Կիպրական պատկերները շարքից

28/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Կղզու հափշտակված մասում

Հարգելի ընթերցող, «168 Ժամը» ընդհատում է «Դիվանագիտությունը որպես հաղորդակցության միջոց» հոդվածաշարը: Մենք այդ թեմային կվերադառնանք մի փոքր ուշ, մանավանդ` նկատի ունենալով, որ այն որոշակիորեն հետաքրքրել է դիվանագիտությունն ուսումնասիրողներին: Իսկ այժմ, օգտվելով հոդվածաշարի հեղինակ Արման Նավասարդյանի այցելությունից Հյուսիսային Կիպրոս, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ առիթով նրա պատրաստած նյութերը:

Սուրբ Մակարավանք – Միջերկրականի կործանված հրաշալիք

Ասֆալտե սերպանտինը գալարվում է վեր` դեպի Պենտատաքթիլոսի լեռնաշղթա, հետեւում թողնելով Միջերկրականի բարկ արեւն ու հեղձուցիչ տապը: Շուրջը փարթամ բուսականություն է: Մեքենային ընդառաջ վազող ձիթենիների արանքից ծիկրակում է բազմերանգ մարգագետինը, որը լեռնալանջերին վերածվում է արեւի տակ պեծին տվող հսկայական գորգի: Տեսարանը հիշեցնում է Եվրոպայի Ալպերը եւ նման չէ ավազանի կղզիների չորոտ բնապատկերին: Կիպրոսի Հյուսիսը տարբերվում է Հարավից, եւ համոզվում ես, որ թուրքերը, իրոք, բռնազավթել են երկրի լավագույն հողերն ու բնության ընտիր կտորները: Սերպանտինը վերջանում է Ս.Մակարավանքի ճանապարհը մատնանշող ցուցատախտակի առաջ: Երկրի հունական եւ թուրքական մասերը իրարից բաժանող «Կանաչ գծի» բացվելուց հետո մի քանի անգամ եղել եմ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, սակայն այդպես էլ չեմ տեսել հռչակավոր վանքը: Այս անգամ կարծես թե բախտս բերելու է: Ձախ կողմում պիկնիկներին հարմարեցված ընդարձակ բացատ է, եվրոպական տիպի հարմարություններով` լվացարաններ, հանգստի սենյակներ, փայտե սեղան-նստարաններ, մանղալներ, աղբարկղեր: Օրինակելի մաքրություն: Հանգստացող ընտանիքներից մեկից փորձում ենք ճշտել Ս.Մակարավանքի ճանապարհը: Մեզ ուշադիր զննելուց հետո ընտանիքի տղամարդը հարցին պատասխանում է հարցով. «հա՞յ եք»։ Ստանալով դրական պատասխան, հայացքն ուղղում է դեպի ծխացող մանղալը եւ սիրալիր հրավիրում «քեբաբի»: Միջին տարիքի է, անգլերենը` բավական մաքուր: «Տեղացի թո՞ւրք է, թե՞ ներգաղթած»,- հարցնում եմ ինքս ինձ: Հետո մտածում եմ, որ եթե անգամ Թուրքիայից է, անգլերենը պետք է որ սովորած լինի այստեղ: Երբ 1974-ին թուրքերը ներխուժեցին կղզու Հյուսիս, սկզբում կիպրացիներին եւ հայերին քշեցին հայրական տներից, հետո այնտեղ բնակեցրին Անատոլիայի խորքերից բերված գաղթականների, որոնք անգլերեն, բնականաբար, առաջին անգամ լսում էին այստեղ: Մեր վիզավին ափսոսանք է հայտնում, որ չենք մնում իրենց հետ ճաշելու: Հետո լավ տեղեկացվածի տոնով հավաստիացնում է, որ «Ermeni Manastiri» (թուրք.)՝ «Հայկական վանք» հասնելու համար ստիպված ենք ոտքով բավական քայլել, քանի որ «մեքենայի ճանապարհը քանդված է»: Ինձ հետ ճանապարհորդող ընկերներս` Հայաստանում Իսպանիայի պատվո հյուպատոս Էդուարդ Խոջայանը, որն այդ օրերին հյուրընկալվում էր Լիմասոլում, եւ կիպրոսաբնակ ճարտարապետ Մերուժան Սարգսյանը, վայրկյան անգամ չեն երկմտում ընկերակցել ինձ: «Ջիպը» թողնում ենք «պիկնիկների» բացատում եւ շարժվում առաջ: Մի քանի հարյուր մետր քայլելուց հետո, իսկապես, դեմ ենք առնում ուղեփակի, վրան էլ՝ ամբարի մի մեծ կողպեք: Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ ուղեփակը շրջանցելուց եւ եւս մի քանի հարյուր մետր առաջանալուց հետո տեսանք, որ «ավերված» ճանապարհը` հրաշալի ավտոխճուղի էր: Այն սաղարթախիտ անտառի միջով շեշտակի իջնում էր մինչեւ ծով, հետո գոգավորվում` դառնում արտակարգ գեղատեսիլ, նարնջենիների հսկայական այգի: Առաջին միտքը, որ ծագում է մոտս, այն է, որ գտնվում ենք ուղիղ Կիլիկիայի դեմ դիմաց: Ե՛վ այն ափը, եւ՛ այս ափը թուրքական են: Այնինչ` առաջինը պետք է լիներ հայկական, երկրորդը` կիպրական, ինչպես որ դեռեւս Միջնադարում երազում էին Լուսինյանները: «Արդարամիտ» եւ «հայասեր» Ֆրանսիայի եւ նենգ ու թուրքասեր Ալբիոնի կեղծավոր եւ անհեռատես քաղաքականության շնորհիվ է, որ երկու ափերն էլ այսօր թուրքական են: Ես ասում եմ՝ անհեռատես, որովհետեւ նրանց խայտառակ քաղաքականության շնորհիվ էր, որ շահեցին ոչ թե իրենք, ինչպես որ, հավանաբար, հաշվարկել էին, այլ շահեց Թուրքիան: Ինչպես միշտ:

Մենք Ս.Մակարավանքում ենք, ավելի ճիշտ՝ այնտեղ, որտեղ այն գտնվել է: Եղածը տեսնելով, նոր ենք միայն հասկանում, թե ինչու են թուրքերը «թաքցնում» վանքը, ավելի ճիշտ՝ նրանից մնացածը: Ամենայն հավանականությամբ, «Կանաչ գիծը» բացվելուց հետո, տեղի իշխանությունները` վախենալով եվրոպական երկրների բացասական արձագանքից` դեմ-հանդիման միջնադարյան ճարտարապետական կոթողի ավերման փաստի, փորձում են ամբարի կողպեքով պարտակել կատարված խայտառակությունը:

…Հրաչյա Աճառյանի «Հայ գաղթականության պատմությունում» կարդում ենք, որ Ս. Մակարավանքը կառուցվել է 1111 թ., Կիպրոս` հայկական երկրորդ գաղթականության ժամանակ, երբ համայնքն այնքան մեծացավ, որ առաջացավ նման կառույցի անհրաժեշտությունը: (Առաջին գաղթականությունը եղել է 570 թ. Հույն-պարսկական պատերազմից հետո, երրորդը` 17-րդ դարում: Հավանաբար, մենք շուտով կխոսենք չորրորդ գաղթականությունից, որը տեղի է ունենում մեր օրերում` Հայաստանի անկախության պայմաններում): Ս. Մակարավանքի մասին գրվում է, որ այն Եգիպտացի ղպտի քրիստոնյաները 15-րդ դարում փոխանցել են հայերին: Պահպանված է օսմաներենով կազմված արձանագրությունը, որով վավերացվում է կատարվածը: Իսկ թե երբ եւ ինչպես է այն հայտնվել ղպտիների մոտ, այս հարցի պատասխանը ես ոչ մի տեղ չգտա: Այդ փաստաթղթից զատ, 18-րդ դարից` Թուրքական տիրապետության շրջանից, մեզ է հասել երկու հրովարտակ, որոնք ոչ միայն փաստում են վանքի հայկական պատկանելիությունը, այլեւ երաշխավորում են նրա անձեռնմխելիությունը եւ ազատում բոլոր կարգի տուրքերից: Պարադոքս: Ստացվում է, որ 20-րդ դարի թուրքի վարքագիծը հակադարձ համեմատակա՞ն է իր նախնիների քաղաքակրթությանը: Էլ չեմ ասում, որ մշակութային արժեքների պահպանության մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի տակ դրված է Թուրքիայի ստորագրությունը, իսկ 1970թ. Անկարան ստորագրել է մեկ ուրիշ կոնվենցիա եւս, որով արգելվում է այդ արժեքների ապօրինի արտահանումը, ներկրումը եւ տեղափոխումը: Սակայն դա ամենեւին չի խանգարել, որ թուրքերը վանդալիզմի ակցիա իրականացնեն Ս. Մակարավանքի, Ֆամագուստայի Կանչվոր մատուռի նկատմամբ, իսկ Նիկոսիայի Ս. Աստվածածին եկեղեցին` հայկական առաջնորդարանով եւ ազգային վարժարանով հանդերձ, վերածեն զորանոցի:

Այն, ինչին որ ականատես եղանք, հակացուցված է քաղաքակրթված մարդու ուղեղին եւ բանականությանը: Այստեղ կործանել են հավատի, լուսո եւ արարիչ մտքի տաճար: Իսկ որ հենց այդպիսին է եղել Ս.Մակարավանքը` մտացածին եզրահանգում չէ: Լինելով տարածաշրջանային աչքառու ճարտարապետական կոթողներից մեկը, այն հանդիսացել է կրոնական, կրթական եւ գիտական կենտրոն, հայ գրչության կարեւոր օջախ, ուր ստեղծվել են արժեքավոր ձեռագրեր: Դրանցից ամենահինը գրվել է 1202 թվին: Վանքի պատերից ներս ստեղծված ձեռագրերի մեջ մասնագետները նշում են մանրանկարազարդ Ավետարանը (1293 թ.) եւ Շարակնոցը (1678 թ.): Իսկ թե ինչ նյութական եւ մշակութային արժեքներ, քանի-քանի ձեռագրեր են ոչնչացվել թուրքական ներխուժումով, մենք երբեք չենք իմանա: Փրկվել են ընդամենը 59 ձեռագրեր, որոնք գտնվում են Անթիլիասի կաթողիկոսարանի թանգարանում: Մեծ են նաեւ ֆինանսական կորուստները: Վանքն ունեցել է հսկայական հողատարածքներ` 30.000 ձիթենիներով եւ պտղատու ծառերով: Կալվածքներից ստացված եկամուտը կազմել է տարեկան 8000 կիպրական ֆունտ ստեռլինգ` մեծ գումար այն տարիների համար: Այդ բոլորն այսօր անցյալ է: Նշենք նաեւ, որ 1425 թ. Ս. Մակարավանքը հայ ուխտավորների հանգրվան եւ Կիպրոսի հայոց հոգեւոր առաջնորդի նստավայր էր: 1895-97-ի հայկական ջարդերի փախստականներից շատերը ապաստան են գտել վանքի պատերից ներս:

…Մենք հպարտանում ենք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այդ իրավունքը վաստակել ենք: Նույն զգացմունքը կարող է ապրել կիպրացին: Դեռ ավելին, ի տարբերություն Հայաստանի, նրա տարածքի վրա պատմությունը թողել է տարբեր կուլտուրաների հուշարձաններ` եգիպտական, հռոմեական, հունական, բյուզանդական, ռուսական, հայկական: Հետաքրքիր մի իրողություն: Այո՛, թուրքերը կիպրական պատմական կոթողներն ավերել ու պղծել են, բայց այդ արել են այս կամ այն չափով` դրանք վերածելով մզկիթների, զորանոցների, պահեստների, անասնագոմերի: Իսկ հայկական կառույցների նկատմամբ եղել են շատ ավելի դաժան ու անողոք: Ս. Մակարավանքի ներկայիս սահմռկեցուցիչ պատկերը ասվածի աներկբա վկայությունն է: Եղծվել են հատկապես խորանները: Ուշադրություն դարձրեք պատկերված «ստեղծագործությանը». խաչ, դիմացը` թուրքական երկծայրանի զուլֆիքար կոչվող սուր, վրան` գրություն: Ալին, որի անունը անհայտ գրագիրն ամրագրել է խորանի պատին, Մոհամեդի զարմիկն է: Շիաները սրան նույնպես համարում են մարգարե, դնելով միեւնույն պատվանդանին: Եվ երբ «Ali» բառը միանում է «Ya» բառին, ստացվում է բոլորովին այլ իմաստ, դառնալով մարտական կոչ, ինչպես, օրինակ` «օնանդր», «մահ թշնամուն», «ոպռ ՋՌՊՏՉ» եւ այլն: «Ya Ali»-ն ոգեշնչել է ենիչերիներին գյավուր-անհավատներին կոտորելիս:

Փորձում եմ հասկանալ վանդալի հոգեբանությունը: Ըստ տրամաբանության, եւ՛ հայերը, եւ՛ հույն-կիպրացիները որպես կրոնակիցներ, քաղաքակրթության նույն արժեքները կրողներ, պետք է որ հավասարապես կիսեին թուրքի ավերածությունները: Ուրեմն, ինչո՞ւմ է բանը: Էթնիկական վենդետա՞, համազգային պարանոյա՞, երկու ժողովուրդների անհամատեղելիության մշտնջենական բարդո՞ւյթ: Որտեղի՞ց է սկիզբ առնում այս անափ ատելությունը: Մի՞թե 74-ին Կիպրոս ներխուժած զինվորը կարոտախտ է ապրել վեց տասնամյակ առաջ գործված նախճիրի նկատմամբ: Դժվարանում եմ ասել: Մյուս կողմից, չենք կարող շրջանցել այն պատմական ճշմարտությունը, որ կիպրացի բնիկ թուրքերի եւ հայերի հարաբերությունները միշտ եղել են կոռեկտ, անգամ` բարիդրացիական: Հայկական Մեծ եղեռնից հետո Կիպրոս եկած հայերը ապաստան են գտել տեղի թուրքերի մոտ: Իսկ Կիպրոսի 20-ական թվականների պահպանված հունատառ թերթերը հայ փախստականներին արհամարհանքով անվանել են «բոբիկ մուրացկաններ»: Իհարկե, կղզու թուրքական մասում հայերի իջեւանելը բացատրվում է նաեւ նրանց թուրքերենի իմացությամբ: Սակայն չչափազանցեցնենք լեզվի գործոնը մարդկային փոխհարաբերություններում: Նույն լեզով խոսելը միշտ չէ, որ կապող օղակ է դառնում անգամ նույն ազգի տարբեր խմբերի միջեւ: Իրենց հայրենակիցներին հունական խունտայից պաշտպանելու պատրվակով Կիպոս ներխուժած թուրքական զորքերն ու նրանց հետքերով ներգաղթած թուրքերը չմերվեցին տեղի իրենց հայրենակիցների հետ: Վերջիններս չսիրեցին պատմական հայրենիքից եկածներին, եւ շատերը հեռացան իրենց մշտական բնակավայրերից:

…Երբ հրաժեշտ էինք տալիս Ս. Մակարավանքի փլատակներին, հորդառատ անձրեւ սկսվեց: Մինչեւ «պիկնիկների» բացատ հասնելը, ուր այլեւս մարդ չկար, թրջվել էինք մինչեւ վերջին թելը: Արդյո՞ք ամառային Կիպրոսի համար հազվադեպ անձրեւը խորհրդանշում էր ինչ-որ բան: Իսկ ինչպե՞ս է այսօր դասավորվում վանքի ճակատագիրը: Մի որոշ ժամանակ այստեղ «սննդի օբյեկտ»` քաբաբանոց «աշխատացնելուց» հետո, 1999-ին տեղի թուրքական իշխանությունները մտադրվել էին վանքը վերակառուցել եւ դարձնել հյուրանոց: Հայաստանի եւ Կիպրոսի` միջազգային կազմակերպություններում արված դեմարշի շնորհիվ այդ ծրագիրը կասեցվեց: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրականորեն է արձագանքել Ս. Մակարավանքի վերանորոգման առաջարկին: Սակայն առայսօր որեւէ կոնկրետ քայլ արված չէ: Անկարայի եւ Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները դեմ չեն վանքի վերանորոգմանը, սակայն՝ առանց ֆինանսական մասնակցության:

Ըստ երեւույթին, թուրքերը մեծ հույսեր են կապում բռնազավթած տարածքներում տուրիզմի զարգացման հետ, որի համար անհրաժեշտ են դրական քաղաքական իմիջ եւ համապատասխան ինֆրաստրուկտուրա: Իսկ Եվրոպա մտնելու համար Անկարային պետք է «մաքուր կենսագրություն»: Ինչեւէ, հարկ է օգտվել այս անսպասելի բարեպատեհությունից եւ «խառնվել» խնդրի լուծմանը` ակտիվ քայլեր ձեռնարկելով Արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարությունների մասնակցությամբ: Թուրքիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որի համոզված կողմնակիցներից մեկն եմ համարում ինձ, իր հերթին, անպայմանորեն, կհեշտացնի այդ գործընթացը: Հաշվի առնելով կիպրացի թուրքերի լիդեր Ալի Թալաթի եւ Կիպրոսի նախագահ Քրիստոֆիասի շարունակական բանակցությունները, կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ վերջինիս խնդրել, որպես բարեկամ երկրի ղեկավարի, նշված բանակցություններում քննության առարկա դարձնել Ս. Մակարավանքը:

…Հայաստանում այսօր գտնվում են պաշտոնյաներ, ովքեր հետադարձ հայացքով քննադատում են Խորհրդային Հայաստանի սփյուռքի քաղաքականությունը: Մինչդեռ նրանք շատ բան ունեն սովորելու նրանցից, ովքեր, փաստորեն, տոտոլիտար ռեժիմի պայմաններում, ցուցաբերում էին անձնուրաց հայրենասիրություն, երբ խնդիրը վերաբերում էր ազգային արժեքներին: Միայն Երուսաղեմի հայկական հազվագյուտ ձեռագրերը Լոնդոնի «Սոտբիսի» աճուրդից փրկելը եւ պատրիարքարան վերադարձնելը այդ անկաշառ հայրենասիրության բազմաթիվ օրինակներից մեկն է: Նախկինների օպոնենտները գիտե՞ն արդյոք, որ 60-ականներից սկսած` մինչեւ իրենց իշխանության գալը, աշխարհով մեկ հայտարարված էր «Մշակութային արժեքների հայրենադարձություն», եւ քիչ չէին դեպքերը, երբ կոպեկներով արտասահման գործուղված մարդիկ ձգտում էին որեւէ մասունք բերել Հայրենիքի եւ սերունդների համար: Այսպիսի Հայաստան էլ է եղել:

Ս. Մակարավանքը ազգային գանձ է նրա սահմաններից անդին, եւ հարկ է պետական մակարդակով անել հնարավորը` մեր սերունդների եւ քաղաքակիրթ աշխարհի համար այն փրկելու ուղղությամբ:

Անկեղծ ասած, ես առանձնապես մեծ հույսեր չեմ փայփայում այս հաշվով: Նույն Կիպրոսում, աշխարհի համայն հայության աչքի առաջ մենք կորցնում ենք ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ ազգային հարստություն` Նիկոսիայի նշանավոր Մելքոնյան վարժարանը, որը կամ փակվել է եւ կամ փակվելու շեմին է: Ամենեւին էլ ոչ թուրքերի պատճառով: Այն վերացնում ենք մենք` հայերս: Այդ մասին` «168 Ժամի» գալիք էջերում:

Շարունակելի