«Ժամացույցը փող է»

26/10/2009

Երեկ ռուսական «Վեդոմոստի» թերթը մի հոդված է հրապարակել, որում վերլուծելով տարբեր երկրների պաշտոնյաների լուսանկարները՝ պարզել է, թե ով ինչպիսի եւ ինչ արժողությամբ ժամացույցներ է կրում: Ըստ թերթի, օրինակ, ռուս պաշտոնյաների մեջ ամենաթանկարժեք ժամացույցը կրում են ոչ թե Դմիտրի Մեդվեդեւը կամ Վլադիմիր Պուտինը, այլ Մոսկվայի քաղաքապետի տեղակալը` Վլադիմիր Ռեսինը. նրա «DeWitt, La Pressy Grande Complication»-ն արժե ավելի քան 100 հազար շվեյցարական ֆրանկ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախընտրում է «Classique Moon Phase» ժամացույցը` 32,3 հազ. դոլար արժողությամբ: Ի դեպ, ամուսնու ճաշակը կիսում է նաեւ Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան: «Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կրում է «Blancpain, Leman Aqualung Grande Date» ժամացույցը` 10,5 հազ. դոլար արժողությամբ: Հենց այդ ժամացույցը Պուտինը մի քանի անգամ նվիրել է շարքային քաղաքացիներին: Նախկինում, սակայն, Վլադիմիր Պուտինը կրում էր «Patek Philippe» հանրահայտ ժամագործական ընկերության ժամացույցը` 60 հազ. դոլար արժողությամբ»,- գրում է «ԹպՊՏՎՏրՑՌ»-ն: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրում է սպորտային ոճի «Jorg Gray 6500» էժանագին ժամացույց, որը պատրաստվում է Չինաստանում եւ սովորաբար վաճառվում 200 դոլարով: Նման համեստությամբ աչքի էր ընկնում նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը. մինչեւ վերջերս նա նախընտրում էր 50 դոլարանոց «Timex Indiglo» ժամացույցը: Նշենք, որ ամենաթանկարժեք ժամացույցը կրում է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում ժամացույցների հավաքածուի մոդելների գինը հասնում է շուրջ 500 հազ. եվրոյի: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախընտրում է շվեյցարական «Patek Philippe Calatrava 5120j» ժամացույցը, որն արժե մոտ 17 հազ. դոլար։ Վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ձեռքին լրագրողները նկատել էին «Breguet» ապրանքանիշի ժամացույց` 28-ից մինչեւ 36 հազ. եվրո արժողությամբ: Նշենք, որ այդ ժամացույցը նա կրում էր այն պահին, երբ բացատրում էր, որ ներկա ճգնաժամը «մեղքի արդյունք է, որը ներթափանցել է այժմյան տնտեսության մեջ»: «Ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ վճարում են նրանց համար, ովքեր կորզել են միլիոններ եւ միլիարդներ օդից»,- ասում էր Ռուսիո պատրիարքը: Նշենք, որ թանկարժեք ժամացույցներ կրողների թվում է նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ում «Bovet» ժամացույցի «Fleurier Minute Repeater» մոդելը պատրաստված է 18-կարատանոց սպիտակ ոսկուց: ԱՄՆ-ում այդ մոդելի մանրածախ գինը կարող է կազմել մոտավորապես 300 հազ. դոլար: