Ազատ շարադրություն

26/10/2009

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվող դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձել է դատարանից պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ինչ հանցանքում է ինքը մեղադրվում: Ընթերցելով իր մեղադրական եզրակացությունում 7-ի գործով մեղադրյալների անունները, նա ասել է, թե մեղադրանքն այնքան ընդհանրական է, որ ինքը չի կարողանում հասկանալ` կոնկրետ ինչում են իրեն մեղադրում եւ ովքեր են այդ եզրակացությունում նշված «մյուսները»: «Ուզում եմ հասկանալ` ի՞նձ եք դատում, թե՞ մյուսներին»,- հարցրել է Փաշինյանը: «Սա իրավական փաստաթո՞ւղթ է, թե՞ դիմորդի գրած ազատ շարադրություն»,- շարունակել է նա` ընթերցելով մեղադրանքի հետեւյալ հատվածները. «ՀՀ-ում դժգոհություն առաջացնելու, սադրիչ ելույթներ ունենալու, անհնազանդության կոչեր անելու, ուժ գործադրելու պատրաստակամություն հայտնելու»: Փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես պահանջել է հստակեցնել մեղադրանքը եւ խնդրել է մանրամասնել, թե 2008 թ. մարտի

1-ին ի՞նչ խմբերի է բաժանվել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, արդյո՞ք դա բաժանել է Ն. Փաշինյանը, կոնկրետ ո՞ւմ գործողությունների արդյունքում է 10 մարդ զոհվել: Սակայն, այս հարցերի կապակցությամբ պարզաբանումներ չեն տրվել: Այնուհետեւ դատարանն անցել է ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն, ըստ որի, նախ կհարցաքննվեն տուժողներն ու վկաները, ապա կհետազոտվեն գործում եղած փաստաթղթերը, իսկ վերջում կհարցաքննվի Ն. Փաշինյանը: Մինչ այդ երեկ հարցաքննվել է հոկտեմբերի 23-ի դեպքերի հետ կապված «տուժող» Վազգեն Դաբաղյանը: Նա մոտ 2 ժամ պատմել է, թե 2007 թ. հոկտեմբերի 23-ին ինչպես է ինքը ժամանել Աբովյան-Կորյուն խաչմերուկի մոտ, որտեղ 150 «կարգ խանգարող» ցուցարար էին հավաքված: «Բոլորն ասում էին, որ ոստիկանները իշխանությունների ստրուկներն էին: Հայհոյում էին իշխանություններին եւ Ոստիկանության ներկայացուցիչներին: Փաշինյանը բարձրախոսը ձեռքին ինչ ասում էր` բոլորը կրկնում էին: Նիկոլը մի ձեռքով թափահարում էր բարձրախոսը, մյուսով քաշքշում էր հավաքվածներին եւ ոստիկաններին: Այդ ընթացքում, երբ խառնաշփոթ էր, նա ոտքով հարվածեց աջ ոտքիս»,- ասել է վկան՝ ընդգծելով, որ անընդհատ ուշադրություն է դարձրել Փաշինյանի ձեռքի բարձրախոսին: Փաշինյանի եւ նրա փաստաբանների հարցերը, սակայն, խճճել են վկային եւ նա սկսել է ինքն իրեն հակասել: «Մարմնական վնասվածք չեմ ստացել, ուղղակի ոտքս ցավաց»,- ասել է Ղարիբյանը: «Այդ 150 մարդու միջից Դուք ճանաչեցիք իմ ո՞տքը, իմ կոշի՞կը, դուք իմ ձեռքի՞ն էիք նայում, թե՞ ոտքիս, թե՞ միաժամանակ՝ եւ՛ ոտքիս, եւ՛ ձեռքիս, խնդրում եմ կողմնորոշվեք»,- վկային հարցրել է Փաշինյանը: «Ես տեսել եմ»,- պատասխանել է վկան` չմանրամասնելով, թե Փաշինյանն ինչպես եւ ինչ պայմաններում է խփել իր ոտքին: Երեկվա դատական նիստին մասնակցել են նաեւ մարտի 1-ին զոհվածների հարազատները, ովքեր հայտարարել են, որ եկել են աջակցելու Ն. Փաշինյանին, քանի որ համոզված են, որ նա որեւէ դատապարտելի արարք չի կատարել: