Աղբանոցի բնակիչները

28/10/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

11 տարեկան Գոռը, տեւական ժամանակ է, թույլ է ու հյուծված: Դպրոցից մի կերպ իրեն տուն է գցում ու ողջ օրն անցկացնում է անկողնում: Բայց քանի որ մահճակալ չունի` «թուլանում է» բետոնե հատակին:

Գոռն իր ծնողների, երկու եղբայրների եւ քրոջ հետ ապրում է Շենգավիթ համայնքի Շիրակի 2ա հասցեում գտնվող նախկին Առեւտրի տեխնիկումի երկրորդ մասնաշենքի աղբանոցում: Արդեն վեց տարի է, ինչ այս ընտանիքն ապրում է այսօր արդեն հանրակացարան դարձած շենքի փոքրիկ աղբանոցում, որտեղ ամենուր կոյուղատար խողովակներ են: Չորս անչափահաս երեխաների մայրը` Աննա Մաթեւոսյանը, պատմում է, որ վերջերս Գոռի վարքագիծն իրեն անհանգստացրել է, որովհետեւ նա ամբողջ օրն անցկացնում է պառկած վիճակում: «Իրան շատ թույլ էր զգում: Ախորժակ չուներ, մի տեսակ՝ անտրամադիր, անհավես: Անընդհատ ուզում էր անշարժ պառկել»,- պատմում է Աննան, ով Գոռին հիվանդանոց տանելուց հետո պարզել է, որ երեխայի մոտ լյարդի մեծացում է ախտորոշվել: Բժիշկն Աննային տեղեկացրել է, որ Գոռը երկարատեւ բուժման կարիք ունի, քանի որ մեծանալուց բացի՝ լյարդը «քարացել» է: Բժշկի նշանակած դեղորայքն ընդունելուց հետո տղայի առողջական վիճակն ինչ-որ չափով կայունացել է, բայց մասնագետներն Աննային հորդորել են ուշադիր լինել, քանի որ Գոռին երկարատեւ բուժում է անհրաժեշտ: Աննան ասում է` «Անկեղծ ասած` չեմ էլ զարմանում, որ երեխեքս հերթով ընկնում են հիվանդանոցների դռները: Տեսե՛ք, թե ինչ պայմաններում ենք ապրում: Զիբիլանոցում ո՞վ կարա ապրի, որ մենք ապրենք: Ընդամենը մի դիվան ու էս կոտրած կռավաթն ա տեղավորվում, քնելու տեղ էլ չկա: Գոռս մեկ տարեկանից էս բետոնին ա քնել, դրա համար էլ հիվանդությունը մի օր գլուխ պիտի բարձրացներ»: Աննայենց «տանը» կոյուղատար խողովակների առկայությունից սոսկալի գարշահոտ է տարածվել, բայց իրենք սովորել են, վեց տարի այդ հոտն են շնչում: Ամբողջ շենքի կոյուղին գալիս, լցվում է շենքի աղբանոց, որտեղ էլ ապրում է այս ընտանիքը: «Գոռիս էպիկրիզը գրելիս բժիշկն էնքան էր ջղայնացել, որ թուղթը տվեց ձեռքս ու ասեց` տար, մտցրու էս երկրի իշխանությունների աչքը, որ իմանան՝ մի բուն տալու պատճառով երեխեքն ինչ պրոբլեմներ են ունենում»,- պատմում է Աննան, ով վեց տարի շարունակ նամակների, դիմումների տարափ է հեղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքապետին, Շենգավիթ համայնքի թաղապետին, սակայն ոչ մեկից պատասխան չի ստացել: Աննան կարծում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց մի «բուն» տրամադրելու խնդրանքին կարձագանքեին, բայց դիմումներն իրենց չեն հասնում, հետեւաբար՝ դիմումների հասցեատերերն իր խնդրանքից տեղյակ չեն: Մանկապարտեզների շենքերը համայնքի ֆոնդին փոխանցելու խոսակցությունները լսելուն պես` Աննան դիմել է Շենգավիթի թաղապետին` խնդրելով այդ շենքերից մի փոքրիկ սենյակ էլ իրենց հատկացնել, բայց կրկին մերժվել է: Աննան վստահեցնում է, որ հանրակացարանի շենքին կից ամայի հողակտորները թաղապետարանն աճուրդով վաճառում է, մինչդեռ` «Լավ, ես գումար տալու հնարավորություն չունեմ, բայց չէ՞ որ պետությունը կարա ինչ-որ կերպ աջակցել մեր նման աղքատ ու ծայրաստիճան վատ վիճակում գտնվող մարդկանց: Թեկուզ մի թիզ հող»: Աննան ասում է, որ ամուսնանալուց հետո սկեսուրն իրեն ու ամուսնուն դուրս է արել տանից եւ իր տունն էլ վաճառել է: Ասում է` «Ախր մեռա գրելով, բայց նամակներս իրանց չի հասնում, դրա համար էլ չեն պատասխանում: Երեւի նամակների բաժնից ոչնչացնում են»: Աղբանոցում ապրող, չորս երեխաներ ունեցող ընտանիքը գոյատեւում է ընտանեկան 38.000 դրամ նպաստով, իսկ Աննայի ամուսինը ներկայումս չի աշխատում: «Ասում եք՝ աշխատանք կա, բայց ինքը ամեն գործ անող մարդ ա, գործից չի վախենում: Հեն ա, Մասիսում մի քանի ամիս համբալի նման աշխատացրին, բայց փողերը չտվեցին: Մինչեւ էսօր՝ էսօր-վաղն են անում, բայց հույս էլ չկա, որ իրա աշխատած փողերը կտան»,- դժգոհում է Աննան` ասելով, որ չորս դպրոցական երեխաների խնամքի, հիգիենայի եւ գրենական պիտույքների ծախսերը ստիպում են զրկանքների միջով անցնել: «Մեր համար ամենասարսափելին էս զիբիլանոցում ապրելն ա, թե չէ երեխեքս սովոր են զրկանքներին: Տես, մի հինգ րոպե ա, ինչ ստեղ ես, բայց չես դիմանում կանալիզացիայի հոտին, բայց մենք… Ում դիմում եմ մի բուն հատկացնելու համար` պատասխան չկա, իսկ ով էլ պատասխանում ա, ասում ա` գումար չկա, ֆոնդ չկա: Ախր լավ, էս երեխեքս վաղը-մյուս օրը բանակ են գնալու չէ՞: Իրանք էլ տելեվիզորով էդքան ասում են, որ մեզ առողջ զինվորներ են պետք, բայց ո՞նց էս պայմաններում առողջ լինեն էս երեխեքը: Ձմռանը, որ մեր վիճակը տեսնեք՝ կշշմեք: Էս երկաթից դուռը փակում ենք ու ոնց որ պադվալում ապրենք: Ցրտից ինչքան փալաս ունենք գցում ենք մեր վրա ու փետացած նստում ենք»,- ասում է Աննան` ավելացնելով, որ ձմռանն էլեկտրական սալիկը չեն միացնում, որովհետեւ հոսանքի պարտքն ի վիճակի չեն մարել: 5 տարեկան Անին շուտով դպրոց կգնա: Երազում է դպրոց գնալ ոչ թե աղբանոցից, այլ տնից: Աննայենց չորս անչափահաս երեխաներն էլ ընդամենը մեկ երազանք ունեն` տուն ունենալ: Գոռն անխոս ու տկար է: Ի տարբերություն քույր ու եղբոր, Գոռը շատ բան է հասկանում ու նախընտրում է լռել: Փոխարենը խոսում են նրա թախծոտ աչքերը: