Ազգային ժողովը երեկ կրկին քննարկումների օրակարգ չընդգրկեց մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված նոր ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկությունները:
ՀՅԴ-ն առաջարկում էր ստեղծել մոնիտորինգի հանձնաժողով, որը կհետեւեր Սամվել Նիկոյանի զեկույցում արված առաջարկությունների իրականացման ընթացքին: Իսկ «Ժառանգությունն» ընդհանրապես առաջարկում էր ստեղծել մարտյան դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով: ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեխնիկական պատճառներով այդ երկու նախագծերը չընդգրկեց քննարկման օրակարգ: Երեկ էլ որպես դրանք օրակարգում չընդունելու պատճառ՝ նշեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 37-րդ հոդվածը, ըստ որի՝ գլխադասային` Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծերին: ՀՅԴ-ն առարկեց, թե ԱԺ մեկ այլ` 22-րդ հոդվածի համաձայն՝ իրենց նախագիծն, ամեն դեպքում, նույնիսկ առանց քվեարկության պետք է ընդգրկվի քննարկումների օրակարգում: Բայց այդպես էլ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» նախագծերը չարժանացան պատգամավորների կողմից քննարկվելու բախտին: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց 15 օրով հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի այդ ընթացքում իրենք կարողանան խորհրդարանական մյուս ուժերի հետ բանակցություններ վարել: «Մենք չենք ասում, որ դեմ ենք, մենք ասել ենք, որ կողմ ենք նման հանձնաժողովի գործունեությանը, բայց դրա համար նոր հանձնաժողով պետք չի ստեղծել: 12 մշտական հանձնաժողովներից մեկի վրա դնենք այդ պարտականությունը»,- հակադարձեց Հ.Աբրահամյանը:
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որն էլ անցած շաբաթ բացասական եզրակացություն է տվել ՀՅԴ-ի ու «Ժառանգության» երկու առաջարկներին: Եվ մերժման համար հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատճառաբանել էր, թե ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ մշտական հանձնաժողովներից մեկն իրականացնի այդ ֆունկցիան: Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքը մշտական հանձնաժողովին նման լիազորություն է ընձեռել ընդամենը նախորդ քառօրյայում կատարված համապատասխան փոփոխությամբ: Եվ հենց այստեղ էլ պարզ է դառնում, թե այդ երկու նախագծերն անցած քառօրյայում ինչ տեխնիկական պատճառներով չընդգրկվեցին օրակարգ: Այն ժամանակ փոփոխությունը դեռ չէր ընդունվել: Ընդ որում, այդ փոփոխությունն էլ արվել է նախագծի երկրորդ ընթերցումից անմիջապես առաջ, եւ հեղինակն էլ Դ.Հարությունյանն է: Առաջին ընթերցման ժամանակ դա եղել է ընդամենը պարզ տեխնիկական առաջարկ, վերջին պահին ներմուծվել է որպես նման դրույթ, եւ պատգամավորներից շատերը չեն հասկացել, թե ինչի համար են քվեարկել: Ամեն դեպքում հիմա ԱԺ մշտական հանձնաժողովն արդեն ունի նաեւ ժամանակավոր հանձնաժողովի իրավասություններ: Բայց սա արդեն, ըստ մի շարք օրենսդիրների, հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
«ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում նսեմացվեց ժամանակավոր հանձնաժողովի գաղափարը, տրամաբանությունը, նպատակը: Ըստ Սահմանադրության, ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները տեղեկանքների, եզրակացությունների տեսքով ներկայացվում են ԱԺ-ին: Մինչդեռ մշտական հանձնաժողովը տալիս է միայն եզրակացություն: Կարծում եմ, որ այդպիսով խեղաթյուրվում է մոնիտորինգի ողջ գաղափարախոսությունը, որովհետեւ ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկվելու էին ոչ միայն խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչները, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության, օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները»,- ասում է նախագծերից մեկի հեղինակ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքերով, Ս.Նիկոյանի զեկույցում արված առաջարկությունները վերաբերում էին ոչ միայն ԱԺ 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին, այլ ընդգրկում էին ողջ հասարակական տիրույթը: «Հետեւաբար ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկը չի կարող մյուս 11-ի նկատմամբ ունենալ գերակայություն: Խախտվում է հավասարության սկզբունքը: Մյուս խախտված սկզբունքն այն է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն աշխատել է կոնսենսուսի եւ ոչ թե քվեարկության սկզբունքով: Մեր առաջարկության իմաստն այն էր, որ այս նորաստեղծ հանձնաժողովն էլ պետք է աշխատեր հասարակական կոնսենսուսի եւ ոչ թե պարտադիր քվեարկության սկզբունքով: Մշտական հանձնաժողովներում իշխող կոալիցիան ունի մեծամասնություն, եւ իրենք եթե մտածում են, որ անպայման պետք է քվեարկությամբ անցկացնեն ցանկացած բան, ուրեմն պարտադրանք է լինելու: Այսինքն՝ կորում է Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությամբ տրված առաջարկությունների մոնիտորինգ իրականացնելու իմաստը»,- ավելացնում է Ա.Մինասյանը: Նրա համոզմամբ, անցած քառօրյայում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքը եւ իրենց նախագծերին 2 օրվա ընթացքում եզրակացություն չի տվել: «Հիմա ես մեղադրում եմ այդ հանձնաժողովին, որ կանխամտածված խախտել է օրենքի պահանջը, որպեսզի իրացնելի դարձնի ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու իր նախաձեռնությունը, որպեսզի դա հետագայում վերապահի իր հանձնաժողովին»,- ասում է Ա.Մինասյանը: Դժվար չէ բացատրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ.Հարությունյանի տրամադրվածությունն այս հարցում: Արդարադատության նախկին նախարարն իր գլխավորած հանձնաժողովով փորձում է ինչ-որ չափով վերահսկողություն ունենալ Ոստիկանության, դատական, Դատախազության եւ այլ ոլորտների վրա: Նիկոյանն իր զեկույցում առաջարկել էր իրավական, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում իրականացնել տարատեսակ փոփոխություններ: Դ.Հարությունյանն էլ որոշել է օգտվել այդ հնարավորությունից եւ նորից մուտք ունենալ այդ ոլորտներ: Արդյունքում պարզ կդառնա, թե Դ.Հարությունյանն իր հանձնաժողովով որքան «գոլորշի կարող է բաց թողնել»: Ի դեպ, բացառված չէ, որ վերջինս ափսոսանքով է վերաբերվում այն հանգամանքին, որ մարտյան դեպքերն ուսումնասիրելու համար 1,5 տարի առաջ ստեղծվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Ամենայն հավանականությամբ, պարոն Հարությունյանն այդ ժամանակ չէր կռահել, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում կարելի է փոփոխություն անել եւ զբաղվել այն գործով, ինչի համար այդքան քննադատվեց Սամվել Նիկոյանը: