Քննարկման 7-րդ շաբաթը

21/10/2009

Երեկ Թուրքիայի Ազգային ժողովում` Մեջլիսում, սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները: Դրանց ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ, որոնցից ամենակարեւորը, սակայն, պետք է համարել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթը: Վերջինս կառավարության անունից ներկայացնելով հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը` նաեւ որոշակի պարզաբանումներ է ներկայացրել: «Այս ստատուս-քվոն եղբայրական Ադրբեջանի շահերից չէ, որովհետեւ ադրբեջանական հողերը երկար տարիներ բռնազավթված են: Այս ստատուս-քվոն

ՀՀ-ի եւ մեր շահերից էլ չէ… Պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա լարվածությունը վերացնել եւ խնդրի կարգավորման առաջը բացել»,- հայտարարել է Դավութօղլուն` թվարկելով այն պատճառները, որոնք հիմք ընդունելով՝ Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները: Առաջին պատճառն, ըստ նրա, այն է, որ փաստաթղթով ՀՀ-ն ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: «Ոչ ոք Հայաստանում չի համարձակվի Թուրքիային ներկայացնել տարածքային պահանջ: Այս արձանագրությունների ստորագրումով Հայաստանը փաստեց, որ իրավական հիմքերով դա այլեւս հնարավոր չէ»,- հայտարարել է Դավութօղլուն: Մյուս պատճառն, ըստ նրա՝ այն է, որ վավերացումը հնարավորություն կտա հասնել Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հակամարտության լուծմանը: «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ժամանակահատվածում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 17 տարի տեւող լարվածությունը սկսել է թուլանալ, եւ կարգավորումը սկսել է արագանալ… Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության պես սուրբ է: Այս խնդրում Թուրքիայի չափ ջանքեր գործադրող մեկ այլ երկիր չկա … Այս հակամարտությունը կարգավորելու համար մեր ձեռքից եկած ամեն ինչ կանենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Իսկ Մեջլիսի նիստի նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստ, որը առավելապես նվիրված է եղել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների լույսի ներքո ԼՂ հակամարտության լուծման թեմային»: Այսպիսով, արձանագրությունների հետ կապված «արարողակարգային մասն» ավարտվեց, եւ թուրքական կողմն արդեն առանց այլեւայլությունների ցույց է տալիս, որ այս ամբողջ գործընթացում իր գերնպատակը ԼՂ հակամարտության կարգավորումն է, այդ թվում` կարգավորման բանակցություններում միջնորդի դեր ստանձնելը: Այն, ինչը 2008 թվականի ապրիլի 22-ից հետո համառորեն ժխտում են ՀՀ իշխանությունները, որոնք շունչները պահած սպասում են Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացմանը: