Սկսենք ցելոֆանե տոպրակներից

26/10/2009

«Արեւորդի» բնապահպանական փառատոնը, որն այս օրերին անցնում է Հայաստանում, հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն կինոֆիլմեր դիտել ու քննարկել մեր հանրապետությունում առկա աղետալի իրավիճակը, այլեւ՝ շատ կոնկրետ քայլերով ցուցադրում է բնապահպանության ու հասարակության օգուտի փոխկապակցված լինելը։ Հայաստանի ամենամեծ պատուհասը պլաստիկ շշերն ու ցելոֆանե տոպրակներն են, որոնց առատությունը այնքան է աչքի զարնում, որ ոչ մի գեղեցիկ տեսարան առանց այդ վտանգավոր նյութերի այլեւս պատկերացնել չենք կարող։ Բակերում, սարերի ստորոտներում ու գագաթներում, սիզամարգերում ու անտառներում սավառնում են գունավոր տոպրակները, մտնում են մեր տան պատուհաններն ու «ապտակում» են մեր դեմքերին։ Քիմիական ծագում ունեցող ցելոֆանը, բնությունը աղտոտելուց բացի, նաեւ ոչնչացնում է հողն ու ջուրը, քանի որ բնությունը այն «մարսել» չի կարող։ Ահռելի քանակի ցելոֆանե տոպրակ արտադրող Հայաստանը չի մտահոգվում դրանք ուտիլիզացնելու մասին։ Մինչդեռ քաղաքակիրթ համարվելու ձգտող ցանկացած հասարակություն առաջին հերթին ցելոֆանը թղթով է փոխարինում։ Այրել, առավելեւս՝ հողին հանձնել ցելոֆանը չի կարելի, նրա թույնը դեռ երկար կմնա հողի հիշողության մեջ, եւ այդ հողի վրա աճեցրած բույսերը թունավոր բաղադրիչներով կհագենան։ Այս տարի «Արեւորդին» «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ գործնական ակցիայի սկիզբ դրեց՝ խանութների այցելուների գնումները փաթեթավորելով ոչ թե պոլիէթիլենե, այլ՝ ստվարաթղթե տոպրակների մեջ։ Բոլոր տոպրակները պատրաստվել են էկո-ակումբների երիտասարդ անդամների կողմից։ Տոպրակները կոպիտ են ու անմշակ, եւ դրանում է նրանց գեղեցկությունն ու անվտանգությունը։ Ընդ որում՝ հենց անմշակ թղթե տոպրակներն են համարվում եվրոպական երկրների խանութների փաթեթավորման միակ նյութը, իսկ այն երկրները, որոնք անսահմանափակ քանակի ցելոֆանե տոպրակներ են հանձնում գնորդներին, միջազգային սանդղակում շատ հստակ տեղ են գրավում՝ կոչվելով «երրորդ երկրներ»։ Թափոնների հավաքատեղի դարձած Հայաստանը գործարարների էկոլոգիական պատասխանատվության միջոցով փորձում է նվազեցնել մեր բազմաչարչար բնությանը հասցվող վնասը։