Բերքի առատությունը պրոբլեմներ է ծնում

27/08/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Որ այս տարին բերքառատ է, Գյուղնախարարության հետ համաձայն է նաեւ
գյուղացին: 88.000 տոննա ծիրանն իրացնելուց հետո սկսվել է հացահատիկի
բերքահավաքը եւ շուտով հերթը կհասնի խաղողին ու կարտոֆիլին: Հայաստանում
հենց այս գյուղմթերքներն են շատ անհրաժեշտ եւ հիմնական պահանջարկ վայելող
ապրանքները:

Ծիրանը, խաղողը եւ կարտոֆիլը նաեւ արտահանվում են, իսկ հանրապետությանն
անհրաժեշտ հացահատիկի 60-70%-ը ներմուծվում է: Այս տարի սպասվում է
460-480.000 տոննա հացահատիկի համախառն բերք: Եթե անցած տարի 1 կգ ցորենն
արժեր 120-130 դրամ, այս տարի գինը կրկնակի իջել է՝ 65-80 դրամ: Այս
էժանացումը պայմանավորված է ներկրված ցորենի էժանացմամբ: Հայաստան ցորեն
ներկրում են հիմնականում Ռուսաստանից եւ Ուկրաինայից, որտեղ էլ այս տարի
բերքատվությունը շատ բարձր է: Առաջին հայացքից այս փաստը ոգեւորող է՝ էժան
ցորեն, ուրեմն՝ էժան ալյուր ու հաց: Ալյուրն էժանացել է՝ 50 կիլոգրամանոց
1 պարկն արժե 6-7000 դրամ: Սովորական սպառողն այդ էժանությունը չի զգում,
որովհետեւ հացը մնացել է թանկ: Անցած 2 տարիներին, երբ ալյուրը թանկացավ
ու հասավ մինչեւ 15-16.000 դրամի, արտադրողները ոչ միայն հացի գինը
բարձրացրին, այլեւ չափերը նեղացրին: Ու այս տարվա ալյուրի կրկնակի
էժանության պայմաններում հացթուխները հացի գնի ու չափի նախկին
ցուցանիշները վերականգնելու ցանկություն բոլորովին չդրսեւորեցին: Բայց սա
քննարկման այլ թեմա է: Ուղղակի ավելացնենք, որ ցորեն ցանած գյուղացին այս
տարի շահույթ չի ստանա, իսկ հաց սպառողը կշարունակի թանկ վճարել:

Այս տարի բարձր կլինի նաեւ խաղողի բերքատվությունը: Անցած տարվա 148.000
տոննայի դիմաց սպասվում է 180-190.000 տոննա բերք: «Երեւանի կոնյակի
գործարանն» անցած տարի խաղողը մթերեց 130 դրամով: Մրցակցությունն
ապահովելու համար վերամշակող մյուս գործարաններն այդ գինը հասցրին մինչեւ
140-150 դրամի, իսկ «Արենի» տեսակի համար՝ մինչեւ 200 դրամի: Քանի որ այս
տարի 30-40.000 տոննա ավելի բերք է սպասվում, գյուղացուն սպառնում է
մթերման գնի մի փոքր իջեցում: Շուկան դեռ կորոշի: Նկատվում է նաեւ խաղողի
տնկարկների ավելացում՝ այժմ 16.000 հեկտարից պտղատու է 14.000-ը:
Վերամշակող գործարաններն, իհարկե, մթերվող գնի արժեքը մի փոքր իջեցնելով՝
կավելացնեն քանակը: Այսօր խաղողի մանրածախ գինը շուկայում տատանվում է
300-1000 դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, համախառն մրգի
արտադրությունն այս տարի կհասնի 230-250.000 տոննայի՝ անցած տարվա 137.000
տոննայի դիմաց:

Մյուս հիմնական գյուղատնտեսական մթերքի՝ կարտոֆիլի բերքատվությունը
նույնպես բարձր կլինի: Սակայն այստեղ արդեն լուրջ է իրացման խնդիրը:
Կարտոֆիլի վերամշակման հնարավորություններ Հայաստանում գրեթե չկան,
արտահանումն էլ գյուղացին ինքնուրույն չի կարողանում կազմակերպել: Եվ
կարտոֆիլի բերքի ավելացած մասը Հայաստանում փչանում է: Հիմնական սնունդ
հանդիսացող այս գյուղմթերքի պարագայում միակ մխիթարանքը էժանությունն է,
իհարկե գնորդի համար:

Գյուղնախարարությունում շատ գոհ են այս տարվա ցուցանիշներից: Փոխնախարար
Սամվել Գալստյանը հավատացնում է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով
սպասվող գումարով կատարվելիք ճանապարհաշինարարությունն ու ոռոգման
համակարգի բարեփոխումը գյուղացուն կօգնեն ավելի բարձր բերքատվություն
ապահովել: Բայց տարերային աղետներից գյուղատնտեսությունը Հայաստանում
ընդհանրապես պաշտպանված չէ, եւ մեկ տարվա աղետը որոշիչ է լինում նաեւ
հաջորդ տարիների բերքատվության համար:

«Գյուղատնտեսությունը, որ մեր հանրապետության ամենաբարդ տնտեսությունն է
բաց երկնքի տակ եւ պաշտպանված չէ տարերային աղետներից, ունեցել է որոշակի
պրոբլեմներ՝ հեղեղումներ, կարկտահարումներ, ցրտահարում,- ասում է պարոն
Գալստյանը: -Բայց այս պայմաններում էլ գյուղատնտեսությունն այս տարի աճ է
գրանցել: Հունիսյան հաշվառումը ցույց տվեց, որ այս տարի
ցանքատարածությունների ընդհանուր տարածքը մոտ 8000 հեկտարով ավելացել է»:

Գյուղնախարարությունն այսօր գյուղացուն լիարժեք չի պաշտպանում կամ չի
կարողանում պաշտպանել տարերային աղետներից, կամ էլ արդեն տեղի ունեցած
աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ բավարար միջոցառումներ չի
իրականացնում: Ու մի տարվա ցրտահարությունն իր բացասական ազդեցությունն է
ունենում մի քանի տարվա բերքատվության վրա: Գյուղացին իր հոգսերի հետ
գրեթե միայնակ է: Իսկ վարկային կամ դրամաշնորհային գումարներով
իրականացվող ծրագրերը արդյունք չեն տվել. փողերն անօգուտ մսխվել են, ու
պարտքի վերադարձը թողել են նաեւ գյուղացու աշխատանքի վրա: Նույնիսկ այս
պայմաններում այս ոլորտում աճ նկատվում է: