ԱՊՀ երկրներ։ Պայմանավորվելու ունակությունը

26/10/2009 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթը ետխորհրդային տարածքում անցավ բանակցությունների նշանի ներքո։ Դրանցից ոմանք արդյունավետ էին։ Մյուսները՝ դեռ պետք է այդպիսին դառնան։

Հայաստանը եւ Թուրքիան ֆորմալ առումով թաղեցին մեկդարյա «թշնամության կացինը»։ Հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու իրենց որոշմամբ՝ Երեւանը եւ Անկարան փոփոխություններ մտցրին տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության մեջ։ Թբիլիսին սկսեց անհանգստանալ. հայտնվել է տրանզիտային մրցակից։ Այստեղ սկսեցին հաշվել այն վնասները, որ կկրեն վրացական նավահանգիստները՝ Բաթումին եւ հատկապես Փոթին։ Չէ՞ որ Հայաստանին շատ ավելի ձեռնտու է ապրանքները ստանալ եւ արտահանել Թուրքիայի տարածքով, քան Վրաստանի, որը (հայ գործարարների խոսքերով) անհավանական բարձր գներ է սահմանել տարանցիկ ծառայությունների համար։

Պարզվում է՝ բեռների փոխադրումը Վրաստանի տարածքով մինչեւ Հայաստանի սահման (պատկերացնո՞ւմ եք, ինչ «մեծ» հեռավորություն է) ավելի թանկ արժե, քան նույն այդ բեռների փոխադրումը աշխարհի ցանկացած կետից մինչեւ վրացական նավահանգիստներ։ Նման քաղաքականությամբ Վրաստանը կարող էր ընդհանրապես հայտնվել տրանզիտային «խաղից դուրս» վիճակում, եթե Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվեր կարգավորել հարաբերությունները։ Վերջինս, ի դեպ, արդեն սկսել է բարձրաձայն հայտարարել, որ հոգնել է վրացի գործընկերների քմահաճույքներից։ Սակայն դրանից դեռ շատ հեռու ենք։ Բացի այդ՝ Բաքուն, ինչպես երեւում է, լրջորեն հիասթափված է իր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Անկարայի հետ հարաբերությունների ընթացքից։

Ադրբեջանը գտնում է, որ Թուրքիան դավաճանություն է կատարել՝ ընտրելով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղին, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ։ Բանը հասավ նրան, որ պետական եւ հասարակական որոշ շենքերի վրայից հանվեցին թուրքական դրոշները, հնչեցին ոչ երկիմաստ արտահայտություններ՝ Թուրքիայի նկատմամբ վարվող էներգետիկ քաղաքականությունը վերանայելու մասին, եւ փոխանակվեցին դիվանագիտական նոտաներ։ Սակայն միեւնույն ժամանակ՝ տարածաշրջանի հարցերով զբաղվող առաջատար փորձագետները վստահ են, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում առաջացած սառնությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Նրանք վստահ են, որ Անկարան երբեք երես չի թեքի նույնահավատ եւ նույնալեզու Բաքվից։ Հանգստյան օրերին հնչեցին հաշտության առաջին խոսքերը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ 60 միլիոն թուրքեր առանց վայրկյան իսկ մտածելու իրենց կյանքը կզոհեն հանուն ադրբեջանական դրոշի։ Սպասենք՝ ինչո՞վ կպատասխանի այս հայտարարությանը Բաքուն։ Իսկ վերջինս մինչ այդ հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Աշգաբադի հետ եւ վերջապես լուծում տալ Կասպից ծովի նավթի եւ գազի պաշարների պատկանելիության հարցին։ Իսկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հենց այնպես չէր նախորդ շաբաթվա կեսերին այցելել Մոսկվա։ Նրան հաջողվեց ստանալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համաձայնությունը՝ սեփական երկրում հիդրոէլեկտրակայան կառուցելու հարցում։ Խոսքը, իհարկե, վերաբերում է ոչ թե Դուշանբեի Ռոգունյան ՀԷԿ-ին (որն այդքան ցանկանում էին տաջիկները), այլ մեկ այլ՝ ավելի փոքր կայանի։ Բացի այդ, հավանական է, որ կողմերը «իրենց հաշվին գրանցեն», այսպես ասած, «սողոմոնյան որոշումը»՝ Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին։ Մինչեւ 2014թ. ոչինչ չի փոխվի. այսինքն՝ բազան անվճար հիմունքներով կշարունակի մնալ Տաջիկստանի տարածքում։ Իսկ հետո՝ ժամանակը ցույց կտա։ Սակայն ավելի կարեւոր է այն, որ Մեդվեդեւը Ռահմոնին խոստացել է թեթեւացնել Ռուսաստանում գտնվող տաջիկների վիճակը։ Ընդ որում, Ռահմոնի մոսկովյան այցի հետ կապված նախնական կանխատեսումները ամենեւին լավատեսական չէին։ Իհարկե, ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է կյանքի կոչվեն, սակայն անգամ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու հույսեր չկային։

Եվ վերջապես, Արեւմուտքի հետ պայմանավորվելու ունակությունների հարցում իսկական հրաշքներ են ցուցադրում Ուզբեկստանը եւ Բելառուսը՝ քայլ առ քայլ հասնելով պատժամիջոցների վերացմանը եւ ակտիվացնելով համագործակցությունն ու ինտեգրացիոն գործընթացները։ Այս ամենը զարմանալի չէր լինի, եթե Մինսկը եւ Տաշքենդը առանց վարանելու հետեւեին Արեւմուտքի խորհուրդներին։ Նման բան տեղի չի ունենում, մասնավորապես՝ ժողովրդավարական արժեքների ոլորտում։ Սակայն պարզվում է՝ առանց դրա էլ կարելի է հասնել նպատակներին։ Կարեւորը, ինչպես երեւում է, հստակ իմանալն է, թե ինչ ես ուզում։

«Նեզավիսիմայա գազետա»