Մինչ այժմ Հայոց լեզու եւ գրականություն առարկայի բանավոր քննությանը
մասնակցած 430 դիմորդից 125-ը ստացել է անբավարար: Հայոց լեզվի եւ
գրականության բանավոր քննության առարկայական հանձնաժողովի անդամ Սերժ
Սրապիոնյանի շուրջ 4 տարիների սեփական փորձից կատարած վերլուծությունը
ցույց է տալիս, որ նյութի իմացության առումով, այնուամենայնիվ, որոշ
առաջընթաց կա: Սակայն զավեշտալի դեպքերը շարունակվում են:
«Երեխան պատմում է Խ. Աբովյանի կենսագրությունը եւ ասում. «Ծնվելուց հետո
ուղարկեցին Ամերիկա եւ այդպես էլ չվերադարձավ» Նա պիտի մտածի՝ եթե
Ամերիկայից չի վերադարձել, ապա ո՞վ է հիմնադրել հայ նոր գրականությունը»,-
պատմում է Սերժ Սրապիոնյանը: Նրա հիշած հաջորդ զավեշտը Գեւորգ Մարզպետունի
վեպից է եղել. «Հարցնում եմ՝ ինչո՞ւ Ցլիկ Ամրամը մերժեց Մարզպետունուն՝
միանալ ապստամբությանը, դիմորդը պատասխանում է, թե Ամրամը խորը վիրավորված
էր Մարզպետունուց, քանի որ վերջինս գիտեր, որ Ասպրամը Աշոտ Երկաթի հետ է
եւ իրեն չէր ասում: Սա կենցաղային բամբասանքի մակարդակից չի բարձրանում»:
Իսկ ահա Նոր Գեղիից եկած Տաթեւիկը չի իմացել՝ թե ի՞նչ է եղել «Սասունցի
Դավթի» կին հերոսուհիներից Գոհարի վերջը: «Մի քանի տարի առաջ եմ կարդացել,
շա՞տ եմ հիշում»,- ասել է դիմորդը: Նա ստացավ 9 միավոր, սակայն
բողոքարկման արդյունքում հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ընդառաջեց
եւ գնահատականը դարձավ 10:
Այս քննությանը մասնակցում են Բանասիրություն եւ Լրագրություն
մասնագիտություններն ընտրած դիմորդներ, որոնց թվում գերակշռում են
աղջիկները: «Խախտելով կարգը, մենք հաճախ թույլ իմացող տղային մի քիչ ավելի
բարձր ենք գնահատում, որպեսզի հաղթահարի մրցութային շեմը: Դժբախտաբար,
նրանք քիչ են դիմում եւ դիմում են անպատրաստ»,- նկատեց պրն Սրապիոնյանը:
Վերջինս նշում է, որ այս տարի առավել լավ պատրաստված դիմորդները գնում են
դեպի լրագրություն. «Նրանց պատասխաններն ավելի գոհացուցիչ են եւ բարձր են
գնահատվում»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ, բանասիրության նկատմամբ թեթեւակի աշխուժություն կա այս
տարի, ինչը, ըստ Ս. Սրապիոնյանի, անհետացել էր մարդկանց առօրյա համակարգչի
կամ ինտերնետի ներխուժման հետեւանքով: «Մենք ուղղակի անպատրաստ էինք
տեխնիկական հզոր մուտքին, ինչը խլեց դպրոցական երեխաների ժամանակի մեծ
մասը եւ թույլ չտվեց կարդալ գրքեր: Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ: Բայց
գրքի եւ երեխայի խաթարված բարեկամությունը վերականգնելու ուղղությամբ
ինչ-որ ձեւեր պետք է մտածել կամ դպրոցում, կամ համալսարանում»,- կարծում է
նա:
Ս. Սրապիոնյանը մարզերից հիշում է դիմորդների լավ պատասխաններ՝ Մեղրիից,
Մարտունուց, Գյումրիից. «Գյումրին կարծեք թե մայրաքաղաքից անցնում է իր
յուրօրինակ սիրով դեպի բանասիրությունը»,- նշեց Հայոց լեզու եւ
գրականություն բանավոր քննության առարկայական հանձնաժողովի անդամը: