Բուժիչ նամակներ

23/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նուռը եւ մարդու առողջությունը

Նռան բուժական եւ օգտակար հատկանիշների մասին հիշատակումներ կարելի է հանդիպել դեռեւս Հիպոկրատի աշխատությունների մեջ, որտեղ նշվում է, որ օրինակ` նռան կեղեւը դիզենտերիայի կամ վերքերի բուժման համար շատ արդյունավետ միջոց է: Բացի այդ, նշվում է, որ ստամոքսի ցավերի ժամանակ (իհարկե, ցավի պատճառը պարզելու համար առաջին հերթին պետք է դիմել բժշկի) բավականին արագ օգնել է: Ավելի հնագույն ժամանակներում նռան ծառը հանդիսացել է հակաճիճվային հաջող միջոց: Իսկ ահա Ավիցենան իր աշխատություններում նռան միջոցով բուժման 150 եղանակ է առաջարկում: Նա գրում է, որ նուռը կարելի է համարել օրգանիզմը մաքրելու հիանալի հատկությամբ օժտված բույս: Այն ժամանակ նաեւ գտնում էին, որ նռան հյութը շատ լավ օգնում է սեռական անկարողության դեպքում:

Դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ տեղի ունեցող հորմոնալ շեղումները բավականին թեթեւանում են նռան տրորած կեղեւների ու կորիզների միջոցով:

Օրինակ` թութքի բուժման ժամանակ եւս, ժողովրդական բժշկության մեջ ընդունված է օգտագործել նռան հյութ: Իսկ նռան հյութը որակյալ մեղրի հետ խառնելուց հետո կարելի է նաեւ օգտագործել քթի պոլիպների համար: Իսկ հիմա ընդհանրապես բժշկության մեջ խորհուրդ է տրվում օգտագործել նռան հյութ, եթե մարդը մրսած է, դիմադրողականությունը ցածր է, սակավարյունություն կամ աթերոսկլերոզ ունի: Նռան պտղի կեղեւը շատ օգտակար է ճիճուներ վերացնելու կամ կոլիտների դեպքում: Նռան հյութը լրացնում է օրգանիզմի վիտամինային պաշարը, բարձրացնում է ախորժակը, իջեցնում է արյան ճնշումը, նորմալացնում` մարսողությունը: Իսկ ըստ գիտական որոշ տվյալների, նռան հյութի կանոնավոր օգտագործումը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը: Նռան թարմ հյութը եւ պտուղները շատ լավ է օգտագործել հազի ու մրսածության, անգինայի եւ տոնզիլիտի, ստոմատիտի, անեմիայի, աթերոսկլերոզի աղեստամոքսային տրակտի շատ հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ` հակաբիոտիկներով շատ երկար ժամանակ բուժվելուց հետո: Նռան կեղեւը, որպես արտաքին գործածության միջոց, շատ լավ է վերքերի ու վնասվածքների ժամանակ:

Պետք է հիշել, որ նռան հյութի օգտագործման ժամանակ մի քիչ կարելի է զգուշանալ, քանի որ նուռը շատ թթու է պարունակում, իսկ այն կարող է քայքայել ատամների էմալն ու գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս նռան հյութը խառնել եռացրած-սառեցրած ջրին՝ 1:1 հարաբերությամբ, ինչն, ի դեպ, նրա սննդային ու բուժական որակները չի վատացնում կամ որակազրկում: Երեխաների համար թուրմերն ու եփուկները խորհուրդ է տրվում պատրաստել հետեւյալ չափաբաժնով, դեռ 1 տարեկանը չլրացած երեխաներին խորհուրդ է տրվում տալ մինչեւ 1 թեյի գդալ, 1-3 տարեկան երեխաներին` 1 թեյի գդալ, 3-6 տարեկաններին` 1 աղանդերային գդալ, 6-10 տարեկաններին` 1 ճաշի գդալ, 10 տարեկան եւ բարձրերին` 2 ճաշի գդալ:

Դիմադրողականությունը բարձրացնող հիանալի միջոց կարելի է պատրաստել, որի համար անհրաժեշտ է վերցնել 2-ական կիլոգրամ բազուկ եւ գազար, 1-ական կիլոգրամ նուռ եւ կիտրոն ու 1,5 կիլոգրամ որակյալ մեղր:

Կիտրոններն ազատեք կորիզներից եւ հենց կեղեւով հյութաքամիչի օգնությամբ ստացեք հյութ: Նուռը եւս նույն կերպ, առանց կեղեւն ու միջնապատերը հանելու, հյութաքամեք: Առանձին քամեք գազարի ու բազուկի հյութը, այս բոլոր հյութերին խառնեք որակյալ մեղրը, լցրեք ապակյա տարայի մեջ ու պահեք սառնարանում: Այս խառնուրդից կարելի է ընդունել գիշերը 1 սուրճի գավաթի չափով 1 ամիս շարունակ: Հետո պետք է 2 շաբաթ ընդմիջում տալ ու նորից շարունակել: Պետք է նաեւ հիշել, որ նուռը կարող է փորկապություն առաջացնել: Պետք է այն զգույշ օգտագործել: