Կինոպատերազմներ

23/10/2009

Վրաստանի կառավարությունը հետաքրքիր «PR» ակցիայի է վերածել հոլիվուդյան մարտաֆիլմը, որն այս օրերին նկարահանվում է Թբիլիսիում: Արդեն մի քանի օր շարունակ Վրաստանի խորհրդարանի շենքը դարձել է նկարահանման հրապարակ, եւ ամերիկացի ռեժիսոր Ռենի Հարլինին թույլ է տրվել շենքի ու բակի ցանկացած անկյունում նկարահանում կատարել: Ֆիլմը պատմելու է 2008 թվականի Վրաց-ռուսական պատերազմի մասին, որի արդյունքում Հարավային Օսիան անկախացավ: Գլխավոր դերում դերասան Էնդի Գարսիան է, ով մարմնավորում է Միխայիլ Սահակաշվիլիի կերպարը: Բազմամիլիոնանոց բյուջե ունեցող ֆիլմի պրոդյուսերներից մեկը Վրաստանի մեծահարուստ պատգամավորներից մեկն է, իսկ ֆիլմի պայմանական վերնագիրը «Վրաստան»` Georgia է: Հեղինակները վստահեցնում են, որ ֆիլմը ոչ թե մարտաֆիլմ է լինելու, այլ պացիֆիստական կինոժապավեն: Կինոհարված հասցնել պատրաստվում է նաեւ Ռուսաստանը, ով հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային առաջարկել է պրոռուսական ֆիլմ նկարահանել հենց Հարավային Օսիայում: Կուստուրիցան դեռ չի տվել իր համաձայնությունը, թեեւ հայտարարել է, որ պատերազմում մեղավոր է համարում Վրաստանին: