«Կատուները» նոր տարածքներ են նվաճում

26/10/2009

Նրանք յոթն են, ինչպես 7 նոտաներն ու ծիածանի ամբողջական գեղեցկությունը կազմող 7 գույները։ Նրանք կազմում են ժամանակակից Հայաստանի ամենավառ ու օրիգինալ ջազ բենդը՝ «Կատուները»։ Վահագն Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Դավիթ Նալչաջյանը (սաքսոֆոն), Տիգրան Սուչյանը (շեփոր), Աշոտ Հարությունյանը (տրոմբոն), Արտյոմ Մանուկյանը (բաս կիթառ ու թավջութակ) եւ Նորայր Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա) էթնիկ հիմք ունեցող ջազային կոմպոզիացիաները դարձրել են այնքան մեղեդային ու հուզական, որ թվում է, հայկական սարերի հովերից ծնված նրանց կատարումները մեր բոլորիս մեջ են, ներարկված են տաք արեւի ճառագայթներով ու միշտ դեպի տուն են կանչում։ Հենց այդպես էլ «Կա ՏՈՒՆ ներ» մասնատել է խմբի անվանումը ռեժիսոր-անիմատոր Դավիթ Սահակյանցը, ով անցյալ տարի խմբին նվիրեց իր ստեղծած անիմացիոն տեսահոլովակը, որի հիմքում դուդուկի, թավջութակի կատարմամբ հնչող «Օրոր» օրորոցային նուրբ ու զուլալ երգն էր։ «Օրորը» խմբի առաջին ձայներիզի՝ «Նորեվանի» մեջ էր ընդգրկված։ Ի դեպ՝ այդ տեսահոլովակը Դ.Սահակյանցը ստեղծել էր 2008 թվականի մարտի սկզբին։ «Մարտի 1-ին ես որոշեցի, որ պետք է մի գեղեցիկ բան անեմ, այլապես կարող էի խելագարվել։ Ես մտա սենյակս ու մի քանի շաբաթ այնտեղից դուրս չեկա, միայն կլիպով էի զբաղված։ Երբ վերջացրեցի այն, հասկացա, որ մաքրվեցի, ուժ ստացա»,- պատմեց ռեժիսորը, ում աշխատանքը առանց ավելորդ աղմուկի ներկայացվեց «Կատուներին»։

«Կատուներն» ընդհանրապես այն մարդիկ են, որոնց նվեր անելը ավանդույթ է դարձել։ Կարծես ինչ-որ բան տալով այդ տաղանդավոր երաժիշտներին, դու ինքդ քեզ ես նվեր անում։ Խմբի զգեստներն, օրինակ, մշակել, կարել ու նվիրել է «Կատուներին» մոդելավորող Գեւորգ Շադոյանը։ Գունավոր շապիկների վրա մեծ ու փոքր կատուներ են։ «Մեր բոլորիս մեջ կատվային բան կա, քանի որ մենք ազատ, անկախ վիճակում ենք գտնվում. մի քիչ վայրենի ենք, բայց հսկայական սեր ունենք աշխարհի հանդեպ»,- ասում է վիրտուոզ դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Այս օրերին «Կատուները» հանդիսատեսի ուշադարությանը կհանձնեն իրենց նոր ալբոմը, որը կոչվում է «Կարմիր արեւ»։ Ալբոմը ոճային առումով տարբերվելու է նախկինում ստեղծած կոմպոզիցիաներից, քանի որ 7 հիմնական երաժիշտներից բացի, աշխատել են նաեւ հրավիրված կատարողներ, ինչի արդյունքում «Կարմիր արեւը» հագեցել է դասական երաժշտության տարրերով։ Ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա օրիգինալ ձեւաչափով, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ համերգը ուղիղ կապով՝ on-line ռեժիմով, կհեռարձակվի ինտերնետով։ Այսպիսով, ազատ ու անկախ կատվազգի երաժիշտները զերծ կմնան հեռուստաընկերությունների քմահաճ ու շահախնդիր քաղաքականությունից՝ միանգամից դուրս գալով ազատ վիրտուալ տարածք։ Համերգի ու հեռարձակման կազմակերպումը ստանձնել է երեւանյան «12» ակումբը, որի կայքէջում՝ www.club12.am, հնարավոր է դիտել, լսել ու միանգամից նոր ձայներիզը ձեռք բերել։ «Կարմիր արեւի» թողարկումն ու առցանց վաճառքը իրականացրել է «Շարմ» ընկերությունը։ Հոկտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին հնարավոր կլինի հայկական սարերի իմաստալից լռությունից, պաղ ջրերից ու կարմիր արեւից ծնված մեղեդիների ծննդի ականատեսը դառնալ «12» ակումբում կամ էլ դուրս գալով համացանցային տիեզերք՝ դիտել համերգը ուղիղ կապով, շփվել խմբի երկրպագուների հետգ մի խոսքով՝ կառուցել սեփական ազատ ու անկախ անկյունը։ «Ցանկացած ալբոմ քո երեխան է դառնում, որի ծնունդը միշտ շատ բարդ է լինում։ Բայց երեխայի ծնունդը աշխարհի ամենալավ բանն է»,- ասում է Վ.Հայրապետյանը։ Նշենք, որ նոր «երեխան» ծնվելու է ողջ աշխարհի աչքի առջեւ, ինտերնետն այդ հնարավորությունը տալիս է։ Երկրագնդի ցանկացած անկյունից մարդիկ կարող են երեւանյան ակումբի հետ միանալ ու լսել հայկական երաժշտության էթնո-ջազ ոճի գեղեցիկ մշակումները։