Առանց Գալուստ Սահակյանի

28/10/2009

Երեկ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրենները: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք վստահեցրել են, թե բարեխղճորեն վճարում են հարկերը, չեն խախտում Աշխատանքային օրենսգիրքը եւ վարորդներին սահմանված 8 ժամից ավելի չեն աշխատեցնում: Սակայն իրենց մոտ սկսվել են տարբեր տեսչությունների կողմից ստուգումներ եւ տուգանքների նշանակումներ: Համար 98 երթուղին սպասարկող կազմակերպության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը բողոքել է, թե ամեն երթուղում 6-7 մեքենա ազատ է, քանի որ վարորդ չկա, մինչդեռ իրենցից պահանջում են երկու վարորդ պահել յուրաքանչյուր մեքենայի համար. «Ոնց որ պարանը գցած պահում ենք, որ վարորդը չփախնի: Մեկ վարորդ չենք կարողանում պահել, երկրորդը ո՞նց պահենք: «Բոգդանները» բերել են, չի արդարացնում, որոշել են «Գազելները» հանեն, «Բոգդան» մտցնեն: Բայց էդ «Գազելները» առնելու համար մենք մեծ պարտքեր ենք արել»,- ասել է նա: Համար 28 երթուղու տնօրեն Գեղամ Գրիգորյանն էլ նշել է, թե վարորդները 8 ժամից էլ քիչ են աշխատում. «Ոնց կարելի է միանգամից 50-100 միլիոն տուգանք նշանակել: Ամեն գիծ պահում է 30-40 ընտանիք, հիմա նրա՞նք էլ սոված մնան: Ազատենք, կանգնենք, գիծը փակենք, ես երկիրը ի՞նչ է, բռնապետությո՞ւն է: Կամ այդքան վարորդ որտեղի՞ց կարող ենք գտնել: 5-6 նորմալ վարորդ չենք կարողանում գտնել»: Փոխադրողների միության նախագահ, նրանց շահերի պաշտպան Սամվել Հայրապետյանն էլ ասել է, թե փոխադրողների առաջ մեծ պահանջներ է դրվում. պահանջը հիմնականում տարածում են աշխատաժամերի չարաշահման եւ նորմատիվային աշխատաժամերի փաստի կապակցությամբ: Ցուցարարները լուռ կանգնել են շենքի առաջ, այնուհետեւ նամակ են հանձնել վարչապետին: