Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես նորանկախ Հայաստանում մասնագիտությամբ մեխանիկ-էլեկտրիկ մի երիտասարդ Երեւանի փողոցներում հետեւում է «Կարմիր խաչի» մի ավտոմեքենայի: Գտնում է «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակն ու ներս է մտնում: Իսկ արդեն 1992թ. 27-ամյա Ռուբեն Մաիլյանն ընդունվում է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե (ICRC)` մշտական բնակություն հաստատելով Ժնեւում:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Ռուբենն իր ընկերների հետ 1988թ. երկրաշարժից հետո մեկնել է Սպիտակ` աշխատելու, հետո ընդունվել է փրկարար ջոկատ: Որպես կամավոր` սկսել է աշխատել գերմանական եւ ֆրանսիական «Կարմիր խաչերի» հետ: Մասնակցել է նաեւ Վրաստանի եւ Հյուսիսային Օսիայի երկրաշարժերից հետո տարվող փրկարարական աշխատանքներին: Ի դեպ, Ռուբենը մեկ օր անգամ իր մասնագիտությամբ չի աշխատել: Թերեւս ICRC-ում սկզբում աշխատել է որպես մեխանիկ, կիրառել է Պոլիտեխնիկական ինստիտուտում ձեռք բերած գիտելիքները: Անգլերենն էլ ինքնուրույն է սովորել, ընդամենը երեք ամսվա ընթացքում` գիշերները չքնելով: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք գործազրկության պատճառով է նա ընտրել այս աշխատանքը: «Ոչ, այս գործը ես համարում եմ իմ կոչումը»,- պատասխանեց նա:
Երեք անգամ Շրի Լանկայում
Ռուբենը երեք անգամ առաքելությամբ եղել է Շրի Լանկայում: Առաջինը` պատերազմի ժամանակ` 2000-2002թթ., երկրորդը` 2003թ. 1,5 տարով զինադադարի ժամանակ եւ երրորդ անգամ` 2008թ.: Մեկ անգամ էլ առաքելությամբ եղել է Ռուանդայում, ցեղասպանության ժամանակ: «Բախտս բերում էր, երեք անգամ էլ ինձ նույն երկիրն էին առաջարկում: Շրի Լանկային եւ նրա հարուստ մշակույթին ծանոթ էի արդեն, պատերազմի ենթատեքստը գիտեի: Ինձ համար ավելի հետաքրքիր էր ամեն անգամ Շրի Լանկա վերադառնալ եւ ամեն անգամ ավելացնել այն, ինչ ձեռք էի բերել այդ երկրում»,- ասում է Ռ. Մաիլյանը:
Նա հիացած է նախեւառաջ այդ երկրի սոցիալական կառուցվածքով, այն է` դասային համակարգով: «Նրանք հպարտ են այդ կառուցվածքով, քանի որ հենց դա է նրանց պահում: Ընդամենը 3-4 սոցիալական խավ ունեն, որոնք բաժանված են ենթախավերի: Օրինակ, հագուստ լվացողի երեխաներն ու թոռներն էլ են հագուստ լվացողներ: Ամենացածր խավը զուգարան մաքրողներն են, հաջորդ աստիճանին, օրինակ, ձկնորսներն են, հագուստ լվացողները, վարսավիրները: Դրանից հետո գյուղատնտեսներն են, փայտագործները եւ այլք: Վարչական աշխատողները ներկայացնում են հաջորդ սոցիալական դասը: Իսկ ամենաբարձրը հոգեւորականներն են: Ամեն մարդ իր մասնագիտությամբ իր խավի մեջ է ապրում: Օրինակ, դրսից կարող ես հասկանալ, թե տվյալ տունը որ խավի ներկայացուցչին է պատկանում: Բարձր խավի մարդկանց տները 2-3 շքամուտք ունեն: Բացի այդ, հստակ սահմաններ կան խավերի մեջ շփումների համար: Ասենք, բարձր խավի մարդիկ մյուս խավերի ներկայացուցիչներին տարբեր տեղեր են ընդունում. ամենացածր խավի ներկայացուցչին ընդունում են, կերակրում են, բայց իրավունք չունեն նույնիսկ դարպասից ներս թողնել: Իրենց խավի մարդուն արդեն տան մեջ են ընդունում: Շրի Լանկայում տարբեր խավերի մարդիկ իրար հետ առանձնապես չեն շփվում»,- պատմում է Ռուբենը: Իսկ Շրի Լանկայի ժողովրդից նա մի կարեւոր բան է սովորել` հայի տաքարյուն բնավորության փոխարեն հանգիստ բնավորություն է ձեռք բերել, երեւույթներին մոտենում է հանգստությամբ:
Պետք է ամուր հոգեվիճակ ունենալ
Ամեն անգամ երկրից երկիր տեղափոխվելն ու տարբեր քաղաքակրթությունների մեջ ապրելն ունի իր դժվարությունները: «Բայց դա յուրօրինակ ադրենալին է տալիս. երբ այն չկա, ձանձրույթ ես զգում: Պատկերացրեք, երբ ալպինիստը սարի գագաթն է բարձրանում, հաճույք է ստանում: Ինձ մոտ էլ նույն զգացումն է: Հավանաբար, պարտքի զգացումն ու հարմարավետությունը իմը չեն: Ժամանակին նախանձում էի այն գործընկերներիս, ովքեր վերադառնում էին առաքելությունից ու մեկ այլ երկիր էին գնում: Երեւի դա տարիքի հետ էլ է կապված: Գուցե 10-15 տարի հետո հոգնեմ եւ ցանկանամ ինչ-որ հանգիստ գրասենյակային աշխատանքի անցնել: Բայց հիմա, քանի դեռ հնարավորություն եւ առողջություն ունեմ, գնալու եմ առաքելությունների»,- վճռական տրամադրվածությամբ ասում է Ռուբենը: Ինչ վերաբերում է առողջությանն, ապա, նրա կարծիքով, այս պարագայում կարեւորն ամուր հոգեվիճակն է, առանց որի անհնար է դիմակայել: «Մեր աշխատանքի ժամանակ շատ մարդկային դրամաներ ես տեսնում: Այնտեղ, ուր գնում ես, կյանքը գորշ գույն ունի, մարդիկ կարիքի մեջ են: Իսկ ֆիզիկական առողջությունը բուժելի է: Ինֆեկցիա ես ստանում, գնում ես բժշկի, մի քանի օր չես աշխատում, հետո էլի վերադառնում ես նորմալ ռեժիմի»,- ասում է նա:
Դիտելով նրա լուսանկարները Շրի Լանկայում` հասկանում ես, որ այնտեղ զվարճանքն էլ յուրօրինակ դրսեւորումներ է ունեցել: «Երբ նման դժվար պայմաններում ես աշխատում, տուն վերադառնալուն պես ուզում ես ազատվել այդ սթրեսից: Մարդ կա` քնում է, մեկ ուրիշը գիրք է կարդում: Յուրաքանչյուրը յուրովի է լիցքաթափվում: Մենք հիմնականում շաբաթը մեկ անգամ հավաքվում էինք, երեկույթներ, թատրոն էինք կազմակերպում»,- պատմում է Ռուբենը` հավելելով, որ տեղաբնակները դրանց չեն մասնակցել: «Նրանք ուրիշ մշակույթ, հայացքներ ունեն: Մենք էլ նրանց նման չենք կարող քեֆ անել: Դրա համար էլ երեւի չի կարելի խառնել»,- ասում է նա:
Վիրավոր փղիկն ու 10 դոլարանոց կոկորդիլոսը
2000թ. Շրի Լանկայի ջունգլիներում, աշխատանքից տուն վերադառնալիս Ռուբենը փղի ձագ է գտնում` վիրավորված, մահամերձ վիճակում: Փղի ձագին տեղադրում է «Կարմիր խաչի» Toyota Landcruiser-ի մեջ եւ իր հետ բերում գրասենյակ: MSF-ի («Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություն) բժիշկների հետ Ժումբոյին (այդպես էին անվանել փղիկին) սկսում են կերակրել, ոտքի կանգնեցնել: Ընդ որում, կերակրելն էլ հեշտ գործ չի եղել. փիղն օրական 30 լիտր կաթ է խմել եւ 15 կգ բանան կերել: Մեկուկես ամիս բուժելուց հետո Ժումբոյին ուղարկել են Շրի Լանկայի հարավ, այսպես կոչված, «Վիրավորված փղերի ձագերի մանկատուն», որտեղ նա ապրել է երեք տարի:
«Հաջորդ անգամ երբ 2003թ. գնացի Շրի Լանկա, փոքրիկ ճանապարհորդություն կազմակերպեցի, բոլորին հավաքեցի, գնացինք ջունգլիներում այդ մանկատունը գտանք: Նրան բուժող բժիշկն ինձ ասաց, որ զգույշ մնամ, քանզի արդեն 3 տոննայանոց կենդանի է եւ կարող է ինձ չճանաչել: Սակայն, բարեբախտաբար, Ժումբոն ինձ ճանաչեց: Սկսեցինք նույն խաղերը խաղալ, ինչ 3 տարի առաջ, երբ նրան տանում էի լողացնելու: Ականջից էի քաշում, քթից, իրար հրում էինք: Դրանից մեկ ամիս հետո բժիշկը զանգեց ու ասաց, որ բուժման 3 տարին արդեն լրացել է, եւ փղին բաց են թողել ջունգլիներ: Ամեն դեպքում, դա իմ կյանքում շատ հետաքրքիր պատմություն էր»,- հիշում է Ռուբենը:
Սակայն, միայն փղին բուժելով եւ խնամելով՝ Ռուբենը չսահմանափակվեց: «Դրանից հետո ինձ կոկորդիլոս նվիրեցին, ավելի ճիշտ` ես այն գնեցի: Փախստականների ճամբարում էի ապրում, երբ որսորդներից մեկը կոկորդիլոս էր բռնել` միսը վաճառելու նպատակով: Վարորդներից մեկը գիտեր, որ կենդանիներ շատ եմ սիրում, ասաց. «Քեզ համար է բերել այս կոկորդիլոսը, եթե կարող ես՝ ձկնորսին մի քիչ փող տուր»: Մոտ 10 դոլարին համարժեք գումար տվեցի, երկու շաբաթ կոկորդիլոսին պահեցի լոգարանում, կերակրում էի, ուսումնասիրում: Հետո տարա բաց թողեցի:
Մեկ ուրիշ անգամ ջունգլիներից գտած երկու ընձառյուծի ձագ նվիրեցին, բայց դրանց մեկ շաբաթ պահեցի: Նախ, շատ արագ են մեծանում, երկրորդ, բավական ագրեսիվ կենդանիներ են: Համ էլ, «Կարմիր խաչի» աշխատողն ու ընձառյուծը իրար չեն համապատասխանում (համեստորեն ժպտում է.- Զ.Ս.): Շատ հաճախ իգուանաներ էլ էին բերում: Շատ վիրավորվածներին մորթում ուտում էինք, համով միս ունեին: Իսկ մյուսներին, որոնց հնարավոր էր փրկել, բուժում, բաց էինք թողնում: Միտքն այն էր, որ այդ կենդանիների դիմաց որսորդներին որոշակի գումար էի տալիս, որպեսզի նրանք կարողանային ընտանիք պահել:
Ինձ ոգեւորում էր նաեւ այն, որ ամեն երեկո այդ փախստականների ճամբարի հոգեւորականը երեխաներին հավաքում, բերում էր իմ «կենդանաբանական այգի». դա իմ բակն էր, որտեղ ունեի նաեւ ճագարներ, կրիաներ, ճապոնական հավեր, հնդկահավ»,- պատմում է Ռուբենը:
Նա համոզված է, որ յուրաքանչյուր առաքելություն իր յուրահատուկ կյանքն ունի, որին նա կարոտում է: «Բայց կարոտել ու միայն այդ առաքելությամբ ապրելն էլ սխալ է: Պետք է նորին պատրաստվես: Երբ նոր առաքելության ես գնում, պետք է փորձես նախորդի մասին չմտածել, պետք է այնպես անես, որ նորն իր հետաքրքրություններն ունենա»,- ասում է Ռուբենը:
Զավեն ՍԱՐԳՍՅԱՆ