«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը դեռեւս գտնվում է «ինքնաբացարկների փուլում»:
Երեկ` դատական երկրորդ նիստի ընթացքում պաշտպանական կողմը եւ Ն.Փաշինյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող Կորյուն Փիլոյանին: «Փիլոյանը եւ իր ընկերներն իրենց դարակներում պահելով Մարտի 1-ի նյութերը` քրեական գործեր են մոգոնում քրեական աբսուրդի ժանրով: Մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին էլ չեմ խոսում: Մարտի 1-ից ավելի քան մեկուկես տարի է անցել, բայց դեռեւս բացահայտված չեն սպանությունների կազմակերպիչները: Հիշեցնեմ, որ նախաքննության մարմինը, որի ներկայացուցիչն է Փիլոյանը, մինչ օրս չի բացահայտել, թե «Չերյոմուխա-7»-ից ո՞ր ոստիկանը ո՞ւմ է սպանել: Հարկ եմ համարում նշել, որ իմ բացարկի հիմքում ոչ թե նրա մասնակցությունն է ընկած, այլ, որ տեղի չի ունեցել բազմակողմանի քննություն»,- իր միջնորդությունն այսպես հիմնավորեց Ն.Փաշինյանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջելով իր քրեական գործի դատավարությունից հեռացնել Կ.Փիլոյանին:
Փիլոյանն ընդդիմացավ այդ միջնորդությանը` ասելով, թե հակառակը, երբ ինքը ընտրությունների ժամանակ արագ արձագանքման աշխատանքային խմբում էր, խմբի աշխատանքների նկատմամբ գոհունակություն են հայտնել եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը: Իսկապե՞ս ընդդիմությունը գոհ է եղել Փիլոյանի ու նրա խմբի աշխատանքից: «Դա հավանաբար պետք է հարցնել Արթուր Բաղդասարյանին: Փետրվարի 19-ին Ա.Բաղդասարյանը դեռ իշխանության համար ընդդիմության պիտակ ուներ»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Դատավորը, բնականաբար, մերժեց Փիլոյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, որ առաջին նիստի ժամանակ էլ պաշտպանական կողմը Մ.Մարտիրոսյանին էր ներկայացրել ինքնաբացարկի միջնորդություն, որը նույնպես մերժվել էր: Իսկ ընդհանրապես Ն.Փաշինյանի դատավարությունը շատ նման է Մարտի 1-ի գործով բոլոր քաղբանտարկյալների, հատկապես հայտնի «7-ի գործով» դատավարությանը: Նույնն է դահլիճը, նույնն են մեղադրողները, դատական նիստն ընթանում է գրեթե նույն սցենարով: Կրկին դահլիճի նստատեղերի մեծ մասը զբաղեցրել էին ինչ-որ անհասկանալի սեւազգեստ երիտասարդներ: Կար նաեւ տուժող` ոստիկան Վազգեն Դաբաղյանը, որին իբր թե մարմնական վնասվածք է պատճառել Ն.Փաշինյանը, երբ 2007թ. հոկտեմբերի 23-ին մի խումբ ընդդիմադիր գործիչների հետ միասին հանրությանն իրազեկում էր հանրահավաքի մասին: Նույնն է նաեւ դատավոր Մ.Մարտիրոսյանը, ով այս անգամ պարզապես կարծես փոքր-ինչ նիհարել էր: Փոխարենը՝ նա այս անգամ համեմատաբար հանդուրժող էր, երբեմն ժպտում էր: Դատավորի այս կեցվածքը հավանաբար պայմանավորված էր Ն.Փաշինյանի կեցվածքով: Նա, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, Մ.Մարտիրոսյանի ներս մտնելու ժամանակ ոտքի է կանգնում: Դատավորն էլ Ն.Փաշինյանին դիմում էր անուն-ազգանունով եւ ոչ թե «ամբաստանյալ» տերմինով: Ինչեւէ:
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց նաեւ քրեական գործը կարճելու մասին: Դա եւս մերժվեց: Փաստաբանները դատավորից 10 րոպե ընդմիջում խնդրեցին իրենց հետագա քայլերը Ն.Փաշինյանի հետ համաձայնեցնելու համար: Մ.Մարտիրոսյանն ընդմիջում հայտարարեց, բայց` առանց Ն.Փաշինյանի հետ առանձին զրուցելու հնարավորություն տալու: Երբ ընդմիջումից հետո պաշտպանները դժգոհեցին, թե այդ 10 րոպեներն իրենց պետք չէին, որովհետեւ նրանք չեն կարողացել խորհրդակցել իրենց պաշտպանյալի հետ, դատավորը դատը հետաձգեց 1 օրով: Հիշեցնենք, որ առաջին նիստը հետաձգվեց այս նույն պատճառով, որովհետեւ պաշտպանները Ն.Փաշինյանի հետ առանձին խորհրդակցելու ժամանակ էին խնդրել: «Խնդրեմ, ձեր պաշտպանյալի հետ առանձնատեսակցություն ունեցեք «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի համապատասխան սենյակում»,- ասաց դատավորը:
Սակայն պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, թե ինքը տեղեկություններ ունի, որ քրեակատարողական հիմնարկի այդ տեսակցության սենյակում կալանավորների հետ խոսակցությունները ձայնագրվում են, եւ գաղտնիությունը երաշխավորված չէ: «Դիտորդները նույնիսկ առաջարկել են, որ Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկն ընդհանրապես այդ շենքում չլինի, որովհետեւ անհնար է այդտեղ ապահովել առանձնատեսակցությունները: Նկատի են ունեցել այն հանգամանքը, որ քրեական գործերից մեկով քննիչը միջնորդել էր քրեակատարողական հիմնարկին, որպեսզի իրեն տրամադրի բանտարկյալներից մեկի ու պաշտպանի հետ առանձնատեսակցության սենյակում կատարված ձայնագրառումը: Ընդ որում դիմել էր գրավոր տեսքով, ինչն էլ հիմնավորում է, որ տեսակցությունը ձայնագրվել է»,- ասում է Լ.Սահակյանը:
«Չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը, թե ինչո՞ւ է դատական նիստը հետաձգվում 1 օրով, եթե կարող էր՝ ընդամենը 10 րոպե ընդմիջում տրվեր եւ շարունակվեր: Այո, մենք երեկ տեսակցել ենք մեր պաշտպանյալի հետ, բայց լուրջ կասկածներ ունենք, որ ձայնագրվում է առանձնատեսակցության սենյակը: Այսինքն՝ իրականում առանձնատեսակցություն չի լինում: Ձեւականորեն համարվում է, որ մենք առանձնատեսակցության անսահմանափակ հնարավորություն ունենք Ն.Փաշինյանի հետ, բայց իրականում դա այդպես չէ: Այսօր էլ ստիպված փորձելու ենք այնտեղ հանդիպել»,- ավելացրեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ն.Փաշինյանը Մարտի 1-ի գործով շատ քաղբանտարկյալների նման մեղադրվում է ՔՕ 225-րդ` «զանգվածային անկարգություն», եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով: Երկրորդ մեղադրանքը, ինչպես վերը նշեցինք, վերաբերում է 2007թ. հոկտեմբերի 23-ի իրազեկման միջոցառմանը, որի ժամանակ Ն.Փաշինյանը իբր մարմնական վնասվածք է հասցրել Վ.Դաբաղյանին: Քր.օր-ի 225-րդ հոդվածով էլ մեղադրվում է, որովհետեւ մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում: Ավելացնենք, որ դատական նիստին ներկա էին Ն.Փաշինյանի հարազատները, ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները: Իսկ դատարանից դուրս պաստառներով քաղբանտարկյալին իրենց աջակցությունն էին եկել հայտնելու բազմաթիվ քաղաքական գործիչներ ու համակիրներ: Այս անգամ չկային «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ովքեր ներկա էին լինում Մարտի 1-ի գործով գրեթե բոլոր դատական նիստերին: Փոխարենը եկել էր այդ կուսակցությունից հեռացված անդամ Զոյա Թադեւոսյանը: Ն.Փաշինյանի դատին եկել էր նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ով, ինչպես մյուս քաղբանտարկյալների գործերում, այս դեպքում էլ արդարադատություն չի ակնկալում: «Մարտի 1-ից հետո բոլորս տեսանք, թե ինչպես շինծու գործեր հարուցելով` փորձեցին ամեն ինչ բարդել ընդդիմության վրա: Սա էլ այդ շղթայի մի գործ է: Արդարադատության ակնկալիք, ցավոք, չունեմ»,- ասաց ՀԺԿ ղեկավարը:
Դատական նիստը կշարունակվի այսօր, ժամը 12-ին: