«Իշխանությունները գնացել են գործարքի»,- ասում է է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը

23/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ՀՀ խորհրդարանի իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը չընդունեցին Ձեր երկու առաջարկները: Ի՞նչ էիք ուզում պարզել նման առաջարկներ ներկայացնելով:

– Ես ուզում էի վերջնականապես բացահայտել, թե ինչ գործարքների են գնացել իշխանությունները: Եվ այն անձինք, ովքեր խորհրդարանում հավատարմորեն կոճակ են սեղմելու, հասկանային, որ իշխանությունները նույնիսկ իրենցից են թաքցնում իրականությունը: Ես ուզում էի բացահայտել, որ առաջին` ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ համաձայնելով ստեղծել պատմական ենթահանձնաժողով` արդեն իսկ համաձայնել են քննության առնել եւ գնահատական տալ, թե արդյո՞ք եղել է ցեղասպանություն: Մինչդեռ հայտարարում են, թե այդ հարցը Միջկառավարական պատմական ենթահանձնաժողովում քննարկման ենթակա չէ: Այդ դեպքում պետական ծառայողներին, նման կառույցներում Հայաստանը ներկայացնող անձանց (ընդգծում եմ՝ իմ առաջարկը պետք է վերաբերվի միմիայն պաշտոնատար եւ ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող անձանց) թող օրենքով արգելեն ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող որեւէ քննարկմանը մասնակցել: Սա ոչ մի դեպքում չի նշանակում, թե Հայաստանում պետք է կրկնել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը, որ վերաբերում է իրենց բոլոր քաղաքացիներին եւ հակաժողովրդական, խիստ դատապարտելի հոդված է: Իսկ այս առաջարկը չընդունելով` իշխանությունները խոստովանում են, որ գործարք է կայացել, եւ արդեն իսկ կա պայմանավորվածություն, որ պատմական ենթահանձնաժողովի խնդիրը լինելու է ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնելը: Ասեմ նաեւ, թե ինչու Թուրքիայի պահանջների մեջ ավելացավ Ցեղասպանության պատմական հանձնաժողովի հարցը: Դա Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության արդյունքն է, որը 1998թ. հայտարարեց, թե ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության նպատակն է: Դա վտանգավոր սխալ էր, ինչի մասին 1998-ից սկսած մենք բազմիցս նշել ենք: Հիմա այս իշխանությունը խուսափում է պատասխանել, թե արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության նպատակների շրջանակում, թե՞ ոչ: Թեեւ, իմ համոզմամբ, այդ հարցն արդեն իր ակտուալությունը կորցրել է, բայց թող պատասխանեն, եթե ի վիճակի են:

– Ինչո՞ւ էր վտանգավոր ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկելը:

– Դրա հետեւանքն է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու իր նախկին՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախապայմանին ավելացրեց նաեւ ցեղասպանության հարցը, որը միջկառավարական պատմական ենթահանձնաժողովի ձեւով արդեն իրականացվում է: Սա նշանակում է, որ այդ հարաբերությունների հիմքում ական ես դնում, որն, ըստ էության, կարող է պայթեցնել ամեն ինչ: Ռ.Քոչարյանի քաղաքականության արդյունքում այս հարցը Ս.Սարգսյանի օրոք արդեն երկրորդ արձանագրությունում նախապայմանից վերածվեց Հայաստանի պարտավորության: Սա ընդհանրապես միջազգային նախադեպ էլ չունի. պետությունների միջեւ երկկողմանի հարաբերությունները չեն ստեղծվում պատմական ճշմարտությունները վերանայելու հիմքի վրա: Եթե Իսրայելը եւ Իրանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, պետք է Հոլոքոստի փաստը վերանայելու պայմա՞ն դնեն: Աբսուրդ է:

– Իսկ ի՞նչ էիք ուզում պարզել Ձեր մյուս առաջարկը ներկայացնելով:

– Երկրորդը. ՀՀ իշխանությունները համաձայնել եւ ընդունել են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը մեկ փաթեթ են: Եթե այդ երկու հարցերն իրար հետ կապ չունեն, ապա արձանագրություններն առաջինը դուք վավերացրեք, բայց ժամկետ նշանակեք, որ այդ ընթացքում եթե Թուրքիան չվավերացնի, դրանք համարվեն առոչինչ: ԼՂ հարցը որպես նախապայման առաջ քաշելու համար Թուրքիային ժամանակ է պետք, որ դա անի իր խորհրդարանի միջոցով: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե ինչ-որ քայլեր կանեն, եթե Թուրքիան ողջամիտ ժամկետում չվավերացնի արձանագրությունները: Իսկ ի՞նչն է խանգարում, որ ՀՀ ԱԺ-ն արձանագրությունները վավերացնի եւ սահմանի այդ «ողջամիտ ժամկետը»: Չեն ընդունում, որովհետեւ չեն կարող այդպիսի քայլերի գնալ, քանի որ գործարք է կայացել, եւ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցը որպես նախապայման արդեն ընդունել են: Իմ երկրորդ առաջարկը չընդունելով` նորից ապացուցում են, որ կա գործարք: Հիմա արդեն բոլոր քաղաքական ուժերը եւ մեր ողջ հասարակությունը պետք է հասկանան, որ միակ ելքը իշխանափոխությունն է, այլընտրանք չկա:

– Դաշնակցությունը իշխանափոխություն չի պահանջում, նա պայքարի այլ ձեւ է ընտրել: Ինչո՞ւ է դա Ձեզ համար անընդունելի:

– Դաշնակցությունը չի ընդունում, որ քաղբանտարկյալներ ունեցող, ընտրությունների տոտալ կեղծմամբ, մարտի 1-ի սպանդով պահող իշխանությունը, այդ թվում՝ ՀՅԴ-ի իշխանությունը, չի կարող իրականացնել իր քաղաքացիների շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն: Միայն ժողովրդավարական Հայաստանը եւ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է իրականացնել իր քաղաքացիների շահերից բխող քաղաքականություն: ՀՅԴ-ն իրականում չի ուզում, որ Հայաստանը Թուրքիայի հետ ընդհանրապես որեւէ հարաբերություններ եւ բաց սահման ունենա: Իսկ մենք միշտ կողմ ենք եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը, բայց ոչ պատմական իրողությունները հարցականի տակ դնելու գնով: Ավելացնեմ, որ իրականում ՀՅԴ-ն այսօր էլ շարունակում է մնալ իշխանության մաս, ավելի ճիշտ՝ կցորդ:

– Ձեր կարծիքով՝ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ ստորագրված արձանագրությունները:

– Կասկած չկա, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանց տեղաշարժի Թուրքիան այն չի վավերացնի: Ցեղասպանության հարցի հետ կապված Թուրքիան արդեն իսկ ստացել է իր վաղեմի երազանքը. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հիմնովին կասեցվել է: Հիմա Թուրքիան անցնում է երկրորդ փուլին` պատմական ենթհանձնաժողովի միջոցով ընդհանրապես հարցականի տակ դնել ցեղասպանության փաստը: Բացի այդ, կարծում եմ, որ մոտ առաջիկայում շատ լուրջ, ինտենսիվ գործընթացներ են ծավալվելու նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում, որովհետեւ, կրկնում եմ, ՀՀ իշխանությունները համաձայնվել են, որ այս երկու հարցերը նույն փաթեթում են:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճնշումներ կան Հայաստանի վրա հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ կապված:

– Լեգիտիմության բացակայությունը զրկել է ՀՀ իշխանություններին որեւէ կերպ դիմակայել արտաքին ճնշումներին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարիք չունեին միջնորդավորված լինելու, ինչին գնաց այս իշխանությունը: Եվ հիմա նրանք ասում են, թե միջնորդների միջոցով Թուրքիայի վրա ճնշում կգործադրվի: Իսկ ես կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան է ճնշում գործադրում միջնորդների վրա, որպեսզի արագացնեն ԼՂ հակամարտության կարգավորումը, ինչը Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտում է իր պաշտոնական հայտարարություններով: Թուրքիան նաեւ հայտարարում է, որ այս արձանագրությունների ստորագրումը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր ծրագրի մի մասն է: Դա կրկին անգամ է ապացուցում, որ ՀՀ իշխանությունները հանուն սեփական իշխանության երկարաձգման՝ համաձայնել են գործարքի, որն ունի երկու բաղադրիչ` ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելը եւ ԼՂ հիմնահարցում միակողմանի զիջումների գնալը: