Այսօր լրանում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-րդ տարելիցը: Տասը տարի անց եւս այս ոճրագործության հետ կապված հասարակությանը հայտնի է այն, ինչ հայտնի էր 1999 թ. այդ ողբերգական օրը: Տասը տարի անց եւս հասարակությունն ունի ամենեւին չփարատված այն նույն կասկածները, որոնք ծնվեցին հենց ոճրագործությանը հաջորդած պահերին ու ամիսներին: «Հոկտեմբերի 27»-ը տասը տարի անց եւս մնում է չբացահայտված: Մինչդեռ, «Հոկտեմբերի 27»-ի արդյունքում Հայաստանը կորցրեց ոչ միայն բացառիկ պետական-քաղաքական գործիչների, այլ նաեւ մխրճվեց այնպիսի քաղաքական-հասարակական ճգնաժամի մեջ, որը շարունակվում է մինչեւ այսօր: Ամենեւին չափազանցված չեն այն գնահատականները, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ի շարունակությունն էին: Տրամաբանական ու օրգանական շարունակությունը: Քանի որ հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական ու արժեքային համակարգի արմատական փոփոխություն, որի արդյունքը ներկայիս քաղաքական դաշտն է` իր բոլոր ձեւախեղումներով: «Հոկտեմբերի 27»-ի նաեւ իրականում ոչինչ չբացահայտած դատավարությունից հետո «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատները հայտարարեցին, որ ոճրագործության իրական պատվիրատուները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո: Անցած տասը տարիների իշխանություններն իրենց գործողություններով կամ անգործությամբ ապացուցեցին դա: Մինչդեռ այսօր «Հոկտեմբերի 27»-ի իրական կազմակերպիչների բացահայտումը ավելի կարեւոր է, քան գուցե 10 տարի առաջ: Իսկ մինչ այդ մնում է միայն հարգանքի տուրք մատուցել «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին` Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Ռուբեն Միրոյան, Յուրի Բախշյան, Հենրիկ Աբրահամյան, Միքայել Քոթանյան, Արմենակ Արմենակյան, Լեոնարդ Պետրոսյան: