Դեպի դատարան

23/10/2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց` բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ: Դատավարական կամայականությանը գումարվում է ոստիկանական կամայականությունը: Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ, փորձում են իրենք որոշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն: Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ: Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց: Ոստիկանությունը հոկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում եւ Սահմանադրական դատարանի մոտ բռնությունների է դիմել նաեւ քաղաքացիների մի խմբի նկատմամբ, ովքեր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման: ՀԱԿ-ը դատապարտում է իշխանազանցության այսօրինակ փաստերը` ում նկատմամբ էլ որ դրանք դրսեւորվեն, եւ համարում է, որ Ոստիկանության այսպիսի վարքագիծը մատնում է այն սարսափը, որ ունի վարչախումբը եւ անձամբ Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդից: Կոնգրեսը նաեւ կոչ է անում բոլորին` ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, ինչը մեր պայքարի համար իր նշանակությամբ նույնքան կարեւոր է, որքան հանրահավաքները»: