Հայաստանը եւ սպառազինությունների մրցավազքը

27/08/2005 Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Սակայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումն էապես փոխում է
ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Չնայած պետք է նշել, որ
ներկայումս այնքան էլ հավանական չէ ռազմական գործողությունների
վերսկսումը, քանի որ Ադրբեջանը դեռեւս չի տիրապետում այնպիսի հզորության,
որպեսզի լայնածավալ հարձակում սկսի եւ ռազմական ուժով լուծի հիմնախնդիրը:
Այսպես, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանի ռազմական ուժերի թիվը
հասնում է 72.000 մարդու, դրան գումարած՝ եւս 5000 սահմանապահ ուժերը:
Սակայն իրականում այդ թիվն այսօր հասնում է մոտ 115.000 մարդու, եւ այն
աճի միտում ունի: Ըստ սպառազինությունների չափաբաժնի՝ ադրբեջանական բանակն
ունի 262 տանկ, 332 միավոր զրահատեխնիկա, 305 հրետանային կայանք, 49
ռազմական ինքնաթիռ եւ 35 հարվածային ողղաթիռ: Սակայն այստեղ եւս Ադրբեջանը
տիրապետում է ավելի մեծ քանակության ռազմական տեխնիկայի եւ, դատելով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններից, ռազմական ծախսերի
ավելացման առումով, մոտակա տարիներին այն կհամալրվի նորագույն տեխնիկայով:
Ադրբեջանը մոտակա տարիներին կարող է որդեգրել, այսպես կոչված,
սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը, տարեցտարի ավելացնելով
ռազմական բյուջեն, որին, ինչ խոսք, Հայաստանը պետք է իր ուժերի ներածին
չափով արձագանքի, որպեսզի պահպանի ուժերի հավասարակշռությունը: Հաշվի
առնելով ադրբեջանական նավթի առկայությունը, ինչպես նաեւ՝ սեւ ոսկու աճող
պահանջարկը եւ, համապատասխանաբար, գների աճը, որը լրացուցիչ մուտքեր
կապահովի ադրբեջանական բյուջե, Հայաստանը կարող է հայտնվել դժվարին
իրավիճակում, քանի որ, դժվար թե կարողանա ներկայիս տնտեսական աճի տեմպերով
լրացուցիչ միջոցներ ներգրավել բյուջե, կամ ռազմական ծախսերի ավելացումը
տեղի կունենա սոցիալական, կրթական եւ առողջապահական ոլորտների հաշվին:

Սակայն ամենամեծ վտանգը տարեցտարի կրճատվող զինակոչիկների թիվն է, որի
հիմնական պատճառն արտագաղթն է եւ ցածր ծնելիությունը: Այսպես, ներկայումս
Հայաստանի եւ ԼՂՀ զինված ուժերի թիվը հասնում է մոտ 75.000 մարդու
(տոկոսային առումով՝ ամենամեծ բանակն է աշխարհում` 2,5%): Սակայն մոտակա
տարիներին զինակոչիկների թիվը կսկսի քչանալ: Այսպես, 2010 թվականին
զինակոչային տարիքի երիտասարդների թիվը 2005թ. համեմատ կկրճատվի 10%-ով,
իսկ 2010թ. նկատմամբ՝ 2019թ. կնվազի եւս 30%-ով, եւ դա այն դեպքում, եթե
բացառենք արտագաղթը, որը Հայաստանի ներկայիս պայմաններում քիչ հավանական
է: Պետք է արձանագրել, որ 2008 եւ 2013թթ. Հայաստանի Հանրապետության
նախագահի պաշտոնում ընտրվող անձի առջեւ իր ամբողջ լրջությամբ կհառնի
բանակային այս բարդ հիմնախնդիրը, որի լուծումը բավականին ջանքեր եւ
հմտություն կպահանջի, առաջին հերթին՝ բանակի պայմանագրային հիմունքներով
ծառայողների թվի ավելացման առումով, որը կպահանջի ֆինանսական միջոցների
ավելացում, որին, ինչ խոսք, Հայաստանը ներկայիս պայմաններում պատրաստ չէ: