Ուրացողների դեմ

21/10/2009

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ-ին է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ` ամրագրելով. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը պատժվում է տուգանքով կամ 3-5 տարվա ազատազրկմամբ»: Գործող Քրեական օրենսգրքի 397 պրիմ 1 հոդվածը սահմանում է Ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն դաշնակցականներն անհրաժեշտ են համարում Հայոց ցեղասպանության նկատմամբ հատուկ մոտեցման ամրագրումը` հիմնավորելով, որ «դա որեւէ մեկի կողմից որեւէ ձեւաչափով չպետք է քննարկվի»: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի ցանկացել օրինագծի շրջանառության մեջ դնելը պայմանավորել միայն հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումներով` միաժամանակ նշելով. «Այս նախաձեռնությունը եւս մի հնարավորություն է` վստահ ասելու, որ անկախ այն բանից` այս արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՞ ոչ, գործողության մեջ կդրվե՞ն, թե՞ ոչ, Հայաստանի Հանրապետությունը տեր է միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին եւ իր երկրի օրենսդրությամբ պատժելի արարք է համարելու ցանկացած անձի այն վարքագիծը, որն ուղղված է Հայոց ցեղասպանությունը որեւէ կերպ ուրանալուն»: Ըստ Արծվիկ Մինասյանի, օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ օտարերկրացիների համար: Հարցին` արդյո՞ք սա ստեղծվելիք հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի փորձագետների վրա ճնշում գործադրելու քայլ չէ` Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող քննարկումները բացառելու համար, Մինասյանը պատասխանել է. «Այս փոփոխության նպատակը ոչ թե հիմնականում հայ պաշտոնյաների նկատմամբ ինչ-որ կանխարգելիչ քայլեր անելն է, այլ գերազանցապես այն, որ որեւէ ձեւով այսպիսի հարց չի կարող քննարկման առարկա լինել որեւէ մեկի կողմից»: Նշենք, որ օրինագիծը խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի վերջին: Հիշեցնենք նաեւ, որ անցած շաբաթ նման առաջարկով հանդես էր եկել նաեւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: