Մի քանի տարի առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսական շրջանակներում Հայաստանին «Կովկասյան վագր» են անվանում: Պատճառն այն էր, որ մեր իշխանությունները սիրահարվել էին իրենց իսկ վարած տնտեսական քաղաքականությանը: Ու սիրահարվածին բնորոշ անտրամաբանական վարքով տարիներ շարունակ տնտեսական աճ էին արձանագրում: Երկնիշ տնտեսական աճ: Մամուլը նախկին արտգործնախարարի ասածը մեջբերում էր տարիներ շարունակ: Ոչ իշխանամետ մամուլի համար այն պամֆլետի մշտական թեմա էր: Իսկ իշխանամետ մամուլի համար` լուրջ վերլուծությունների: Բայց հիմա շատ բան է փոխվել: Հիմա արդեն իշխանամետ մամուլը նախկին արտգործնախարարի ասածները լուրջ չի համարում: Ճակատագրի հեգնանքով մեր տնտեսությունը բնութագրող թվերը շարունակում են մնալ երկնիշ: Բայց արդեն բացասական տեսանկյունից: Պաշտոնական վիճակագրությունը մի գլուխ նվազում է արձանագրում: Անշեղորեն ու տարվա սկզբից: Այս տարվա սկզբից ու երկնիշ: Լավատեսները խորհուրդ էին տալիս սպասել մինչեւ աշուն: Նրանք կարծում էին, որ բերքահավաքի ամիսներին գյուղատնտեսությունը հնարավորություն կտա շտկել մակրոտնտեսական ցուցանիշները: Պաշտոնական վիճակագրությունը առատ բերք ու բարիք նկարելուց զատ՝ այս ամիսներին միշտ փրկության հնարավորություն է ստեղծում Կենտրոնական բանկի համար: (Այս պատկառելի մարմինը գնաճին հետեւելու պարտավորություն ունի): Բերքահավաքի բուն շրջանում գյուղմթերքների գինն ամենացածրն է: Դա իրական հնարավորություն է: Թե՛ գնանկում նկարելու, թե՛ հակառակորդների բերանին գալու համար: Գնանկման տեսանկյունից մեր վիճակագիրներին միշտ էլ հաջողվել ու հաջողվելու է ԿԲ ճակատը պարզ անել: Նրանք միշտ էլ կարողանում են իրական շուկայական գներից ցածր լոբի, կարտոֆիլ ու այլ սննդամթերքներ «գտնել»: Գտնում են ու գների նվազում արձանագրում: Ափսոս միայն, որ երբեք բնակչությանը չեն ասում, թե այդ որ շուկայում են այդքան ցածր գներով պտուղ-բանջարեղեն վաճառում: Բայց այս տարի ինչ-որ բան այն չէ։ Նախ՝ այս տարին գյուղատնտեսական առումով այն չէր` անձրեւների պատճառով բերքի մի մասը ոչնչացավ: Երկրորդ` տնտեսական ճգնաժամը որպես փաստարկ բերելով՝ վերամշակող ձեռնարկությունները կրճատեցին մթերման ծավալներն ու նվազեցրին դրանց գները: Գյուղատնտեսության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են: Կարճ ասած, նախկին երկնիշ աճի հիմքերից մնացել է միայն շինարարությունը: Այս ոլորտն էլ, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համեմատ կրկնակի կրճատվել է: Կրճատվել ու, փաստորեն, երկնիշ կրճատման հիմք է դարձել: Պաշտոնապես հայտարարվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ ՀՆԱ-ն կրճատվել է 18,3 տոկոսով: Առաջին կիսամյակում այս թվերը կանխատեսողներին իշխանությունները ամենամեղմ բնորոշմամբ հոռետես էին համարում: Իրենք իրենց իրատես համարող իշխանությունները բյուջեի թերակատարման հաշվետվություններ հրապարակելուն զուգահեռ՝ հայտարարեցին, որ բյուջեն չեն կրճատելու: Պարզապես որոշ ծախսեր տեղափոխում են վերջին եռամսյակ: Հիմա, երբ վերջին եռամսյակի շեմին պաշտոնապես ընդունվում է 18,3 տոկոսանոց անկումը, ակնհայտ է դառնում, որ այդ ծախսերն անկատար են մնալու: Նրանք, ովքեր իրենց չարակամության պատճառով ժամանակին չէին տեսնում երկնիշ տնտեսական աճը, հիմա կարող են համոզվել, որ սխալվել են: Սխալվել են՝ ենթադրելով, որ մենք արտադրական համակարգ չունենք: Չեղած բանը չէր կարող 11,4 (կրկին` երկնիշ) տոկոսով կրճատվել: Իր հերթին դա հանգեցրել է մեր արտահանման 42 տոկոսանոց նվազմանը: Ընդհանրապես արտաքին առեւտուրը սեպտեմբերի տվյալներով կրճատվել է մեկ/երրորդով: Տնտեսական այս անկումներն ինչ-որ պահից անակնկալ չեն մեր իշխանությունների համար: Մեր կառավարությունը երկու-երեք ամիս առաջ հայտարարեց, որ վատագույն կանխատեսումներով՝ հնարավոր է 20 տոկոսանոց անկում: Այսինքն` ամեն ինչ կանխատեսված հարթության մեջ է եւ խուճապի պատճառ չկա: Ավելին, եկող տարվա համար փոքր առաջընթացի կանխատեսումներ են արվում: Հայաստանում գործող միջազգային տնտեսական կառույցները չեն թաքցնում, որ աճի կանխատեսումների հիմքում Ռուսաստանի տնտեսական աճի հեռանկարն է: Հնարավոր հեռանկարը: Որն արդեն կոնկրետ ժամկետի հետ է կապվում` 2010թ. սկզբի: Եթե լավատեսական այս կանխատեսումն իրականանա՝ հայկական «տնտեսության» մեջ «առողջացման» միտումները նկատելի կդառնան եկող տարվա երկրորդ կեսից: Այդ պահից մեր կառավարությունը կթմբկահարի իր հակաճգնաժամային ծրագրի հաջողությունների մասին: Կթմբկահարի, ոչ մի բառ չասելով, որ ներքին աշխուժացումը մինչեւ վերջին թելը կապված է աշխատուժի արտահանման հետ, եւ որ մեր տնտեսության իրական հատվածը չափազանց փոքր է: Փոքր է ու թույլ այն աստիճան, որ կրճատումով կամ աճով ոչինչ չի փոխում բնակչության կենսամակարդակի տեսանկյունից: