Տեսաք` ինչ եղավ

26/10/2009

«Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է»,- շաբաթ օրը Պրահայում «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից՝ բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. «Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատեւ եւ լուծում չստացած տարաձայնություններում»: Նշելով, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից, Բայդենն ասել է. «Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը»: «Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն, ես կպնդեի, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ եւ ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի եւ Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջեւ են կանգնած: Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում,- ասել է Բայդենը` ավելացնելով,- Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, եւ, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես»: