Նվերը, Կարենը եւ Ռաֆիկը տեւական ժամանակ գտնվում են մանկատանը, բայց ոչ այն պատճառով, որ որբ են: Պարզապես ծնողների անհաշտության հետեւանքով երեխաները ժամանակավորապես գտնվում են պետության խնամքի տակ: Այս երեխաների ապագան նույնքան անորոշ է, որքան անհասկանալի եւ անընդունելի է նրանց ծնողների վարքագիծը:
«168 Ժամն» անդրադարձել է այս ընտանիքի պատմությանը. ներկայացրել էինք նրանց հարեւանների տեղեկություններն այն մասին, որ մանկահասակ երեխաներին հաճախ վերջիններս տեսնում էին գերեզմանատների հոգեհացով «կշտանալիս»: Հիշեցնենք, որ երեխաների հայրը` Արամ Ավանյանը մեզ էր դիմել խնդրանքով` համապատասխան կառույցների միջնորդությամբ երեխաների խնամքն իրեն վերապահել: Արամը վստահեցնում էր, որ երեխաների ապագան վտանգի տակ է, քանի որ նրանց մայրը` Ռուզաննան, մարմնավաճառությամբ է զբաղվում, հետեւաբար՝ սեռական ծանր հիվանդության կրող է: Արամի եւ նրա կնոջ` Ռուզանի (առանց զագսավորման օրինական փաստաթղթերի) ամուսնությունը ձախողվել էր այն օրից սկսած, երբ Ռուսաստան մեկնած Արամը վերադառնալով տուն՝ կնոջը կրկին հղիացած վիճակում էր տեսել: «Ես ամեն ինչ արեցի, որ ներեմ նրան: Ասեցի` չնայած չորրորդն իմ երեխան չի, բայց պատրաստ եմ հայրություն անել: Առաջարկեցի ամեն ինչ նորից սկսել»,- պատմում է Արամն` ասելով, որ, այնուամենայնիվ, Ռուզանը չորրորդ երեխային ծննդաբերելուց հետո չի դադարել իրեն դավաճանել: Ի դեպ, Ռուզանն էլ իր հերթին մեկ տարի առաջ մեզ վստահեցնում էր, որ Արամը վատ ամուսին եւ հայր է եղել, մշտապես ծեծել է ինչպես իրեն, այնպես էլ փոքրիկներին: Դրանից բացի, նա մեկնել է Ռուսաստան եւ մոտ երկու տարի իրենց «տիրություն» չի արել: Ռուզանին գտնել մեզ չհաջողվեց, քանի որ նրա բնակության վայրը հայտնի չէ ինչպես նախկին տան` Աերացիա թաղամասի հանրակացարանի հարեւաններին, այնպես էլ` Արամին: Վերջինս վստահեցնում է, որ Ռուզանին գտնելն անհնար է, քանի որ նա սիրեկանների հետ պարբերաբար տեղափոխվում է մարզից մարզ, տնից տուն: Վերջին անգամ, ամիսներ առաջ Արամին զանգահարել է Ռուզանի հարսը եւ խնդրել է երեխաներին տիրություն անել, քանի որ Ռուզանը նրանց տարել է հայրական տուն եւ շաբաթներով անհետացել է: «Գնացի հոր տուն, տեսնեմ ի՞նչգ երեխեքս բոմժի նման փողոցներում թափառում են: Անլվա, կեղտոտ, ոջլոտ, սոված, ծարավ փողոցում գցած: Բերեցի տուն, շաբաթներով լողացնում, շորերը լվանում էի, չէին մաքրվում: Հետո երեխեքս սկսեցին բաներ պատմել, որոնցից ուղղակի ցնցվում էի: Նվերիկս ասում ա` պապա, գիտե՞ս, էսինչ ձյաձյան մամային ծեծելով գցեց տեղաշորի մեջ ուգ»,- պատմում է Արամն` ասելով, որ երեխաները որոշ ժամանակ էլ, պարզվել է, ապրել են Նուբարաշենի աղբավայրի հարակից` Խոզանոց կոչվող թաղամասում, որտեղ աներեւակայելի տեսարանների ականատեսն են եղել. «Կարենս 5 տարեկան ա: Ինձ ասում ա` պապա, գիտե՞ս, որ ցելոֆանի մեջ լիքը սոսինձ լցնես ու հոտ քաշես` կայֆ կստանաս: Ես ինֆարկտ էի ստանում երեխեքիս պատմածներից: Հասկանո՞ւմ եք, թե մայրն ինչ ա անում իրա երեխեքի հետ»: Ռուզանի հայրական տանից երեխաներին Արամը տեղափոխել էր Աերացիա թաղամասում գտնվող հանրակացարանի իրենց սենյակ, որտեղ ամուսնությունից հետո մշտապես ապրել են, եւ որն, ի դեպ, Ռուզանի անունով էր գրանցված: Մինչդեռ Ռուզանի մասին նա տեղեկություն չուներ: Նշենք նաեւ, որ այս ընտանիքի մասին քաջատեղյակ են ինչպես Շենգավիթի թաղապետարանում, այնպես էլ` ՀՀ Ոստիկանության Շենգավիթի տարածքային ստորաբաժանումում: Ռուզանը քանիցս դիմել է Ոստիկանություն՝ Արամին երեխաներից հեռացնելու ահազանգով, իսկ Արամը, բնականաբար, չունի երեխաների հանդեպ հայրական իրավունք այն պատճառով, որ նրանց ամուսնությունը չի օրինականացվել: Ինչեւէ, Արամի ահազանգից հետո մենք հրապարակում տպագրեցինք, որից հետո երեխաներով սկսեցին զբաղվել Երեւանի քաղաքապետարանի Երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցներն, ինչպես նաեւ՝ ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) կենտրոնը. փորձ արվեց երեխաների խնդիրը կանոնակարգել պետական մակարդակով: «Ձեր գալուց առաջ էլ զանգահարեցի Ոստիկանություն. ասեցի, սենց-սենց երեխեքիս էս վիճակում հավաքել բերել եմ: Եթե տանեմ մորս տուն, պրոբլեմներ կունենա՞մ, ասեցին` այո՛, ինքը կարա ասի, որ դու երեխեքին գողացել ես: Մտածեցի` լավ, ի՞նչ անեմ երեխեքիս հետ, հաստատ ոչ մի դեպքում հետ չեմ տանելու, բայց պահելու դեպքում էլ` ինձ կգցի բանտի դռները»,- պատմում է Արամն, ով այնուամենայնիվ որոշել է երեխաներին ժամանակավորապես հանձնել ՀՕՖ կենտրոն, որի տնօրեն տիկին Կտակյանը երեխաներին պահելու համար 10 օր ժամանակ է տվել, քանի որ նախկինում էլ երեխաները պարբերաբար 4-5 ամսով մնացել են ՀՕՖ-ում, որի ընթացքում մայրը նրանց չի այցելել: Այնուհետեւ երեխաներով սկսել է զբաղվել քաղաքապետարանի Երեխաների պաշտպանության վարչությունը. «Տիկին Ռիման ասեց` Արամ ջան, քեզ չենք կարող հանձնել երեխաներին, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Մենք որոշել ենք երեխաներին մանկատուն հանձնել: Եթե 10 օրվա մեջ կարողանանք Ռուզանին գտնելգ բայց Ռուզանին ոչ մի կերպ չգտան ու երեխաներին տեղափոխեցին մանկատուն»: Մանկատուն տեղափոխելուց հետո երկրորդ օրն Արամն այցելել է երեխաներին, որոնք հորը տեսնելուն պես խնդրել, աղաչել են իրենց տուն տանել: Արամն ասում է, որ երեխաները չեն համակերպվում «որբության» հետ, հրաժարվում են հաց ուտելուց, քնելուց. տառապում ենգ: Մանկատան տնօրենն Արամին տեղեկացրել է, որ եթե Ռուզանը վեց ամսվա ընթացքում չայցելի երեխաներին` իրենք կդիմեն դատարան` խնամակալության կամ որդեգրման հայցադիմումով: «Տնօրենն ասեց, որ, էն ժամանակ դու կարող ես ինձ հետ դատարան մտնել եւ հայրություն կամ խնամակալություն ճանաչել»,- պատմում է Արամն` ասելով, որ Ռուզանը չորս ամիս անց այցելել է մանկատուն: Չնայած դրան, մանկատան ղեկավարությունն իր անհամաձայնությունը կհայտնի երեխաներին կրկին մորը հանձնելու վերաբերյալ, քանի որ Ռուզանի վարքագիծը վտանգում է նրանց կյանքը:
Ինչեւէ, ներկայումս Արամի եւ Ռուզանի երեխաները գտնվում են մանկատանը, իսկ Ռուզանին Արամի հավաստմամբ` պարբերաբար տեսնում են «Ծերեթելիի» խաչմերուկի հայտնի անառականոցում: Արամն ուզում է երեխաներին պաշտպանել, խնամել եւ զբաղվել նրանց ապագայով, սակայն դա թույլ չի տալիս ինչպես Ռուզանն, այնպես էլ օրենքը: Արամը սպասում է վեց ամիսը լրանալուց հետո մանկատան կողմից ներկայացվելիք հայցին, որի ընթացքում ինքը կկարողանա հայրություն ճանաչել: Մինչ այդ, սակայն, այս երեխաները զրկվելու են նաեւ պետության կողմից իրենց հատկացված բնակարանից: Աերացիա թաղամասի 7-րդ հանրակացարանը Երեւանի քաղաքապետարանի կողմից ճանաչվել էր խիստ վթարային, եւ այդ շենքի բնակիչներին դեռ մեկ տարի առաջ խոստացվել էր բնակարաններ հատկացնել: Վերջերս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանրակացարանի բնակիչներին հանձնեց նոր բնակարանների բանալիները: Նրանցից մեկն էլ չորս երեխաների մայր Ռուզանն էր, որի երեխաները թեեւ մանկատանն են, այդուհանդերձ, բնակարանամուտի օրը նա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր: Հարավ-Արեւմտյան թաղամասի Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկում Ռուզանին հատկացվեց երեք սենյականոց բնակարան, որը չտեսան եւ չվայելեցին մանկատանը հանգրվանած նրա երեք երեխաները: Օրեր առաջ հարեւաններն Արամին տեղեկացրել են, որ Ռուզանը պատրաստվում է նոր բնակարանը վաճառել։ «Ես չգիտեմ, թե ոնց պաշտպանեմ երեխեքիս: Չէ՞ որ պետությունը չորս երեխաների համար ա հատկացրել էդ տունը: Հավատացե՛ք, երդվում եմ, որ ես ակնկալիք չունեմ, բայց երեխաներս մի օր մանկատնից դուրս են գալու, չէ՞: Ախր նրանց ապագան փչացնում ա ամենաստոր ձեւով: Եթե էդ տունն էլ վաճառի ու փողերը սիրեկանների հետ մսխի` երեխեքս կկործանվեն: Խնդրում եմ, մի բան արեք, թող պետությունն արգելանք դնի էդ տան վրա, որ հանկարծ չծախի: Դա իմ երեխեքի միակ ունեցածն ա»,- ասում է Արամը, ով Ռուզանից հեռանալուց հետո ապրում է մոր, քրոջ եւ եղբոր հետ, որոնք նույնպես ծայրաստիճան աղքատ մարդիկ են եւ Նոր-Արեշի հանրակացարանի մի փոքրիկ խցում են բնակվում:
Մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում առկա այս գործով նյութերը եւ թաղապետարանի համապատասխան բաժնի պետի փաստարկները: