Ինչպես միշտ

23/10/2009

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է պատրաստել 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, որն առավելապես նվիրված է լինելու արդար դատաքննության հարցերին` մարտի 1-ի դեպքերով հայաստանյան դատարաններում ընթացած գործերին»,- այդ մասին երեկ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ավելացնելով, որ զեկույցն այժմ թարգմանման փուլում է եւ մոտ երկու շաբաթից կներկայացվի հանրության ուշադրությանը: Անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին, որոնց համաձայն՝ մի շարք ոլորտներում Հայաստանը ետընթաց է արձանագրել, ՄԻՊ-ն ասել է. «Անբավարար, անմխիթար եղել է, այդպես էլ մնացել է: Մի բնագավառ չկա, որ առաջընթաց լինի: Սրա համար բոլորս ենք մեղավոր»: Հարությունյանը նշել է նաեւ, որ իրենք «ուշադիր հետեւում են» «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը եւ հայ-թուրքական Արձանագրությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերին ու անպայման արձագանքելու են դրանց: