Բողոքի ցույց` Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դեմ
Արմավիրի մարզի Եղեգնուտ (նախկինում՝ Բադալ) գյուղի բնակիչները գրեթե ամեն օր հավաքվում են գյուղի կենտրոնական հատվածում գտնվող բենզալցակայանում ու քննարկում գյուղի «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անօրեն գործունեությունը: «Բադալում վիճակը գնալով վատանում ա: Էս գործարանը 1980-ական թվականներին գիտե՞ք ինչ համբավ ուներ: Իսկ հիմա` գնացեք-տեսեք` Անիի ավերակներն են դարձել: Երեւի Ճոյտն ուզում ա, որ մեր Բադալն էլ Արագածի օրն ընկնի` դե, էնտեղ էլ, չէ՞, ուներ գործարան ու էնքան թալանեց, որ հողին հավասարեցրեց»,- ասում են գործարանի նախկին աշխատակիցներն ու գյուղի բնակիչները` հիշելով դեռ օրեր առաջ իրենց կազմակերպած բողոքի ցույցը, որն այդպես էլ որեւէ արդյունք չտվեց: «200 հոգով հավաքվեցինք, բողոքեցինք, բայց ի՞նչ օգուտ: Հասկանո՞ւմ եք` էսօր մենք ձայնազուրկ ենք, որովհետեւ մեր դեմ ելել է մի ուժեղ մարդ, որը լավ պասեր է տալիս Կառավարությանը, որոնք էնքան փող են կերել Ճոյտից, որ չեն կարողանում խոսել նրա դեմ»,- շարունակում են գործադուլի մասնակիցները, որոնց համոզմամբ` գործարանն այսօր ունի շուրջ 18 մլն դրամի պարտք: «Ես զավոդում սկսել եմ աշխատել 1997-ից: Մենք կոնկրետ փաստեր ունենք, որ պարսկական մեքենաները զավոդի մոտ կանգնած երկաթ էին բարձում: Մենք գործադուլներ կազմակերպեցինք, բայց Ճոյտը (Հակոբ Հակոբյանը) գալիս էր ու բոլորի դեմն առնում էր»,- նշում է նախկին աշխատողներից Երջանիկ Կարապետյանը, ում խոսքերին հավանություն էին տալիս մյուս աշխատակիցները: Վերջիններս արդեն անհամբերությամբ են սպասում հոկտեմբերի 29-ին գործարանի բաժնետոմսերի 20% սեփականատեր Վարդան Մարգարյանի հայցի բավարարմանը: Նա դատական հայց է ներկայացրել գործարանի նախկին սեփականատեր Արարատ Սարիբեկյանի ու նրա որդու` Դավիթ Սարիբեկյանի դեմ, ով Վարդան Մարգարյանի խոսքերով` բանակում գտնվելու ընթացքում դարձել էր գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը: «Հիմնականում ինչի վրա գնացի` այն էր, որ հայտնաբերվեց երկու պայմանագիր, որոնք կնքվել են նույն թվականին ու նույն օրը` 2006թ. սեպտեմբերի 1-ին, մեկը` առք ու վաճառքի, մյուսն էլ` նվիրատվության»,- ասում է «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի 20 տոկոսի բաժնետեր Վարդան Մարգարյանը:
Ձկան բիզնեսից՝ մինչեւ գործարան
Եղեգնուտի «Բետարշին» երկաթբետոնի իրերի գործարանը մինչեւ 2001թ. եղել է «Բալահովիտ» արտադրաշինարարական միավորման կազմի մեջ: Այս միավորման կազմում էին նաեւ Բալահովիտի երկաթբետոնե գործարանը, Վանաձորի, Ջրաբերի ավազահանքը, Երեւանյան լճի եւ Սպիտակի շինարարական կազմակերպությունները: «Բալահովիտի» նախագահը Արարատ Սարիբեկյանն էր, որն էլ 1993թ. Վարդան Մարգարյանին առաջարկել էր դառնալ գործարանի արտադրամասի պետ: «Էդ ժամանակ ես գործարանի մոտ ձկան բիզնեսով էի զբաղվում: Արարատ Սարիբեկյանն ինձ հրավիրեց աշխատել գործարանում, եւ ես համաձայնեցի: Բայց այդ տարիներին արտադրանք չկար, ու կարելի է ասել` ես պահակություն էի անում շենքին: Միայն 1998թ. թեթեւակի աշխատանքներ իրականացվեցին: Ես գործարանն ամբողջությամբ պահել էի: Էդ տարիներին Քարաբերդի, Դալարիկի, Արագածի գործարանները թալանվեցին-գնացին, բայց ես, լինելով էս գյուղի տղա, գործարանը պահեցի: Էն ժամանակ ես նույնիսկ մի կիլոգրամ երկաթ չծախեցի, մինչդեռ ուրիշ տեղերում պարսկական մեքենաները կանգնում էին ու 20-30 դոլարով երկաթ էին գնում: Մի խոսքով, աշխատեցի մինչեւ 2006 թվականը»,- ասում է «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների 20 տոկոսի սեփականատերը, ով 2001թ. գործարանի արտադրամասի պետից դարձել էր տեղամասի պետ: «Երբ 2001թ. միավորումը կազմալուծվեց, ու Եղեգնուտի գործարանն առանձնացավ, այսինքն` սեփականաշնորհվեց, ըստ կանոնակարգի` գործարանի 50 տոկոսի բաժնեմասը պետք է իմը լիներ, իսկ մյուս 50 տոկոսը` Արարատ Սարիբեկյանինը: Հետո ինչ-ինչ պատճառներով ես դարձա 20 տոկոսի բաժնետեր, ինչի մասին ես ավելի ուշ իմացա»,- նշում է Վարդան Մարգարյանը, ըստ որի` ինքը միայն այն ժամանակ էր իմացել իր 20 տոկոս բաժնետոմսի մասին, երբ կանոնադրությունն իր «ձեռքն» է ընկել: «2006 թվականն էր, ու վիճակը շատ վիճաբանական էր: Իմ ընկեր Արարատ Սարիբեկյանն, ինձ ու մյուս տղաներին խաբելով, 70 տոկոսը իբր թե վաճառեց Հակոբ Հակոբյանին: Ընդ որում` գործարանը փաստացի չի վաճառվել: 2006թ. օգոստոսի 28-ին Հակոբ Հակոբյանը մտավ գործարան ու ասաց, որ ինքը գործարանը գնել է ստացականով, մինչեւ ձեւակերպումներն արվեն: Մինչ այդ, ես ու Արարատ Սարիբեկյանը նորմալ աշխատում էինք, թե հանկարծ ի՞նչ եղավ ու ո՞նց Հակոբ Հակոբյանը մտավ մեջ` չիմացա»,- նկատում է եղեգնուտցի բաժնետերը: Վերջինս բողոքում է նաեւ իր իրավունքների ոտնահարման համար, որ ինքը, լինելով գործարանի բաժնետեր, երբեւէ դիվիդենտ չի ստացել: «Ոչ մի աշխատողի հետ պայմանագիր չեն կնքում: Բերում են աշխատացնում ու խաբում: Բայց մինչ 2006 թվականը մենք բանվորների հետ պայմանագիր էինք կնքում, թե քանի ժամ են աշխատելու, ինչ պայմաններում են աշխատելու եւ այլն: Իր մոտ էսօր ոչ մի բանվոր պայմանագիր չունի: Դրել են համայնքի հողերից էլ ավազ են արդյունահանում»,- ասում է Վ. Մարգարյանը, ըստ որի` գործարանի ամբողջ տարածքը 4,2 հա է, մինչդեռ գործարանի տերերը զավթում են նաեւ գործարանի հարակից տարածքները` առայժմ 10 հա, որտեղ ակնհայտ երեւում են ավազի արդյունահանման համար կատարվող հորատումները: «Ոչ մի լիցենզիա չկա, բայց ավազ են արդյունահանում, որտեղ լավ ավազ կա` հողը ծակում են»,-շարունակում է գործարանի 20 տոկոսի փաստացի բաժնետերը, ում դեռ 1996թ. Հակոբ Հակոբյանն անձամբ է առաջարկել գործարք կնքել: «Հակոբյանի աչքը միշտ էլ էդ գործարանի վրա էր: 1996-97թթ. մենք իրեն կոնստրուկցիաներ ենք վաճառել: Էդ ժամանակ Հակոբյանն ինձ առաջարկեց, թե՝ արի Արարատի ձեռքից գործարանը վերցնենք: Ես չհամաձայնեցի, որովհետեւ Արարատի հետ նորմալ հարաբերությունների մեջ էինք, մի կտոր հաց էինք կիսել, համ էլ ես ինչի՞ պիտի Ճոյտի հետ աշխատեի, հեն ա` աշխատում էի: Ես հրաժարվեցի, բայց թե Արարատը ո՞նց համաձայնեց` ես չգիտեմ»,- եզրափակում է մեր զրուցակից Վարդան Մարգարյանը, ով հույս ունի, որ ճշմարտությունն, ի վերջո, գոնե դատարանում կարող է ջրի երես դուրս գալ: Եղեգնուտում այս հարցը թեժ քննարկումների ալիք է բարձրացրել: Գյուղացիները վրդովված են եւ չգիտեն` ո՞ւմ կարող են դիմել: ՀՀ կառավարությունից էլ են հույսները կորցրել։ «Կառավարությունն էլ ա վաճառված, ո՞ւմ դիմենք: Գոնե էս գյուղի ճանապարհները սարքեն: Աստված չանի` էս գյուղ անձրեւով գաք: Նենց վիճակ ա լինում, որ նույնիսկ պասաժիրներիս չեմ ճանաչում` ամբողջ դեմքները փոշի ու ցեխ ա լինում: Չնայած ի՞նչ եմ ասում` մեկ ա` չեն լսի»,- Եղեգնուտի փոշոտ ու խորդուբորդ ճանապարհներից դժգոհելով` խոսում էր գյուղի միակ ավտոբուսի վարորդը: