«Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի մինչեւ տարեվերջ կամ վաղ գարնանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ում կարծիքով՝ «Թուրքիայի խորհրդարանը դժվար թե ենթարկվի Ադրբեջանի ճնշմանը, քանի որ թուրքերը լավ հաշվարկել են Ադրբեջանի ճնշումների չափն ու ձեւը»: «Թուրքիան ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, քան Ադրբեջանի շահն է Ղարաբաղի հարցում,- ասել է Զոհրաբյանը` մանրամասնելով,- «Միայն մեր հետ չէ, որ Թուրքիան խնդիր ունի. ինքը խնդիր ունի աշխարհի հետ: Առաջին հերթին` Եվրամիության հետ: Իրենք ձգտում են մտնել Եվրամիություն: Եվ իրենց որ ներս պիտի թողնեն, առաջին կետերից մեկը, որ իրենք կարող են անել արագ, դա սահմանների բացումն է: Եթե սահմանները չբացեն, իրենց համար արդեն խոչընդոտը կա»: Իսկ եթե մինչեւ վաղ գարունը Թուրքիան սահմանը չբացի, պարզ կլինի, ըստ Զոհրաբյանի, որ «թուրքերը խաբում են»: «Դրանից հետո գալիս է Հայոց Ցեղասպանության տարելիցը՝ Ապրիլի 24-ին: Եթե մինչեւ այդ չբացվեց, մեր հասարակության մոտ էլ են լինելու կասկածներ, որ թուրքերը մեզ, կարծես թե, ֆռռացնում են, խաբում են… Եվ հակազդեցությունը կարող է շատ մեծ լինել: Թուրքերն էլ են հասկանում, որ գոնե մինչեւ վաղ գարուն` վերջին ժամկետ, իսկ լավ կլինի` մինչեւ նոր տարի հաստատեն: Իսկ մենք արագ կարձագանքենք դրան»,- ասել է Զոհրաբյանը` տեղեկացնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին Սահմանադրական դատարան կներկայացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի վերջինս քննի դրանց համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը:
«Օր չի հայտարարել (Սերժ Սարգսյանը.- խմբ.), բայց ես կարծում եմ, իմաստ չունի ձգել: Քանի որ թուրքերը քայլը արել են` այսօր արդեն կներկայացնեն իրենց խորհրդարանի քննարկմանը, մենք էլ քայլ կանենք` Սահմանադրական դատարան: Հետո տեսնենք՝ ինչպես է գնում ընթացքը: Դրանից հետո կարող ենք ներկայացնել Ազգային ժողով: Բայց հաստատումը կլինի, իհարկե, թուրքերից հետո կամ միաժամանակ, որպեսզի, ինչպես ասում է ժողովուրդը՝ խաբոցի չլինի»: