«Մեր հուշերում հավերժ կմնան Հոկտեմբերի 27-ի նահատակները: Մենք երբեք չենք մոռանա անողոքաբար սպանված մեր ընկերներին»,- այսօր գլխիկոր կշշնջան ԱԺ բոլոր պատգամավորները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` ԱԺ բակում բացված նոր հուշակոթողի հարեւանությամբ կանգնած: «Ամեն բան կանենք, որպեսզի այլեւս երբեք նման բան չկրկնվի»,- կխոստանան Ազգային անվտանգության պատասխանատուներն ու իրավապահները: Եվ չի լինի մեկը, որ հավատա այս խոսքերի անկեղծությանը զուտ այն պատճառով, որ դրանք անկեղծ չեն:
Հոկտեմբերի 27-ից հետո, իրենց ղեկավարների եւ ընկերների սպանությունը տեսած մարդիկ անգամ մահվան սպառնալիքն աչքի առաջ ունենալով` չհրաժարվեցին դարձյալ ԱԺ-ում հայտնվելու գայթակղությունից: Ավելին` պատգամավոր դառնալ ցանկացողների թիվն ու ժողովրդի ձայնը գնելու համար անհրաժեշտ գումարի չափը մեծացան: Պատասխաններից մեկն այն է, որ պատգամավորներից եւ ոչ ոք հիմք չունի վախենալու արդարության դրոշի տակ գործող ֆանատիկոս-հանցագործներից, քանի որ իրեն պատասխանատու չի զգում այն ամենի համար, ինչ կատարվում է մեր երկրում: Եթե ուշադիր լսեք իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներին, նրանք իրենց ոչ գրագետ մտքերը եւ նույնպիսի գործողությունները հիմնավորում են` հղում անելով իրենց կուսակցության առաջնորդին` ՀՀ նախագահին:
Առանց պատասխանատվության (ինքնադատաստանի) ենթարկվելու վախի են գործում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները: Նաիրի Հունանյանի հանդեպ նրանք այնքան հանդուրժող ու նրբանկատ էին, ինչը չես ասի նախագահական վերջին ընտրություններից հետո մեկուսարաններում փակված քաղբանտարկյալների մասին, որոնց ազատ էին արձակում` հնարավորինս հյուծելուց հետո: Քաղաքական պատվերները դատավորները կատարում են` առանց վախի, քրեական եւ քաղաքացիական դատերը լուծելու համար ազատորեն կաշառք են վերցնումգ
Սակայն չմոռանանք մի էական հանգամանք` այն վայրագությունը, որ տասը տարի առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում` երկրի առաջին դեմքերի սպանությունը` ստուգողական կրակոցներով, ավտոմատի խզակոթով դիակին հարվածելը, հայհոյանքների տարափը` ուղղված իշխանավորներին եւ ԱԺ պատգամավորներին` ընդմիջվում էին այսպիսի արտահայտություններով` «էս ինչ օրն եք գցել ժողովրդին», «խմեցիք ժողովրդի արյունը» , «էս ի՞նչ եք անում ժողովրդի հետ»:
Թեեւ դատարանն այդպես էլ կարեւորություն չտվեց Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հավանականությանը, սակայն այսօր մահապարտ-ահաբեկիչների օրինակով տեսնում ենք, որ մարդկանց սոցիալական, կրոնական հողի վրա կարելի է հասցնել այնպիսի ծայրահեղ վիճակի, որ իրենց գաղափարական մարտիկներ համարելով` ֆանատիկոս-անձնասպանները պայթեցնում են իրենց` գաղափարին զոհաբերելով տասնյակ անմեղ մարդկանց: Մխիթարությունն ու արդարացումը մեկն է` մահից հետո հայտնվելու են Ալլահի կողքին: Իրավաբանորեն չի ապացուցվել` Նաիրի Հունանյանի հետ եւ՞ս նման աշխատանք տարվել է, թե՞ ոչ, սակայն այն վստահությունը եւ մոլեռանդությունը, որով կատարվեց հանցագործությունը, թույլ է տալիս եզրակացնել` այո: Իսկ հանցագործությունից հետո Հունանյանը, եթե անգամ նախապես էր հայտնվել ինչ-որ մեկի կողքին, համենայն դեպս` ոչ Աստծո:
Եթե մոռանանք, թե ում շուրթերից էին հնչում վերոնշյալ հարցերը եւ ինչ պարագայում, ապա, լինենք անկեղծ, այդ հարցադրումները նույնքան էական են այսօր, որքան տասը տարի առաջ: Ի՞նչ է փոխվել այս 10 տարվա ընթացքում, երբ բոլորս տեսանք, որ ժողովրդի դեմ կատարվող ապօրինությունները ինչպես կարող են խելագար մեկին հասցնել նման ծայրահեղ վիճակի: Այսօր, երբ Ազգային ժողովի բակում շուքով նոր հուշարձան կբացվի Հոկտեմբերի 27-ի նահատակների հիշատակին, միջոցառմանը ներկա պաշտոնյաներից որեւէ մեկի մասին կարո՞ղ ենք ասել` Հոկտեմբերի 27-ը նրա կյանքում ճակատագրական եղավ: Սուտ դարդը (այս արտահայտության հեղինակային իրավունքը գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանի տատինն է), որը հոկտեմբերի 27-ից հետո համակեց պաշտոն զբաղեցնող բոլորին եւ հատկապես երկրի առաջին դեմքերին, երբեք անկեղծ ցավի տպավորություն չի թողել: Ոչ հրապարակային զրույցներում ոմանք անգամ հիմնավորել են երկրի առաջին դեմքերի սպանությունները: Կա վտանգավոր, բայցեւ օրինաչափ միտում` տարիներ անց ԱԺ սպանդի սարսռեցնող պատկերները մոռացվում են, վիշտը, կորուստները ժամանակը սփոփում է, իսկ իշխանությունների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ այնպիսին է, ինչպես հնչեցվել է հոկտեմբերի 27-ին` «էս ի՞նչ եք անում ժողովրդի հետ»:
Բնավ չարդարացնելով սպանությամբ հարց լուծելու միջոցը, ինչը ոչ միայն հակաքրիստոնեական է, այլեւ ոչ ռացիոնալ, ամեն դեպքում ունենալով Հոկտեմբերի 27-ի նախադեպը, պետության առաջին դեմքերը եւ պատգամավորները բնավ չեն վերաիմաստավորել տեղի ունեցածը: Ավելին, նրանք, ովքեր այդ օրը հրաշքով փրկվելը կամ այն աշխարհից ետ գալը կարճ ժամանակ համարեցին Աստծո կամքը, հետեւաբար` իրենց` Աստծո դեսպանը մեր հանրապետությունում, կարճ ժամանակ անց սկսեցին չարաշահել նաեւ այդ «պաշտոնը»:
Եզրակացություններ անելու փոխարեն` ինչպե՞ս անել` չարժանանալու ժողովրդի թշնամանքին, օլիգարխներն ու երկրի առաջին դեմքերն ավելի են մեծացրել թիկնազորի քանակն ու զինել են նրանց` ոտքից գլուխ: Վերանայվել է նաեւ ԱԺ-ի շենքը, նախագահի նստավայրը, կառավարություն մտնելու հնարավորությունը. այն խստացվել է: Ընդամենը: Իսկ այն, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, զոհվածների հարազատները եւ երկրի բարձրագույն ղեկավարությունը նահատակների հիշատակը կհարգի միմյանց չտեսնելու անթաքույց ցանկությամբ, վկայում է, որ այս տասը տարում ոչինչ չի փոխվել: Իսկ դա, ինչպես ցույց է տալիս պատմությունը, վտանգավոր է նախեւառաջ երկրի առաջին դեմքերի առողջության համար: