Համոզել է

21/10/2009

«Ադրբեջանի օկուպացված տարածքները նաեւ մեր հողերն են»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քլդըժը։

Նա Ադրբեջանի հասարակությանը կոչ է արել հավատալ Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի այն խոսքերին, որ Անկարան չի բացի հայ-թուրքական սահմանն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական «օկուպացված տարածքները չեն ազատագրվել»: «Խնդրում եմ, հավատացեք դրան: Մենք մի անգամ չէ, որ հայտարարում ենք այդ մասին: Դրանք մեր պապերի հողերն են: Մենք մի ամբողջություն ենք կազմում: Հնարավորություն մի տվեք նրանց, ովքեր ուզում են մեր մեջ սեպ խրել: Հավատացե՛ք Թուրքիային: Թուրքական ազգը միշտ Ադրբեջանի կողքին է: Եվ դուք դրանում կհամոզվեք Ազգային մեծ ժողովում»,- հայտարարել է նա` շեշտելով, թե Թուրքիան չի անի այնպիսի քայլեր, որոնք չի ուզում Ադրբեջանը: «Սահմանները չեն բացվի առանց Ադրբեջանի ցանկության: Մենք սահմանները փակել ենք այդ տարածքների համար եւ առանց դրանց ազատագրման` չենք բացի: Այդ մասին գիտի ողջ աշխարհը: Թուրքիան, ստորագրելով այդ արձանագրությունները, համապատասխան քայլեր էլ է ձեռնարկել: Մենք խաղաղություն ենք ուզում ողջ Կովկասում: Ուզում ենք, որ ոչ մի փակ դուռ չմնա, որ յուրաքանչյուրը զարգացումներից օգուտ ստանա»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։