2008թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) 5806 անձանցից ստացել է 4090 դիմում-բողոք, որից 1227-ը՝ գրավոր (դրանցից 58-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 1774 դիմումատուի կողմից), իսկ 2863-ը՝ բանավոր:
Այս մասին երեկ ԱԺ-ի գրեթե դատարկ դահլիճում հայտարարեց ՄԻՊ Արմեն Հարությունյանը` ներկայացնելով 2008-ի ընթացքում իր գործունեության եւ ՀՀ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը այս զեկույցը հրապարակել էր դեռեւս 2009-ի մարտ ամսին: Այն ժամանակ այս զեկույցը արժանացել էր հատկապես ՀԱԿ-ի խիստ քնննադատությանը: ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում նշվել էր, որ ՄԻՊ-ը «ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչախմբի փաստաբանի դերը» եւ դարձել «ռեպրեսիվ քաղաքական համակարգը սպասարկող ինստիտուտ, որ նպատակ ունի «անաչառ» գնահատողի հանդերձանքով ստեղծել ժողովրդավարական գործընթացների իմիտացիա»: ՄԻՊ-ին քննադատել էր նաեւ Դատախազությունը, քանի որ նրա զեկույցում այս կառույցը բնութագրվել էր որպես «ռեպրեսիվ կառույց»: Ինչեւէ, երեկ պատգամավորները հնարավորություն ստացան հարցեր ուղղել ՄԻՊ-ին ու հանդես գալ ելույթներով: ՄԻՊ նախկին պաշտպան Լ. Ալավերդյանը հարցրեց, թե արդյո՞ք բարձրացել է ՄԻՊ-ի գործունեության արդյունավետությունը վերջին տարիներին: Ա. Հարությունյանը նշեց, թե ՄԻՊ արդյունավետությունը կարելի է գնահատել այլ պետական մարմինների հետ համագործակցության համատեքստում: «Օրինակ` 6000-ից ավելի քաղաքացիների իրավունքները վերականգնվել են Պաշտպանի կողմից ՀՀ ՍԴ ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումի բավարարման արդյունքում: Կամ Աշխատանքի տեսչություն դիմեցինք եւ կոնկրետ փաստերով նշեցինք, որ երկրում կա աշխատանքային շահագործման ինստիտուտ: Եթե չեն համագործակցում մեզ հետ, այստեղ մենք արդյունքի հասնել չենք կարող, կարող ենք միայն հարցեր բարձրացնել»,- նշեց Ա. Հարությունյանը: Գնահատելով ՄԻՊ-ի ու ԱԺ-ի համագործակցությունը` Ա. Հարությունյանն ասաց, թե լավ կլիներ, որ ինքը տարեկան զեկույցները ԱԺ ներկայացներ ավելի շուտ: «Այն, ինչի մասին ես այսօր խոսում եմ, կարծես թե այլ միջավայրում է ստացվում, իսկ իմաստ կունենար, եթե պաշտպանը, այսպես ասած, տաք հետքերով գար ներկայացուցչական մարմին»,- նշեց Ա. Հարությունյանը: Սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում, ըստ ՄԻՊ-ի, խնդիրը ոչ թե օրենսդրության մեջ է, այլ «իրավակիրառ պրակտիկայի»: «Այդ պատճառով էլ միակ տեղը, որտեղ մարդիկ հասնում են արդյունքի, դա Ստրասբուրգի դատարանն է: Ինչպես ՀՀ-ում տոտալ ոչ մի քաղաքացի չշահեց այս ժամանակահատվածում, այդպես էլ տոտալ բոլոր քաղաքացիները Ստրասբուրգի դատարանում շահել են, եւ սա արդեն մտահոգիչ է»,- ասաց Ա. Հարությունյանը: Ըստ նրա՝ կան 4-5 մարմիններ, որոնց աշխատանքից քաղաքացիները ամենաշատն են դժգոհում եւ դիմում ՄԻՊ-ին: «Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ, քաղաքապետարան, սրանք են այն կառույցները, որոնք պարբերաբար տեղերով փոխվում են, բայց առաջին հնգյակում են»,- նշեց Ա. Հարությունյանը` հավելելով, սակայն, որ չպետք է առանձին վերցրած մի կառույցի մեղադրել, քանի որ խնդիրը «ինստիտուցիոնալ համակարգային է» եւ «չեն կարող բոլորը դրական աշխատել, մեկը` վատ, կամ հակառակը»: Մարտի 1-ի պատճառը եւս նա փնտրում է համակարգային խնդիրների շարքում` հաշվի առնելով «սոցիալ-տնտեսական բեւեռացումը, մենաշնորհային տնտեսական համակարգը, միակենտրոն քաղաքական համակարգը եւ այլն»: Զարմանալի «զուգադիպությամբ» այս գնահատականները գրեթե բառացիորեն արտահայտված էին նաեւ Սամվել Նիկոյանի զեկույցում: «Դրանք էին Մարտի 1-ի պատճառները, ոչ թե, որ մի քանի հոգի որոշեցին այդքան մարդ հավաքել եւ այլն: Ես Մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցին դրական գնահատական տվեցի, որովհետեւ հանձնաժողովը պատճառահետեւանքային հարցերի վերաբերյալ օբյեկտիվ գտնվեց: Այսինքն` հանձնաժողովի այդ եզրակացության մեջ, որ ղեկավարում էր պարոն Նիկոյանը, հստակ նշվեց, որ պատճառները սրանք են եղել, եւ այդ պատճառների համար պատասխանատու է իշխանությունը: Այս պատճառների վերացման տեսակետից եւս նշեցին, որ այս ու այս քայլերը պետք է արվի եւ դրա պատասխանատուն է իշխանությունը»,- ասաց Ա. Հարությունյանը: Իրենց ելույթներում ԱԺ իշխանական պատգամավորները հիմնականում գովեցին Ա. Հարությունյանին: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն իր ելույթում ասաց, թե պաշտպանը ճիշտ է արել, որ զեկույցում ամեն ինչ հիմնավորել է փաստերով: Նա սակայն դժգոհեց զեկույցի` Մարտի 1-ին վերաբերող հատվածից` ասելով, թե «պաշտպանը խորացրել է մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ իր դատողությունները, իշխանության տարբեր թեւերի դրական քայլերի մասին ոչ մի բառ չի ասում»: «Բայց լավն այն է, որ պաշտպանն այժմ արդեն կարգավորում է իր աշխատանքը, լրացնում այդ բացը, եւ դրանք, հանձնաժողովի կարծիքով, այլեւս չեն կրկնվի, հակառակ դեպքում նորից խոսել Մարտի 1-ից, նորից ընդդիմությանը խրախուսել, սխալ կլինի»,- ուրախ վրա բերեց Ռ.Պետրոսյանը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն էլ պաշտպանին հորդորեց լինել «մաքսիմում օբյեկտիվ»: