«Ի՞նչ սահմաններ են ի վերջո բացվելու. մեր երկրի մի մասից թույլ են տալու մտնել մեր երկրի մյո՞ւս հատվածը»,- ԼՂՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է դերասան Սոս Սարգսյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար չի տեսնում: «Այլ խոսքով, սահմանը մեր երկրի մեջտեղում է եղել, եւ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Թուրքերը դեռեւս շատ հեռու են քաղաքակիրթ լինելուց, նրանց հետ դիվանագիտական կապերի ստեղծելը անհնարին է, նրանք շատերին կարող են խաբել: Նրանց հետ պետք է կարճ եւ կոնկրետ խոսել. ի՞նչ եք անում դուք այսօր մեր դեմ, ի՞նչ եք սովորեցնում ձեր դպրոցներում` ատել հայերին եւ անհանդուրժողաբա՞ր վերաբերվել նրանց: Ինչո՞ւ: Ինչո՞ւ եք սերնդեսերունդ փոխանցում երիտթուրքերի ատելությունը հայերի նկատմամբ: Կառուցելո՞ւ ենք նորմալ հարաբերություններ, թե՞ աշխարհի աչքին թոզ ենք փչելու»,- ասել է Ս. Սարգսյանը: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին` դերասանը ասել է, որ «արյունով գրավածը չի վերադարձվում, առավել եւս, որ այն մերն է»: «Արցախը մեր սրբությունն է, իսկ ղարաբաղյան պայքարը` համայն հայության հոգեւոր վերածնունդը»,- հայտարարել է Սոս Սարգսյանը։