Թուրքիան մտնում է բանակցային գործընթաց

21/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ո՛չ Հայաստանը, ո՛չ որեւէ այլ երկիր չի կարող համարձակվել պահանջ ներկայացնել Թուրքիայի տարածքների վերաբերյալ: Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երաշխավորում են դա»: «Տարածաշրջանում ներկայումս առկա ստատուս-քվոյի պատճառով Ադրբեջանի հողերն, արդեն 17 տարի է, օկուպացված են: Մյուս կողմից, Հայաստանը տարեցտարի ավելի աղքատ է դառնում, բնակչությունն էլ լքում է երկիրը»: «Թուրքիան մշտապես պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ չկա աշխարհում որեւէ այլ պետություն, որ այդչափ աջակցի Ադրբեջանին: Ղարաբաղյան հարցի կարգավորումը մշտապես եղել է Թուրքիայի գերակայություններից մեկը»: Շատ մեղմ ասած, ոչ հայանպաստ այս բոլոր հայտարարություններն արել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` Թուրքիայի խորհրդարանում երեքշաբթի օրը հայ-թուրքական արձանագրությունների ներկայացման ժամանակ հնչեցրած պարզաբանումներ անելիս: Նշենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստ, որից հետո այդ կառույցը հանդես է եկել հայտարարությամբ: «Այս տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրված թուրք-հայկական արձանագրությունների լույսի ներքո քննարկվել են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման փորձերը, հատկապես Լեռնային Ղարաբաղինը: Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել` տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, համագործակցություն եւ վստահություն հաստատելու համար»,- նշված է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Հատկապես ուշագրավ է վերջին հայտարարությունը, քանի որ կարծես թե Թուրքիան արդեն գաղտնազերծում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը մասնակից լինելու իր մտադրությունը, կամ արդեն քայլ է անում այդ ուղղությամբ: Ընդ որում, Թուրքիան նման քայլ նախ փորձեց անել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունները ստորագրելուց հետո նախատեսված հայտարարությունների ժամանակ, բայց դա կանխվեց: Երկրի ներսում արդեն ոչինչ չէր խանգարում, որ թուրք պաշտոնյաներն Անվտանգության խորհրդի նիստի մակարդակով բարձրաձայնեն իրենց մտադրությունը: Ամեն դեպքում, ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքական ուժերը Թուրքիայի այս ագրեսիվ կեցվածքի մասին: ՀՀ իշխանությունը նորի՞ց հերքում է, որ այդ երկիրն արդեն մուտք է գործել ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթաց: «Մենք մշտապես դեմ ենք եղել Թուրքիայի միջնորդությանը ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտին: Այս կոնֆլիկտը, ի հեճուկս Ադրբեջանի, քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ձեւաչափով: Նախագահ Սարգսյանը շատ հստակ ասել է, որ մենք կողմնակից ենք Մինսկի խմբում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ երկրորդը` Թուրքիան մշտապես ԼՂՀ կոնֆլիկտի սկզբից ունեցել է կանխակալ մոտեցում, պաշտպանել են ադրբեջանական կողմին, միակողմանի մոտեցում են ցուցաբերել խնդրին: Այս առումով անհեթեթություն է Թուրքիայի մուտքը բանակցությունների գործընթաց: Դա մեր իշխանությունների դիրքորոշումն է: ԼՂՀ հակամարտությունը կարգավորվում է Մինսկի խմբի շրջանակում: Թուրքիան տարածաշրջանային երկիր է եւ շատ բան կարող է ուզել»,- ասաց ՀՀԿ մամուլի պատասխանատու, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Իսկ Թուրքիայի բազմաթիվ պաշտոնյաների ամենօրյա հայտարարությունները, թե մինչեւ ԼՂՀ հարցում առաջընթաց չգրանցվի, արձանագրությունները չեն վավերացնի, պատգամավորը պարզապես համարում է ներքին լարվածությունը մեղմող քայլեր: «Ես կկամենայի, որ իշխանության ներկայացուցիչներն անհեթեթ մեկնաբանությունների փոխարեն պարզապես համարժեք պատասխան տան Թուրքիայի պաշտոնյաների նման հայտարարություններին: Պաշտոնական Երեւանը ուժ չի գտնում` նման սադրիչ հայտարարություններից հետո տեղը դնել թուրքերին: Միգուցե նրանք հասկացել են, որ արձանագրությունների այդ խայտառակ դրույթներն են թույլ տվել Թուրքիային այսօր այսպիսի ինքնավստահ կեցվածք ընդունել եւ ոտնահարել բոլոր պայմանավորվածությունները»,- հակադարձում է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Իսկ խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ Թուրքիան արդեն ազդեցություն ունի ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով՝ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ ցանկանում է ԼՂՀ հարցում ուղղակի միջնորդ լինել եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը պայմանավորել այդ խնդրի կարգավորմամբ: «Իրենց Ազգային անվտանգության խորհրդի քննարկումը եւ համապատասխան եզրակացությունը, ինչպես նաեւ իրենց խորհրդարանում այսօր Դավութօղլուի ներկայացումը դա են հաստատում: Մնում է, որ մեր իշխանություններն այլեւս տեսնեն այս փաստը եւ չփորձեն ասել, թե նախապայման չկա: Պարզ է, որ ՀՀ-ն չի համաձայնել դրան, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան իր տեսակետը փոխել է: Եվ ուրեմն, եթե Թուրքիան իր տեսակետը չի փոխել, պարզ է, որ անընդհատ փորձելու է իր այդ նպատակն իրագործել»,- ասում է դաշնակցական գործիչը:

Կ.Մանոյանի կարծիքով՝ Թուրքիան իր ստանալիքը ստացել է այս արձանագրություններից` աշխարհին ցույց է տվել, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ինչ-որ գործընթացի մեջ է, եւ այդպիսով խոչընդոտել է ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Նրա կարծիքով՝ Հայաստանն իրականում դեռ ոչ մի առաջընթաց չունի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մանոյանի խոսքերով՝ այդ երկիրը փորձում է ճնշում բանեցնել Հայաստանի նկատմամբ: «Թուրքիան դա անընդհատ փորձելու է: Եվ դա փորձելու է, որովհետեւ հակառակ Թուրքիայի կողմից հայտարարված այս նախապայմանին՝ Հայաստանը մնում է այս գործընթացի մեջ: Այստեղ է, որ ՀՀ-ն պատասխանատվություն ունի, եւ այստեղ է, որ պետք է ասի, թե Թուրքիան խաղի ընթացքում փոխել է խաղի կանոնները եւ, ուրեմն, տապալել այդ գործընթացը»,- ասում է Կ.Մանոյանը:

«Ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան միջամտելու է ԼՂՀ հարցի կարգավորմանը: Ադրբեջանի շահն իրենց համար առավելագույն շահերի մեջ է մտնում: Մեր կողմից բազմիցս բարձրացրած այն հարցը, որ սա անմիջական կապ ունի ԼՂՀ հակամարտության հետ եւ նախապայմաններից մեկն է, արդեն գործնական տեսք է ստանում, որովհետեւ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այն մարմինը չէ, որ հայտարարություն է անում ներքին սպառման համար: Այն մարմինն է, որը կոնկրետ գործողություններ է անում թուրքական պետական շահը պաշտպանելու ուղղությամբ»,- սա էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի տեսակետն է:

Ավելի արմատական է Վ.Կարապետյանի տեսակետը. նա գտնում է, որ Թուրքիան նախաձեռնելով արձանագրությունների ստորագրման ու վավերացման գործընթացը` հիմնական նպատակ է ունեցել ներգրավվել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում: «Այդ փաստաթղթերը ես անվանել եմ թուրքական արձանագրություններ, որովհետեւ որեւէ օգուտ չեն պարունակում հայկական կողմի համար: Նախ` արդեն ամեն օր հնչող հայտարարությունները, թե սահմանը չի բացվի մինչեւ ԼՂՀ հակամարտությունը չկարգավորվի, երկրորդը` Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հետ իրենց հանդիպումներում եւ հեռախոսազրույցներում առաջին հերթին արծարծում են ԼՂՀ հակամարտությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ առհասարակ համերաշխության վերաբերյալ հայտարարությունը: Այսինքն՝ Թուրքիան խոսում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, կարգավորման մասին ոչ թե որպես նպատակ, այլ առաջ է քաշում ի նպաստ Ադրբեջանի ԼՂՀ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը»,- ասում է ՀԱԿ ներկայացուցիչը:

Մեր զրուցակիցները տարբեր կարծիքներ ունեն նաեւ Թուրքիայի խորհրդարանի կողմից ստորագրված արձանագրությունները վավերացնելու հարցում: Է.Շարմազանովը գտնում է, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները: Ա.Մարտիրոսյանը միանշանակ է համարում վավերացումը. «Այն նախապայմանները, որոնք եղել են ՀՀ-ի նկատմամբ անկախությունից ի վեր, այս արձանագրության մեջ թուրքերն իրականացրած են տեսնում: Միակ խնդիրը ԼՂՀ-ն է, որը ոչ թե բառացի է արտացոլված, այլ ներառված է ասոցիացված կերպով: Այնպես որ, արձանագրությունները վավերացվելու են»:

«Սահմանի բացման վերաբերող փաստաթուղթը չի վավերացվելու, եւ Թուրքիան պետք է փորձ անի օգտվել այս իրավիճակից, որպեսզի ԼՂՀ հարցում իրենց ցանկացած առաջընթացն ապահովելու համար ազդի համանախագահների վրա, լրացուցիչ ճնշում գործադրի կողմերի, առաջին հերթին՝ ՀՀ-ի վրա»,- կարծում է ՀՅԴ ներկայացուցիչը:

Գրեթե նույն կարծիքին է Վ.Կարապետյանը: «Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ թեեւ ինքը խորհրդարանում մեծամասնության ղեկավարն է, իր պատասխանատվությունը հարցը մինչեւ խորհրդարան հասցնելն է: Դրանից հետո ունենալու են գաղտնի քվեարկություն: Այսինքն՝ ամբողջությամբ փորձելու են վավերացման գործընթացն օգտագործել ինչ-որ ձեւով անորոշություն, ինչ-որ չափով ճնշում բանեցնելու ՀՀ-ի վրա, որպեսզի ԼՂՀ-ի համար ավելի արագ կարգավորվի»,- ասում է Վ.Կարապետյանը: