Երեկ ԱԺ միջանցքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
– Պարոն Ծառուկյան, ինչո՞ւ չմեկնեցիք Բուրսա` մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը:
– Ես ասել էի, որ չեմ գնալու, քանի որ ես որտեղ գնամ, պետք է մենք հաղթենք: Հիմնական խնդիրը սա է:
– Վստա՞հ էիք, որ Հայաստանի հավաքականը չի հաղթելու:
– Այո, իհարկե, դրա համար էլ չէի գնացել:
– Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական արձանագրություններին: Կարծիք կա, որ դրանցում առկա են նախապայմաններ:
– Ես բոլորին ասել եմ, երկրի նախագահն ասել է, ԱԺ նախագահն ասել է, որ առանց նախապայմանների են այդ հարաբերությունները: Նախապայմաններ եղան՝ բոլորս հրաժարվելու ենք: Մենք չենք կարող ազգի անունը վաճառել: Ասել ենք` դիվանագիտական կապի ստեղծում, ճանապարհների բացում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չպետք է ունենան այս հարաբերությունները:
– Թուրքական կողմը շատ է խոսում այն մասին, որ նախապայմանը կապված է ԼՂ խնդրի հետ:
– Նրանք գլուխները պատին են տալիս: Մենք չենք կարող տալ: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ մեր ասածը չեք ընդունում, իրենց ասածն ընդունում եք: Մենք ասում ենք` հարաբերություններ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան՝ մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը, ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
– Վերջերս ինտերնետում տեսահոլովակ էր հայտնվել, որում, ըստ շրջանառվող լուրերի, ձեր առյուծների վանդակում էշ էիք նետել, եւ առյուծներն ուտում էին դրանց:
– Մարդիկ ընկնում են շանտաժի հետեւից: Հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք` Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան: Աշխարհում այդպիսի կենդանիներ չկան: Իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ, եւ առավել եւս` առյուծը որպես հզոր կենդանի, ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ:
– Ինչո՞ւ եք կենդանիներ պահում:
– Սիրում եմ, պահում եմ: Չհասկացա, դա արգելվա՞ծ է:
– Իսկ ինչո՞վ եք դրանց կերակրում:
– Հորթի մսով: Օրական ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես:
– Իսկ գուցե այդ կենդանիները նվիրեք Կենդանաբանական այգուն:
– Գազանանոցին այնքան եմ նվիրել… հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: Որ, ասենք թե, «Շանթ» հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք կատարվել, Ծառուկյանի վրա էին գցում: Ծառուկյանն ինչ որ անում է, բացահայտ ասում է: Բայց հիմա ստից բան են ման գալիս, որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում:
– Ձեր կարծիքով՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ինչպե՞ս է ազդել ՀՀ-ի վրա:
– Դա ամբողջ աշխարհով մեկ է ազդել` Ամերիկայից սկսած: Այսօր, որ այդպես մեծ-մեծ խոսում են, Ամերիկայում քաղաքներ են փակված, որոնք էժան գներով վաճառվում են: Իսկ ես մինչեւ այսօր ոչ մի գործատեղի չեմ կրճատել, եւ ամբողջ թափով գործում եմ, որ ցույց տամ, որ կապված եմ երկրի հետ: Պետք է ամեն մեկս մեր չափով պիտանի լինենք երկրին, որ ամեն ինչ նախագահի կամ վարչապետի վրա չընկնի: Եթե ժամանակին կարողացել ենք օգտվել, պետք է կարողանանք մեր օգտվածը ներդնել մեր երկրի ու ապագայի կայունացման ու զարգացման գործում:
– Վերջերս հրապարակվեցին խոշոր հարկատուների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց` առաջին տեղում Սամվել Ալեքսանյանն է:
– Ողջունելի է, ողջունեք…
– Իսկ Դուք ինչո՞ւ եք «իջել», առաջին տեղում չէիք:
– Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ ես իջել եմ: Եթե այսօր ես ներկրող չեմ, արտահանող եմ, իմ արտադրանքը արտահանում եմ, եւ այն չի վաճառվում, ես ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում: Եթե անցյալ տարի 10 մլն կոնյակ եմ արտահանել, այս տարի 800 հազար շիշ եմ արտահանել: Եթե անցյալ տարի Վրաստանում ես վաճառում էի 50 հազար տոննա ցեմենտ, այս տարի վաճառում եմ 2-3 հազար տոննա, այն էլ` ամենաչնչին գներով, որ կարողանամ իմ աշխատատեղերը պահպանել:
– Թուրքիան ցեմենտի մեծ պահանջարկ ունի: Սահմանների բացման դեպքում Դուք ցեմենտ կարտահանե՞ք Թուրքիա:
– Այսօր ցեմենտ չի կարող արտահանվել, որովհետեւ ցեմենտը Վրաստանում վաճառվում է 55 դոլարով: Իրենց մոտ գազը շատ էժան է, բայց այսօր դա եկամտաբեր չէ, ես պայքարում եմ Վրաստանում: Միայն թե ես շուկայից դուրս չգամ, իմ կոլեկտիվը չկրճատվի: Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի բոլոր ոլորտներում:
– Ուզում եք ասել՝ հավասարություն չկա՞:
– Չէ, հավասարություն կա, հիմնական սկզբունքը, մոտեցումը պետք է լինի: Նույնն էլ վերաբերում է լրագրողներին: Լրագրողներին պետք է պայմաններ տրվի, որ նրանք գումարով պատվեր չկատարեն եւ Ծառուկյանի վրա չգրեն, թե Ծառուկյանի առյուծն էր: Երբ դուք նորմալ փող ստանաք, արդեն պատվեր չեք կատարի:
– Միգուցե օլիգարխիկ տնտեսությո՞ւնն է պատճառը…
– Ի՞նչ օլիգարխ: Օլիգարխը պետության հենասյուներից մեկն է: Օլիգարխն ի՞նչ է արել, ես ուզում եմ իմանալ: Օլիգարխ հասկացողությունը ո՞րն է:
– Գործարար, որը մտել է քաղաքականության մեջ, զբաղվում է քաղաքականությամբ:
– Ե՞ս… ուրեմն էդ հարցին պատասխանեմ` հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ամեն ինչի տեր են, կարիք չունեն ժողովրդի հաշվին գումար աշխատելու: Այն մարդը, որ ներդրում ունի երկրում, մտահոգ է երկրի կայունացման, զարգացման, բարգավաճման համար, որ իր երեխաների ապագան փայլուն լինի: Ես ոչ թե եկել եմ ժողովրդին խաբելու, ժողովրդի հաշվին հարստանալու, այլ` ես խաղող եմ մթերում Նոյեմբերյանում, որ մարդիկ իրենց աշխատանքը կարողանան իրացնել ու ձմռան ապրուստ ունենալ, իրենց ընտանիքը պահել: Ես կարող էի խաղողը 60-80 դրամով մթերել, բայց 110 դրամով եմ մթերել, ամենաբարձր գներով: Նույնը նաեւ Մասիսում եմ մթերել, հնարավորություն եմ տվել, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքը պահել: Այսօր ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի: Ես իմ նախարարին գումար եմ տալիս, որ ինքն իր ընտանիքը նորմալ պահի, աչքը չդնի ժողովրդի հաշվին հարստանալու վրա: Թե չէ, մեկն անգիր արած գնացել է, խոսում է կուսակցության մասին, քաղաքականությամբ է զբաղվում: Թող այդ մարդն այսօր գա, Ծառուկյանի հետ խոսի, թե ինքն ի՞նչ է արել երկրի համար, որ այսօր էլ խոսում է` քաղաքականություն, երկիր, ժողովուրդ: