Yahoo! ճգնաժամը խնդիր չէ
«Yahoo!» կորպորացիայի շահույթը 2009թ. երրորդ եռամսյակում կազմել է 186.1 միլիոն դոլար։ Դա երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. ընկերության շահույթը այդ ժամանակ կազմել էր 54.3 միլիոն դոլար։ Շահույթի մեծացման համար ընկերությունը պարտական է նոր ղեկավարին՝ Քերոլ Բարցին։ Այս տիկնոջ նախաձեռնությամբ «Yahoo!»-ում վերակազմավորման լայնամասշտաբ գործընթաց սկսվեց։ Արդյունքում՝ կրճատվեցին ծախսերի բոլոր տեսակները՝ ինչպես վաճառքի եւ մարկետինգի ստորաբաժանումներում, այնպես էլ՝ նոր արտադրանքի նախագծմամբ զբաղվող բաժիններում։ Ընկերությունը, բացի այդ, թուլացրեց աշխատակազմի համալրման տեմպերը եւ սկսեց միջոցներ խնայել թրաֆիկի եւ սարքավորումների վրա։
Հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում «Yahoo!»-ի հասույթը (որը գոյանում է մեծ մասամբ գովազդից) կրճատվել է 12 տոկոսով։ Այսպիսով, կարելի է ասել, որ ծախսերի կրճատման շնորհիվ հաջողվել է փոխհատուցել ճգնաժամի հետեւանքով գովազդի վաճառքի ծավալների անկումը։ Զարմանալի չէ, որ եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո «Yahoo!»-ի բաժնետոմսերի գինը ֆոնդային բորսայում աճել է 5%-ով՝ հասնելով տարեկան մաքսիմումին։
Նշենք, որ «Yahoo!»-ի բաժնետոմսերի գինը կտրուկ ընկավ 2008թ., երբ ձախողվեց «Microsoft» կորպորացիայի հետ կնքվելիք գործարքը։ «Microsoft»-ը պատրաստ էր «Yahoo!»-ի համար վճարել ավելի քան 40 միլիարդ դոլար, սակայն դա տեղի չունեցավ։ Երկու հսկաներին, սակայն, հաջողվել է մեկ այլ համաձայնություն կնքել, որը թույլատրում է Microsoft Bing փնտրման համակարգի օգտագործումը Yahoo-ում։ Ամերիկյան շուկայի խոշորագույն գովազդատուներն արդեն իսկ հավանության են արժանացրել այդ գործարքը եւ խնդրել են ԱՄՆ Արդարադատության նախարարությանը՝ որքան հնարավոր է շուտ վավերացնել այն։
IT ոլորտը տուժել է
Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ըստ ամենայնի, ամենից շատն է տուժել համաշխարհային ճգնաժամից։ «Russia Vertical Markets 2009-2013 Forecast» կոչվող հաշվետվության մեջ նշվում է, որ ռուսաստանյան IT ոլորտը այս տարվա վերջում 45.7 տոկոսով կկրճատվի՝ նախորդ տարվա համեմատ։ Նշենք, որ հաշվետվությունը պատրաստել են IDC-ի փորձագետները։
IT բաժանմունքներն ամենից շատ կտուժեն արտադրության, առեւտրի, շինարարության եւ ֆինանսների ոլորտներում։ Այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով բյուջեները արդեն իսկ զգալիորեն կրճատվել են, իսկ միջոցների մեծ մասը հատկացվում է ընթացիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ ծախսերին։ Ընկերությունները կրճատել են սերվերների գնումները, ինչպես նաեւ՝ կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման եւ ցանցերի արդիականացման աշխատանքների ծավալները։
Հեռահաղորդակցության ոլորտում, սակայն, անկումը շատ մեծ չի լինի։ Բանն այն է, որ ենթակառուցվածքների պահպանման համար անհրաժեշտ են զգալի միջոցներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կրճատել։ Բացի այդ, այս ոլորտի ընկերությունները իրականացնում են լայնամասշտաբ ինովացիոն նախագծեր։
Սակայն ապագան այնքան տխուր չէ, որքան ներկան։ Փորձագետների կարծիքով, ռուսաստանյան IT ոլորտը առաջիկա 5 տարիների ընթացքում դանդաղ աճ կարձանագրի՝ տարեկան միջինը 1.1%-ի սահմաններում։ IDC-ի գնահատմամբ, 2013թ. այս շուկայի ծավալը կկազմի 25.9 միլիարդ դոլար։
Կրճատումներ Sun Microsystems-ում
CNN-ի փոխանցմամբ, Sun Microsystems ընկերությունը 2010թ. ընթացքում կկրճատի 3 հազար աշխատակիցների, ինչը կազմում է ընդհանուր աշխատողների թվի մոտ 10 տոկոսը։
Կրճատումները, նախնական հաշվարկներով, Sun Microsystems-ին կարժենան 75-125 միլիոն դոլար, որը ծախսվելու է պայմանագրերի խզման համար վճարվող փոխհատուցումների վրա։ Ազատումները լայն աշխարհագրություն կունենան եւ կազդեն Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում տեղակայված մասնաճյուղերի վրա։ Ընկերության ղեկավարությունն իր քայլերը հիմնավորել է նրանով, որ Եվրամիության հակամենաշնորհային մարմինները դեռ թույլ չեն տվել իրականացնել Oracle ընկերության հետ միաձուլման գործարքը։ Նշենք, որ Sun Microsystems-ը եւ Oracle-ը դեռ 2009-ի ապրիլին համաձայնության էին եկել, համաձայն որի՝ Oracle-ը պետք է 5.6 միլիարդ դոլարով ձեռք բերեր Sun Microsystems-ը։ 2008-ի նոյեմբերից Sun Microsystems-ը արդեն մի քանի անգամ կրճատումներ է իրականացրել՝ ծախսերը օպտիմալացնելու նպատակով։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում ընկերությունում աշխատանքից ազատվել են շուրջ 6000 հոգի։ Sun Microsystems-ը սերվերների եւ աշխատանքային կայանների՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Բացի այդ, ընկերությունը հայտնի է Java պլատֆորմի մշակմամբ, մի շարք օպերացիոն համակարգերով, ինչպես նաեւ՝ OpenOffice.org նախագծում իր մասնակցությամբ։
«Business Week»-ը՝ առանց խմբագրի
«Business Week» ամսագրի գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը հայտարարել է, որ մինչեւ այս տարվա վերջը կթողնի իր պաշտոնը։ Հրատարակչության կոլեկտիվին ուղղված համապատասխան ուղերձը նա տեղադրել է ամսագրի կայքէջում։ Հիշեցնենք, որ «Business Week»-ը ֆինանսական դժվարությունների պատճառով վաճառքի հանվեց, եւ ձեռք բերվեց Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին պատկանող «Bloomberg» գործակալության կողմից։ Ադլերը նշել է, որ գոհ է մնացել նոր սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքից։ Նրա խոսքերով, իրենց հաջողվել է համաձայնության գալ, որը երաշխավորում է աշխատակիցների արժանապատիվ վարձատրությունը «ցանկացած պարագայում»։ Նախկինում նշվում էր նաեւ, որ կողմերը քննարկում են լրագրողների ազատման դեպքում փոխհատուցումների տրամադրման մեխազմները։ Հետաքրքիրն այն է, որ այս դրական հիշատակումների հետ մեկտեղ՝ Ադլերն իր հրաժարականը հիմնավորել է հենց սեփականատիրոջ փոփոխության փաստով։ Նշենք, որ նա զբաղեցնում է «Business Week»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը 2004 թվականի վերջից։ Մինչ այդ աշխատում էր որպես «The Wall Street Journal»-ի փոխխմբագիր։ Ադլերն իր ուղերձում նաեւ նշել է, որ իր պաշտոնավարման օրոք «Business Week»-ը ստացել է 100-ից ավելի լրագրողական մրցանակներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է նման ուղղվածություն ունեցող ամսագրերի համար։ Թե ով կզբաղեցնի Ադլերի տեղը, առայժմ հայտնի չէ։
Ռուսական բանկիրները դժգոհ չեն
Ռուսաստանի խոշորագույն բանկերի ղեկավար աշխատողների աշխատավարձերը այս տարվա երրորդ եռամսյակում վերադարձել են մինչճգնաժամյա մակարդակին։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։
20 ամենախոշոր բանկերից 8-ը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ գումարներ են ծախսել աշխատավարձերի գծով (ներառյալ բոնուսներն ու փոխհատուցումները), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Դրանց թվին են պատկանում «Յունիկրեդիտ» «Տրանսկրեդիտբանկ», «Պրոմսվյազբանկ», «Ռայֆֆայզենբանկ» եւ «Ռոսսելխոզբանկ» բանկերը։ Աշխատավարձերի գծով ծախսերի կրճատում արձանագրել են միայն «ԿԻՏ ֆինանս» (56.5%), «Ակ Բարս» (23.2%) բանկերը եւ Մոսկվայի բանկը (19.7%)։ ՎՏԲ եւ Խնայբանկի, ինչպես նաեւ Ռուսաստանի վարկային կազմակերպությունների երրորդ եռամսյակի հաշվետվությունները դեռ չեն հրապարակվել։
Նշենք, որ ճգնաժամի մեկնարկից ի վեր ռուսաստանյան բանկերը ակտիվորեն կրճատում են ծախսերը (ներառյալ՝ աշխատավարձի գծով)՝ շատ հաճախ կրճատելով աշխատակիցների ավելի մեծ թվաքանակ, քան իրականում անհրաժեշտ էր։ Ընդ որում, զգալիորեն կրճատվում էր նաեւ աշխատանքը պահպանած մարդկանց վարձատրության չափը։ Ամենամեծ կրճատումը արձանագրվել է այս տարվա առաջին եռամսյակում՝ 3 անգամ։
Կարծիքներ են հնչում նաեւ, որ ռուսական որոշ բանկերում այժմ աճում են միայն թոփ-մենեջերների աշխատավարձերը, իսկ մնացած աշխատակիցներինը՝ հակառակը, գնալով նվազում են։ «Կոմերսանտը» գրում է, որ բանկերը կարծես փոխհատուցում են նախորդ ամիսներին թոփ-մենեջերներին չվճարված բոնուսները՝ շարքային աշխատակիցների հաշվին։
Իսկ «Վեդոմոստի» թերթը օգոստոսին գրել էր, որ 2009թ. երկրորդ եռամսյակում բանկերն ընդհանուր առմամբ 10%-ով կրճատել էին աշխատավարձի գծով վճարումները, սակայն ներդրումային բանկերն այժմ սկսել են վերադառնալ մինչճգնաժամյա մակարդակին՝ «ուղեղների արտահոսքից» խուսափելու համար։
Ի դեպ, նույն գործընթացը տեղի է ունենում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ «The Wall Street Journal»-ը, հղում անելով վերլուծաբանների կանխատեսումներին, վերջերս կարծիք է հայտնել, որ արդեն այս տարի ԱՄՆ խոշորագույն բանկերի թոփ-մենեջերները կստանան այնքան աշխատավարձ, որքան ստանում էին մինչեւ ճգնաժամը։
Հրաժեշտ ճգնաժամի՞ն
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմամբ, երկրի տնտեսությունը այս տարվա վերջին եռամսյակում 3-4 տոկոսով կգերազանցի երրորդ եռամսյակի ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է Տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։
Վերջինիս խոսքերով, դա թույլ կտա տարին փակել ՀՆԱ-ի համեմատաբար թույլ՝ 8.5%-անոց կրճատումով։ Սեպտեմբերի ՀՆԱ-ն 0.5 տոկոսով ավելի է եղել օգոստոսի ՀՆԱ-ից, իսկ եռամսյակային առումով՝ երրորդ եռամսյակը 0.6 տոկոսով գերազանցել է երկրորդի ցուցանիշը։ Այդ դրական միտումները թույլ են տվել ՌԴ Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին՝ հայտարարելու, որ Ռուսաստանը դուրս է գալիս ռեցեսիայի փուլից։ Սակայն ռեցեսիայի ավարտի մասին համոզված հնարավոր կլինի խոսել միայն 2010թ., երբ պաշտոնական վիճակագրությունը կամփոփի այս տարվա մակրոտնտեսական ցուցանիշները։
Կլեպաչը նաեւ կարծիք է հայտնել, որ 2010 թ. սկզբում հնարավոր է՝ արձանագրվի տնտեսական աճի որոշակի դադար, սակայն, ամենայն հավանականությամբ, տարին կավարտվի 2 տոկոս կամ ավելի տնտեսական աճով։ Իսկ մինչճգնաժամային մակարդակին, ըստ պաշտոնական կանխատեսումների, Ռուսաստանի ՀՆԱ-ն կհավասարվի 2012 թվականին։ Էկոնոմիկայի նախարարության մասնագետների կարծիքով, հաջորդ տարի երկրի տնտեսությունը կաճի 1.6%-ով։ Նա նաեւ հայտարարել է, որ եթե 2011-2012թթ. նավթի գները պահպանեն ներկայիս մակարդակը, դա տնտեսական աճի պաշտոնական կանխատեսմանը կավելացնի լրացուցիչ 0.5-0.8 տոկոսային կետ։ Նշենք, որ ներկայումս համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի գինը կազմում է 75-80 դոլար։
Ճգնաժամն ու Իրանը
Պարզվում է՝ աշխարհի ամենազարգացած երկրներին ծնկի բերած համաշխարհային ճգնաժամը ոչ միայն չի խանգարել, այլեւ նպաստել է Իրանի տնտեսական աճին։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նա ասել է, թե 2014թ. Իրանի ոչ նավթային արտահանումը կկազմի 50 միլիարդ դոլար, ներկայիս 23 միլիարդի դիմաց: Իսկ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերը նաեւ որակել է՝ որպես «թղթի կտոր»: