«Հարաճուն եւ գեղեցիկ իշխանափոխություն»

23/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մենք իշխանափոխություն ենք նախապատրաստում այս ծրագրով: Իշխանափոխությունը նախապատրաստում են շատ գեղեցիկ, նորմալ, հարաճուն ընթացքով, ամեն օր մեր աջակցությունը ավելացնելով: Իշխանափոխությունը օդից չի գալիս»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով «ՀՅԴ-ի գործունեության ուղենիշները» անունով փաստաթուղթը: «Ավելի լավ է հասունացնել իշխանափոխությունը, քան հրաժարական պահանջել ու տանը նստել»,- ավելացրել է պարոն Ռուստամյանը` հավանաբար նկատի ունենալով ՀԱԿ-ին: «Հրաժարականի հարցը հասունանում է, երբ որ ստիպված է լինում հրաժարական տալ, որովհետեւ ավելի վատը կա: Կա, օրինակ, պաշտոնանկության պրոցեսը… Չարյաց փոքրագույնը ընտրում են` հրաժարվում են»,- բացատրել է Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերով՝ հասունանում է նաեւ «հրաժարականի հարցը», սակայն ՀՅԴ-ն դեռ նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական չի պահանջում: Հույս ունեն, որ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվի: Մինչ այդ «Դաշնակցությունը» երեկ վերջապես հրապարակեց իր «Գործունեության ուղենիշները» կամ, այսպես ասած, պլատֆորմը: Այդ փաստաթղթում կուսակցությունը ներկայացրել է, թե այսուհետ ինչ ծրագրերով է առաջնորդվելու կամ ինչ նպատակներ պետք է դնի իր գործունեության հիմքում: «Դաշնակցության» թիվ մեկ խնդիրը, ըստ այդ փաստաթղթի՝ Արցախյան հիմնահարցն է, որի լուծումը տեսնում է 1991թ. ձեռք բերած անկախության, 2006թ. հանրաքվեով ընդունած Սահմանադրության շրջանակում եւ «համարժեք ու համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին»: Պլատֆորմի դրույթներից ելնելով` կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ-ն պետք է պայքարի, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային գործընթաց, որ ԼՂՀ-ն ունենա միջազգային ճանաչում եւ այլն: Իր երկրորդ խնդիրը ՀՅԴ-ն համարել է հայ-թուրքական հարաբերությունները` բնականաբար դրա լուծումը տեսնելով իրենց կուսակցության վաղեմի գաղափարախոսության, նաեւ առանց նախապայմանների հարաբերությունների ծիրին մեջ: Անդրադարձ կա նաեւ Ջավախքի ու սփյուռքի հետ հարաբերություններին եւ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Բավականին ծավալուն են սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական հիմնախնդիրներին ուղղված ծրագրերը: Դրանց մի մասը նախկինում ընդգրկված են եղել ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերում, երբ այդ կուսակցությունը իշխանության կազմում մասնակցում էր ընտրություններին: Բավականին հետաքրքիր են ընդդիմության «գործուն դերակատարությանն» ուղղված առաջարկությունները: ՀՅԴ-ն առաջարկում է ընդդիմությանը վերապահել հակակոռուպցիոն գործակալության ձեւավորումը եւ ղեկավարումը, հակամենաշնորհային քաղաքականությունն իրականացնող մարմնի եւ Քաղծառայության խորհրդի ղեկավարների պաշտոնները: Առաջարկում է ընդդիմությանը քվոտաներ տալ նաեւ Վերահսկիչ պալատի խորհրդում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պլատֆորմի սկզբում ՀՅԴ-ն արձանագրել է այսպիսի դրույթ. «նախապատրաստվել առաջիկա համապետական ընտրություններին»: «Դա չի նշանակում, որ մենք հերթական ընտրությունների ենք նախապատրաստվում, այն կարող է լինել նաեւ արտահերթ»,- այս դրույթը երեկ նման ձեւով է մեկնաբանել Ա.Ռուստամյանը:

Մի խոսքով, ՀՅԴ-ն գնում է իշխանափոխության` չպահանջելով Ս.Սարգսյանի հրաժարականը: Եվ այդքանից հետո իր պլատֆորմում «Դաշնակցությունը» ընդդիմադիր մյուս ուժերին համագործակցության կոչ չի անում: «Բայց բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր այս ծրագրում իրենց մոտեցումներին հարազատ մոտեցումներ են տեսնում, կարող են գալ եւ համագործակցել մեզ հետ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ իր պլատֆորմն էր հրապարակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին հետեւեց «Ժառանգություն» կուսակցության պլատֆորմը: Իրենց պլատֆորմներով այս երկու ուժերը մեկմեկու, նաեւ ՀՅԴ-ին համագործակցության կոչ էին անում, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: «Մեր առաջարկը վերաբերում է այն հիմնարար ուղղություններին, որով, գտնում ենք, որ կբարձրանա ընդդիմության դերակատարությունը երկրի կառավարման գործում, իշխանությունների գործողության մեջ: Ակնհայտ է, եթե այդպես լիներ, եթե որեւէ մեկը ներկայումս ցանկանար դա անել, ապա մեր այդ պահանջը չէր լինի: Բայց քանի որ չկա վերաբերմունք ընդդիմության նկատմամբ, հետեւաբար մենք առաջարկում ենք, որ ընդդիմությունը ամբողջությամբ ներգրավված լինի իշխանական համակարգում»,- շարունակեց Ա.Մինասյանը:

Ընդունո՞ւմ են իշխանություններն իրենց երբեմնի գործընկերոջ այս առաջարկությունները: Իշխանություն ձեւավորած հիմնական ուժը` ՀՀԿ-ն, իր լծակների մի մասը կզիջի՞ «Դաշնակցությանը»: «Այսօրվա իշխանությունները ապացուցել են, որ քաղաքական հանդուրժողականության կողմնակից են: Ապացուցել ենք, որ ընդդիմությանը շատ մեծ դեր ենք տալիս: Եվ պատահական չէ, որ ԱԺ-ն ընդունեց օրենք, որով լիազորություններ տվեց ընդդիմությանը: Արդյունքում՝ այսօր ընդդիմադիր ՀՀԴ խմբակցությունը ղեկավարում է 2 մշտական հանձնաժողովներ,- ՀՅԴ-ին «երեսով տվեց» հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով,- Ինչ վերաբերում է ՀՅԴ մեր գործընկերների առաջարկներին, ապա իշխանությունն առաջնորդվում է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի պլատֆորմներով, այլ ունի իր քաղաքական ծրագրերը»: Շարմազանովը թե արտահերթ համապետական ընտրությունների, եւ թե Ս.Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտություն, բնականաբար, չի տեսնում: «Սա նոր կարծիք չէ, մինչեւ ՀՅԴ-ն էլ՝ մեկ տարուց ավելի է, ՀԱԿ-ն է պահանջում արտահերթ ընտրություններ: Այն ժամանակ ՀՅԴ-ի մեր գործընկերները միահամուռ էին մեզ հետ»,- վերստին «երեսով տվեց» Է.Շարմազանովը:

Իսկ ընդդիմադիր դաշտում երեկ երեկոյան դեռ տեղյակ չէին ՀՅԴ-ի պլատֆորմին կամ իշխանափոխության ծրագրին: Թե՛ ՀԱԿ-ից, եւ թե՛ ՀՅԴ-ի հետ համագործակցող «Ժառանգությունից» որեւէ կերպ այդ փաստաթուղթը չմեկնաբանեցին: Դեռ չէին ծանոթացել «հասունացվող իշխանափոխության» ծրագրի հետ: