրներ: Ընդամենը այսքանը: Բայց, ի տարբերություն մյուս դպրոցների, այս դպրոցում երեխաները վաղուց հարմարվել են առաստաղի վրա գծագրված խոնավության ու բորբոսի ծուռումուռ գծապատկերներին, մանրահատակի իսպառ բացակայությանը, առաստաղից թափվող ջրերին: «Էս դպրոց չի: Ես զարմանում եմ, որ գոնե մի իշխանավոր չի հետաքրքրվում էս վիճակով: Ախր էստեղ մեր ապագա սերունդն ա աճում: Ու էս հիվանդությունը քանի հիվանդության պատճառ պիտի դառնա»,- նշում է դպրոցի պահակը` մատնացույց անելով դասասենյակներից մեկի դռանը փակցված թուղթը, որտեղ վառ գույներով գրված էր՝ ոսկե աշուն: «Եթե դպրոցում էրեխեքն, ասենք, ուզում են դասից փախնեն, չէ՞, պատից մի քար են հանում, դուրս են գալիս ու քարը նորից դնում են իրա տեղը»,- ծիծաղելով պատմում է դպրոցի պահակի կինը ու փորձում հասկանալ, թե Հայաստանն ինչպես է եվրոպական կրթական ծրագրեր ամրագրում, եթե իրականում հայկական կրթական համակարգը դեռեւս ունի տարրական պայմանների պակասը լրացնելու լուրջ խնդիր: «Հետո էլ կասեք` էրեխեքը լավ չեն սովորում: Բա լավ կսովորե՞ն, հը՞»,- եզրափակում է դպրոցի անմիջական հարեւանությամբ բնակվող դպրոցի պահակի կինը:
Խոստումներին սպասելիս
«Շենքը շատ ահավոր վիճակում է: Նախահաշիվն արդեն արված է: Խոստացել են, որ էս տարի պետբյուջեի մեջ կմտնի: Շենքը վերանորոգել հնարավոր չէ: Նոր շենք է անհրաժեշտ»,- նշում է Լուսագյուղի գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը: Իսկ գյուղի բնակիչների այն մտավախության մասին, որ շենքային նման պայմաններում դաս անցկացնելը, մեղմ ասած, վտանգավոր է, եւ շենքը կարող է մի թեթեւ ցնցումից փլվել, գյուղապետը ոչ միայն հակակարծիք է, այլեւ իր հստակ դիրքորոշումն ունի: «Դե հա, ցնցումից գյուղապետարանի շենքն էլ կփլվի»,- ընդգծում է Լուսագյուղի գյուղապետը, ով, ի տարբերություն գյուղի բնակիչների, համոզված է, որ Կառավարությունը կհատկացնի դպրոցի կառուցման համար նախատեսված գումարը: Ու հետաքրքիրն այն է, որ մեր զրույցի վերջում գյուղապետը մեզ դիմում է այն հարցով, թե արդյո՞ք մենք իրենից թույլտվություն կամ համաձայնություն վերցրել ենք, որ իր պատասխանները հրապարակենք: Ու սա՝ դեռ մի փոքրիկ գյուղում, որտեղ խնդիրներն ասես փորձում են ծածկել, ինչպես գյուղապետարանի շենքի դիմաց գտնվող մանկապարտեզի պատուհանները, որոնք գոնե սարդոստայնով փորձում են ծածկել իրենց կիսամերկ վիճակը: