«Նաբուկո» նախագիծը իր արհեստականությամբ հիշեցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը»,- «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` ավելացնելով, որ «Նաբուկոն», տարբեր պատճառներով, չափազանց դժվար իրականանալի նախագիծ է: «Ամենագլխավորն այն է, որ այդ նախագծին խանգարում են ֆինանսական դժվարությունները, եւ երկրորդ` առանց այդ նախագծում Իրանի մասնակցության, այն ուղղակի անարդյունավետ կդառնա: Բայց հատկանշական է, որ «Նաբուկոյի» նոր քարտեզում, որը գծվել է ԱՄՆ-ում, նախագծում ընդգրկված է նաեւ Հայաստանը, եւ դա, իհարկե, կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»,- ասել է փորձագետը: Մյուս կողմից, ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը լրացուցիչ խոչընդոտ է դարձել այդ նախագծի իրականացման համար: «Բաքուն, Անկարայի ու Երեւանի նկատմամբ իր խանդի պատճառով, ըստ էության, հրաժարվում է իր գազը մղել Թուրքիայի տարածքով, եւ ես հակված չեմ մտածել, որ այդ երկրներին կհաջողվի հեշտությամբ հաղթահարել քաղաքական տարաձայնությունները»,- ասել է Ռ. Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Եվրամիության ներկայացուցիչ Ֆերան Տարանդելաս Էսպունին նախօրեին կոչ էր արել Թուրքիային ու Ադրբեջանին` չխառնել քաղաքականությունը էներգետիկ հարցերի հետ, այլապես կստացվի «զարհուրելի կոկտեյլ»: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի ցանկությունը` դառնալ Եվրոպայի էներգետիկ մատակարարը, իսկ Թուրքիայի ցանկությունը՝ ադրբեջանական նավթը հասցնել Եվրոպա, պետք է գերիշխեն քաղաքական հավակնություններին»,- երեկ հայտարարել է Ռ. Կիրակոսյանը: Նրա խոսքով, քաղաքականությունը էներգետիկայից պետք է անջատել ցանկացած պարագայում, քանի որ Ղարաբաղի հետ կամ առանց նրա, հայ-թուրքական կարգավորված հարաբերություններով կամ առանց դրա, Ադրբեջանը շատ հետաքրքիր է Եվրոպայի համար` որպես գազի մատակարար, իսկ Թուրքիան` որպես տարանցիկ երկիր:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» գազամուղը նախատեսում է գազը Ադրբեջանից Թուրքիայով հասցնել Եվրոպա, սակայն հայ-թուրքական հարաբերությունները եւ արձանագրությունների ստորագրումը բացասական արձագանք են առաջացրել Բաքվում: