Նրանց դաշնակները

23/10/2009

Նախօրեին Ստամբուլում կայացել է Այդին համալսարանի եւ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի կազմակերպած համաժողովը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները: Բացի այդ, ըստ Today’s Zaman-ի, ներկաները խոսել են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գրեթե մեկ շաբաթ շարունակվող դրոշների պատերազմի մասին: Համաժողովի ընթացքում Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը նշել է, որ իրենք արել են հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության առաջխաղացման համար: «Այսօր տարածաշրջանը ապահով չէ: Մենք ականատես եղանք նախորդ տարի Վրաց-ռուսական պատերազմին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նույնպես փխրուն է. տարածաշրջանում կա պատերազմների հավանականություն»,- հայտարարել է Օյմենը: Քննադատելով «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ղեկավարությանը հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրելու համար` Օյմենը նշել է, որ Արձանագրությունները եւ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը Դեյվիդ Ֆիլիպսի` Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի առաջատար ավագ վերլուծաբանի նախագիծն է: Ինչպես հայտարարել է Օնուր Օյմենը, հայ-թուրքական Արձանագրությունների մեջ ներառված չէ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման, ոչ էլ Կարսի պայմանագիրը: «Եթե մենք գանք իշխանության, մենք կպատռենք այդ Արձանագրությունները»,- հայտարարել է Օյմենը: