Ամերիկան կվերագտնի՞ իր երբեմնի փառքը

26/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ԱՄՆ նախագահներն ընտրվում են չորս տարին մեկ, նոյեմբերին, իսկ հաշվետվությամբ հանդես են գալիս տարեսկզբին: Միայն թե նրանց հաշվետվությունն, իրոք, հաշվետվություն է, եւ անգամ հեռավոր աղերս չունի Գոգոլից մինչ օրս մեզ մոտ բեմադրվող ֆարս-ռեւիզիայի հետ: Այստեղ յուրաքանչյուրի, բոմժից` միլիոնատեր, սահմանադրական իրավունքն է՝ տեղեկանալ նախագահի արած-չարածի մասին` տանը թե դրսում, ընդ որում, առանց ռետուշի, առանց ֆանֆարաների: Սա, ի դեպ, ամերիկյան դեմոկրատիայի ամենամեծ նվաճումներից մեկն է:

Բարաք Օբամայի նախագահության տարելիցին դեռ երեք ամիս կա: Սակայն արդեն սկսել են անցած ամիսների ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքների ակտիվ քննարկումները: Եվ այնպիսի քաղաքական մթնոլորտում, որտեղ վերաբերմունքը` թվով 44-րդ, իսկ ծագումով` առաջին աֆրոամերիկացի նախագահի նկատմամբ, մեղմ ասած, միանշանակ չէ: Մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է նրա դիվանագիտական գործունեությանը: Մինչդեռ պետք է ունենալ խիստ սուբյեկտիվ գաղափարախոսական-քաղաքական սկզբունքներ՝ չնկատելու համար այն իրողությունը, որ նորընտիր նախագահը հանդես է գալիս Ամերիկայի` որպես ազատության եւ դեմոկրատիայի միջնաբերդի հեղինակության վերականգնման առաջամարտիկ: Օբաման ամեն կերպ ձգտում է ամերիկյան իշխանություններին վերադարձնել նախկինում ունեցած հրապույրն ու ձգողական ուժը, որի պայմանական անունն է «Փափուկ հզորություն» (Soft Power): Զարմանալի չէ եւ տրամաբանական է, որ վերլուծաբաններն ամերիկյան վերածննդի առաքելությունը կապում են հենց Օբամայի հետ: Բայց զարմանալի է, որ ընդդիմախոսները համառ կերպով չեն ընդունում նման առաքելության հաջողության հավանականությունը: Մինչդեռ Օբաման ինքն իր անձով հոյակապ PR է երկրի եւ պետականության համար, քանզի պերճախոս վկայությունն է այն բանի, որ Միացյալ Նահանգներում ծնված ցանկացած քաղաքացի կարող է դառնալ նախագահ` անկախ իր ծագումից, մաշկի գույնից, սեռից եւ կրոնական պատկանելությունից: Սա արդեն մեծ դեր կարող է խաղալ ամերիկյան խարիզմի վերագտնման ճանապարհին: Օբամայի գործունեությունը 10 ամիսների ընթացքում գերակտիվ էր միջազգային գետնի վրա: Նա պաշտոնական այցելությամբ եղավ 16 երկրներում, բեկումնային բնույթի ելույթ ունեցավ Կահիրեում` ուղղված մահմեդական աշխարհին, նոր թափ հաղորդեց պաղեստինա-իսրայելյան բանակցություններին, Ժնեւում ուղիղ երկխոսություն սկսեց Իրանի հետ: Օբամայի դիվանագիտության «մեխը» մնում է ռուս-ամերիկյան հարաբերությունները: Լինելով Ռուզվելտի եւ Քենեդիի հայացքների համոզված կողմնակիցը (Օբամային հաճախ անվանում են «սեւամորթ Քենեդի»), նա մեծ ջանքեր գործադրեց ամերիկյան քաղաքական մտածելակրեպը Բուշի քարանձավային ռուսաֆոբիայից հանելու եւ ռուզվելտյան հանդուրժողականությանը մոտեցնելու ուղղությամբ: Քաջ գիտակցելով, որ Ամերիկան կարիք ունի համագործակցել Ռուսաստանի հետ միջուկային զենքի տարածումը կանխելու, ահաբեկչության դեմ պայքարի, նարկոտրաֆիկի, էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխության եւ այլ գլոբալ ոլորտներում, նա սկսեց ի մի բերել երկու գերտերությունների դիմակայության եւ համագործակցության բալանսը: Լինելով լավ վերլուծաբան, Օբաման պարզ պատկերացում ունի այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները մեծապես պայմանավորված են արժեքների սիմետրիայի` համաչափության, եւ ասիմետրիայի` անհամաչափության բալանսով: (Իմ կարծիքով՝ այդ հարաբերություններում գերակշռում է ասիմետրիան): Այս վիճակը շտկելու եւ հարաբերությունները նորմալ բանակցային հարթության վրա դնելու նպատակով, Օբաման հրաժարվում է ՆԱՏՕ-ի ընդարձակումից եւ Արեւելյան Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի տեղադրումից, Մոսկվայի ներքին գործերին խառնվելու երկար տասնամյակների ստերջ պրակտիկայից եւ դեմոկրատիայի հարցերում տերթոդիկյան մեթոդներից: Անշուշտ, եւ՛ Վաշինգտոնի, եւ՛ Մոսկվայի ուժայինների սրտով չէ Օբամայի ռուսական քաղաքականության նման վեկտորը: Դժգոհությունը երկու կողմից էլ արտահայտվում է մեղադրանքի ձեւով. իբր աշխարհն այսօր գործ ունի Ամերիկայի «թուլակամ եւ անփորձ» նախագահի հետ: Կրքերն առանձնապես բորբոքվում են Օբամայի Նոբելյան մրցանակի շուրջ: Պարզից էլ պարզ է, որ քննադատությունը նրա հասցեին զուրկ է իրավական եւ բարոյական հիմքերից: Սա զուտ քաղաքական շահարկում է` անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ ձեւով է շրջանառվում: Այդուհանդերձ, մրցանակն իր մեջ որոշակի վտանգ պարունակում է մրցանակակրի համար: Նկատի ունեմ այն, որ այդ բարձր պարգեւը կարող է քաղաքական ծուղակ դառնալ Օբամայի համար` փոքրացնելով նրա մանեւրելու հնարավորությունները Աֆղանստանում եւ Իրաքում, որոնց հետ ԱՄՆ-ը, փաստորեն, պատերազմում է, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում, որտեղ պաղեստինա-իսրայելյան առճակատումն անցել է կեսդարյա պատմության սահմանագիծը, եւ որի վերջը դեռ չի երեւում: Ինչպես նշել է փորձագետներից մեկը, Նոբելյան մրցանակը կարող է նախագահի համար դառնալ «շանթարգել հակառակ ուղղությամբ»: Արդեն հիմա նա բախվում է որոշակի դժվարությունների հետ: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը դաշտային գեներալների պահանջով ներկայումս քննարկում է Աֆղանստան 40 հազար լրացուցիչ զինվոր ուղարկելու հարցը: Բավարարել նրանց պահանջը՝ նշանակում է՝ ի սկզբանե դեմ գնալ Նոբելյան մրցանակի տառին եւ ոգուն, մերժելը հղի է ազգային շահերի դավաճան կոչվելու հավանականությամբ: Իսկ եթե վաղը Օբաման ստիպված լինի ռազմական գործողություննե՞ր ձեռնարկել Իրանի դեմ: Այդ դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես է նա նման քայլը համատեղելու մրցանակի հետ: գՕբամայի հաշվետու տարին մեզ` հայերիս համար կարեւորվում է երկու իրադարձությունով: Նախ` Ապրիլի 24-ին հնչեց նախագահի խոսքը, որից հատուկ սպասումներ ունեին քաղաքական ռոմանտիկները Հայաստանում եւ Սփյուռքում: Նրանք ստացան այն, ինչը ստացան: Երկրորդը` Վաշինգտոնի ակտիվ մասնակցությունն է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, որը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ կողմերի համար: Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Երեւանի ու Անկարայի միջեւ, ապա Ամերիկայի նախագահները գալիք ապրիլներին այլեւս ոչ անհարմար դրության մեջ կընկնեն, ոչ էլ խղճի խայթ կզգան, իսկ ամերիկահայությունը իշխանությունների հետ իր հաղորդակցությունում կզրկվի ամենաուժեղ հաղթաթղթից:

Նյու Յորք